Կոնտեքստը նույնը չէ

Կոնտեքստը նույնը չէ

Մնացականյան-Մամեդյարով առաջիկայում տեղի ունենալիք հանդիպումն ինչի՞ց է սկսվելու, եթե սեղանին փաստաթուղթ չկա՝ հարցրինք ԱԳ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Հանդիպումների մասին տրվում են հաղորդագրություններ»: Դրանք ոչ մի բանի մասին հաղորդագրություններ են։ «Դա Ձեր գնահատականն է, որ պարտադիր չէ ես կիսեմ»:

Ի դեպ, վաղուց էի ցանկանում հարցնել․ երբ ՌԴ դեսպանը ժամանակին հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ, դեսպանը կանչվեց ԱԳՆ, իսկ երբ Բելլա Քոչարյանը հանդիպեց Պուտինի հետ, որեւէ մեկը չկանչվեց ԱԳՆ, հետաքրքիր է` ինչո՞ւ։ «Գիտեք, դա Հայաստան այցելած օտարերկրյա պետության ղեկավարի հանդիպում էր ՀՀ քաղաքացի հանդիսացող անձնավորության հետ, որը մենք չենք կարող մեկնաբանել»:

Նույն կոնտեքստում չէ՞ր ՌԴ դեսպանն էլ հանդիպել ՀՀ քաղաքացու` Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Եթե Դուք խոսեք իրավական ոլորտի մասնագետների հետ, Ձեզ կասեն, որ կոնտեքստն ամենեւին նույնը չէ՝ առաջին դեպքում խոսքը գնում է Հայաստանում տեղի ունեցող ներքին իրավական գործընթացների մասին»: