Ռուսաստանն ու Թուրքիան նոր գործարք են նախապատրաստում

Թուրքիան սկսել է հացահատիկային գործարքի վերականգնման հետ կապված բանակցությունները եւ պատրաստ է ցանկացած նախաձեռնողականության, այդ թվում նաեւ՝ միջնորդական առաքելության՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսից հետո։
Էրդողանն ասել է, որ Աստանայում, հուլիսի երեքին, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիան հույս ունի, որ Սեւծովյան հացահատիկային գործարքը նոր ֆորմատով հնարավոր կլինի վերականգնել, ստեղծելով հատուկ հացահատիկային միջանցք՝ գյուղատնտեսական նշանակության արտադրանքը ոչ թե Արեւմուտք, այլ Աֆրիկայի եւ այլ կարիքավոր ռեգիոններին մատակարարելու համար, որոնք պարենային անվտանգության հետ ունեն խնդիրներ։ Սա բավականին հավակնոտ եւ ինտրիգային հայտարարություն է, որը կարող է նշանակել, որ Մոսկվան եւ Անկարան նոր հացահատիկային գործարք են կնքում, այդ անգամ արդեն առանց Ուկրաինայի։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է, թե Հացահատիկային գործարքի առաջին փորձն ինչ ճակատագիր ունեցավ եւ ինչի վերածվեց։
«Եւ հիմա,- ըստ Տարասովի,- Ռուսաստանը, Քաթարն ու Թուրքիան նոր հացահատիկային գործարք են կնքում կարծես թե՝ առանց Ուկրաինայի»։ Տարասովը նկատում է, որ արեւմտյան մամուլում որոշ հաղորդումներ հայտնվել էին, որ այդ երեք երկրները նոր եռակողմ համաձայնություն են նախապատրաստում, որը պետք է գա փոխարինելու հացահատիկային գործարքին, եւ որ նոր պայմանագիրը ենթադրում է միայն ռուսական հացահատիկեղենի մատակարարում աղքատ երկրներին, հատկապես՝ Աֆրիկային։ Թուրքիան այստեղ հանդես է գալիս որպես կազմակերպիչ, Քաթարը՝ որպես հովանավոր։ Ուկրաինան ամբողջապես դուրս է մղված այդ գործարքից։ Համաձայն Financial Times պարբերականի, Քաթարն է վճարելու Մոսկվային Թուրքիա ռուսական հացահատիկը հասցնելու համար, որը հետո արդեն բաշխվելու է կարիքավոր երկրներին։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա օգոստոսին The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ Միացյալ Նահանգներն առաջ է մղում ուկրաինական հացահատիկեղենի արտահանման ծրագիրը՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Տարասովը հիշեցնում է, որ ռուսական պարբերականներից մեկի համար գրած իր հոդվածում առաջարկում էր մատակարարման այլընտրանքային ուղիներ՝ Դանուբ գետով կամ Սեւ ծովով՝ դեպի մոտակա ռումինական նավահանգիստներ, իսկ այնտեղից արդեն այլ վայրեր, թեեւ Սպիտակ տունը ամենից նպատկահարմարը համարել է ցամաքային տրանսպորտային ճանապարհը։ Նոր հացահատիկային գործարքը, ըստ էության, Ռուսաստանի համար նոր մատակարարումների շղթաներ կառուցելու, համաշխարհային հացահատիկեղենի շուկայի խաղացողների հետ նորովի հարաբերություններ կառուցելու հնարավորություն է հանդիսանում, որից Մոսկվան կօգտվի անպայման, ներառելով նաեւ Թուրքիային՝ որպես տարանցման ցանց, ամփոփում է Տարասովը։
Կարծիքներ