Այս պարագայում, երբ մենք ունենք Սյունիքի անվտանգության խնդիր, խոսենք ուսապարկերի հետ համեմատվելու մասի՞ն․ «Իմ քայլը» լքած պատգամավոր (տեսանյութ)

Այս պարագայում, երբ մենք ունենք Սյունիքի անվտանգության խնդիր, խոսենք ուսապարկերի հետ համեմատվելու մասի՞ն․ «Իմ քայլը» լքած պատգամավոր (տեսանյութ)

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով Սյունիքից պատգամավորական մանդատ ստացած և ստանալուն պես «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր իր առաջին աշխատանքային օրն էր անցկացնում խորհրդարանում։ Ընդմիջմանը նա լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ ակնհայտ է՝ պարտված երկրի ղեկավարը չի կարող շարունակել բանակցությունները արժանապատվորեն։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը, «Իմ քայլից» առանձնացած պատգամավորն ասաց․ «Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է։ Բայց չեմ ուզում ժխտել նաև այն, որ ունենք նաև բազմաթիվ այլ պատասխանատուներ, այսինքն՝ 30 տարվա ընթացքում մենք՝ բոլորս, պատասխանատվություն ունենք այս գործընթացում, բայց թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որն անկարող է այս պահին շարունակել բանակցությունները»։

Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ առաջին աշխատանքային օրն ինչպե՞ս դիմավորեցին իրեն «Իմ քայլի» իր գործընկերները՝ հաշվի առնելով, որ սոցցանցում իր երբեմնի թիմակիցներն արշավ էին սկսել իր դեմ, ուսապարկի հետ էին համեմատում։

«Իմ որոշումը` խմբակցությունից դուրս գալու մասով, քննարկվել է, և ըմբռնումով են մոտեցել իմ որոշմանը։ Այն, ինչ կատարվում է Ֆեյսբուքում և սոցիալական ցանցերում, դա չի արտացոլում այն պատկերը, որ կա իրականում։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինձ սրերով են դիմավորել կամ թշնամանքով։ Եվ այս պարագայում, երբ մենք ունենք Արցախի կարգավիճակի խնդիր, Սյունիքի անվտանգության խնդիր, ընդհանուր առմամբ՝ լրջագույն ազգային գաղափարների շուրջ համախմբվելու խնդիր, մենք խոսենք այսօր ուսապարկերի հետ համեմատվելու մասի՞ն։ Կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է»։

Նա նաև ասաց, որ ինքը սյունեցիների հետ, Սյունիքում իր ընտրողների հետ քննարկման արդյունքում է մանդատ վերցնելու, սակայն խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։

Մեր մյուս դիտարկմանը, թե իրեն քոչարյանական թևից են համարում, Աննա Գրիգորյանն ասաց․ «Կներեք, ո՞ր թևն է քոչարյանական։ Որտեղի՞ց է գալիս դա։ Ոչ, նման բան չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում