Մինչև հինգշաբթի օրը ժամը 9-ը Օնիկ Գասպարյանը դեռ ԳՇ պետ է․ Արթուր Ղազինյան

Մինչև հինգշաբթի օրը ժամը 9-ը Օնիկ Գասպարյանը դեռ ԳՇ պետ է․ Արթուր Ղազինյան

Արմեն Սարգսյանը որոշել է երկրորդ անգամ չստորագրել վարչապետի միջնորդությունը Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, և դիմել է Սահմանադրական դատարան։ Բայց նախագահը ՍԴ է դիմել ոչ թե բուն միջնորդության իրավաչափությունը վիճարկելու խնդրանքով, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝

Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Եվ սա տարակուսանքի տեղիք է տվել։ Ստացվում է՝ նախագահը թույլ տվեց, որ երկրորդ անգամ չստորագրելով՝ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով պաշտոնանկ արվի, բայց նաև երրորդ տարբերակ ընտրեց՝ դիմել ՍԴ այդ միջնորության հիմքում ընկած օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Կարճ ասած՝ ոչ շիշը վառի, ոչ՝ միսը։
 
Նշենք, որ մինչ նախագահականի տարածած հայտարարությունը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն էր գրառում կատարել՝ հայտնելով, որ իր տեղեկությամբ՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։

«Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»,-գրել էր Ղազինյանը։

Ասել է թե՝ Ղազինյանի տեղեկությունը ճիշտ էր, պարզապես նա գրել էր օրենքի փոփոխության ամսաթիվը, ոչ թե ընդունման։

Hraparak.am-ի հետ զրույցում Ղազինյանը նախ հիշեցրեց, որ  2018թ-ի հունիսի 11-ին փոփոխություն են մտցրել օրենքի նախագծի մեջ, որով տվել են կամայական և հայեցողական լիազորություն կառավարության ղեկավարին՝ առանց որևէ հիմքի Գլխավոր շտաբի պետին կամ հրամկազմի ցանկացած պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար։

«Հիմա իրենք էդ օրենքին հղում անելով՝ այս անգամ ևս միջնորդությունը ներկայացրին, և նախագահը որոշել է դա վիճարկի, այսինքն՝ հիմքը վիճարկի առհասարակ։ Այսինքն՝ ստացվում է, որ միջնորդությունը մեխանիկորեն երեք օր հետո իրավունքի ուժով մտնում է օրինական ուժի մեջ։ Այսինքն՝ մինչև հինգշաբթի օրը ժամը 9-ը, ըստ նախագահականի տարածած հաղորդագրության, Օնիկ Գասպարյանը դեռ ԳՇ պետ է»,-ասաց նա։

Իսկ եթե Սահմանադրական դատարանը քննի նախագահի ուղարկած օրենքի սահմանադրականության հարցը և համարի, որ կա անհամապատախսանություն, ապա, ըստ Ղազինյանի, Օնիկ Գասպարյանը իրավունք կունենա նորց վերականգնվելու իր պաշտոնում։

Հարցին՝ սա քաղաքական առումով ի՞նչ է նշանակում, Ղազինյանն ասաց, որ առայժմ ինքը քաղաքական առումով չի ցանկանում հայտարարություն անել, քանի դեռ չի խորհրդակցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի մյուս անդամների հետ։