Համարյա թե փաշինյանաբար
Համարյա թե փաշինյանաբար է հնչում ժողովրդական «Որտեղ հաց, ընդեղ կաց» ասացվածքը կամ էլ՝ նույնիսկ հենց փաշինյանաբար: Ինչ-որ ժամանակ առաջ ՔՊ-ական կամ այդպիսին դառնալու ցանկություն ունեցող ջահելների հետ հանդիպման ընթացքում Նիկոլը փորձում էր գաղափարապես հիմնավորել այդ արտահայտության «ճշմարտացի» լինելը: Գլխավոր միտքն այն էր, որ պետությունը պետք է ապահովի հենց հաց հանապազօրյան, որպեսզի, բնականաբար, մարդն այն չփնտրի արտասահմաններում: Առաջին հայացքից կարծես թե իսկապես հենց դա պետք է լինի պետության հիմնական պարտավորությունն իր քաղաքացու նկատմամբ: Իսկ նույն այդ քաղաքացու անվտանգությունը կարող է նաեւ երկրորդական պլան մղվել:
Քանի որ, իր կարծիքով, առաջին դասախոսությունը հաջողություն էր ունեցել, որոշել է երկրորդ «ընթերցումով» այն ներկայացնել տարիքով ավելի հասուն ՔՊ-ականներին: Ու, բնականաբար, ԱԺ-ում թեման «զարգացրել» էր նրանց հասունության աստիճանին համապատասխան: Օրինակ, այսպես. «ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունը, այսինքն՝ հաց վաստակելու լավագույն գործիքը համարի իր պետությունը, ստեղծարար աշխատանքով զբաղվելու լավագույն տեղը համարի իր հայրենիքը»: Երկու ձեռքով կողմ եմ այս գաղափարին, բայց՝ մեկ նկատառումով. իսկ իր հայրենիքում անվտա՞նգ է, արդյոք, ստեղծարար աշխատանքով զբաղվելը: Արդյոք թշնամին կդադարի՞ համարել, որ ՀՀ քաղաքացու հայրենիքի տարածքը, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջան է: Եվ չի՞ ստացվի, որ այդ տարածքում բնակվողը ոչ թե Հայաստանի, այլ Արեւմտյան Ադրբեջանի բնակիչ է: Եվ, բնականաբար, պետք է ենթարկվի Ադրբեջանի Հանրապետության օրենքներին, ինչը նշանակում է, որ նրա ստեղծարար աշխատանքի արդյունքներն էլ ոչ թե ծաղկեցնելու են իր հայրենիք Հայաստանը, այլ իր չգիտեմ ինչ Ադրբեջանը: Եվ այստեղ խնդիր է առաջանում «հայրենիք» եւ «պետություն» հասկացությունների առումով: Որովհետեւ կստացվի, որ հայրենիքը Հայաստանն է, սակայն պետությունը կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն: Եվ կստացվի, որ հայն ապահովեց իր բարեկեցությունը, ինչին կոչում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, բայց դրա առումով լավագույն գործիք դարձավ ոչ թե Հայաստան պետությունը, այլ, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանը:
Որ իրադարձությունները կարող են հենց այդպիսի զարգացում ունենալ, անուղղակիորեն խոսոտովանել է նաեւ այն անձը, որը կոչված է պահելու երկրի սահմանները (ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը): Նա, ով պետք է հայտարարեր, որ իրենք պատրաստ են կռվել մինչեւ վերջ, պաշտպանել մեր երկիրը, հենց նա է հայտարարում, որ Հայաստանը չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ, ու փորձում է դա «հիմնավորել» այն հանգամանքով, որ «20 տարի Ադրբեջանը ժամանակակից զենք-զինամթերք էր առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված»: Իհարկե, դա սուտ է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին գործող իշխանության համարյա ողջ խոսույթն է: Որովհետեւ եթե դա ճիշտ լիներ, ապա 2016 թվականի ապրիլյան քառօրյայում թշնամի երկրի բռնապետը չէր դիմի ՌԴ նախագահին՝ պատերազմը դադարեցնելու խնդրանքով: Իսկ նման սուտը վերջինիս առումով խիստ բնական է, քանի որ նա այն անձն է, որը ժամանակին իշխանափոխությունը գերադասելի էր համարում հաղթական ազատամարտից:
Կարծիքներ