Ես ու Գալուստը տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունենք անօրինականության ու քաոսի մասին

Ես ու Գալուստը տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունենք անօրինականության ու քաոսի մասին

Ոչինչ չի կարող ավելի մեծ վնաս պատճառել երկրին, քան տանուլ տված պատերազմը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Եվ, այնուամենայնիվ, ինձ թույլ կտամ ասել, որ պատերազմում պատվով պարտվելն ավելի վնասակար չէ, քան պատերազմը չսկսված՝ սեփական հանրությանը խաբելն ու պատերազմով վախեցնելը: Այսպես վարվելու համար վախեցնողը պատճառներ ունի, անշուշտ, որոնք, որպես կանոն, շահադիտական են և ինչ-որ մութ բան հաջողեցնելու նպատակներ են հետապնդում:

Երեկ «Հրապարակ» թերթում տպագրված «Ամուլսարի շահագործումը ավելի քիչ կվնասի երկրին, քան տանուլ տված պատերազմը» հոդվածի հեղինակ Գալուստ Սարգսյանը (անկեղծորեն ասեմ՝ չեմ ճանաչում), գրել էր, որ մենք զարմանալի հասարակություն ենք, որովհետեւ հիմա, երբ Հայաստանի եւ Արցախի սահմանների ողջ երկայնքով Ադրբեջանն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարն անընդհատ խոսում է «պատերազմի դաշտում» հանդիպելու մասին, մենք, իմանալով հանդերձ, որ բազմաթիվ այլ ձեռնարկների հետ մեկտեղ, նաեւ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ է, որ այս պետությունը պետք է կարողանա սպասարկել ինչպես երկրի տնտեսության հետագա զարգացումը, այնպես էլ հաղթի սպասվելիք պատերազմում, այնուամենայնիվ, դիրքեր ենք դնում եւ դիրքապահներ ենք պահում Ջերմուկի սարերում, որպեսզի խոչընդոտենք Ամուլսար կոչվող հանքավայրի շահագործմանը: «Հալա խաթա»,- դուրս թռավ բերանիցս: Ուրեմն մենք Գալուստ Սարգսյանի նման ռազմական ստրատեգ ենք ունեցել ու մինչև հիմա տեղն էլ չենք իմացե՞լ: Արդար չէ, բարեկամներ, արդար չէ: Ու ո՞նց գլխի չենք ընկել, որ մի Ամուլսարի փոխարեն մի քանիսը բացենք ու երկու օրում Բաքուն գրավենք, քաշվենք մի կողմ: Բայց կատակը մի կողմ՝ իսկապե՞ս Ամուլսարի հանքի շահագործումը մեզ հենց վաղվանից կապահովագրի պարտությունից: Չպատասխանելով այս հարցին՝ Գալուստ Սարգսյանը շարունակում է իրենը պնդել՝ «վատաբանել» և ավելի վախեցնել մեր հանրությանը. «…չնայած այն հանգամանքին, որ արդեն քսանութ տարի է, ինչ ունենք անկախ պետություն եւ ապրում ենք այդ պետության հովանու ներքո, միեւնույն է, դեռեւս չեք կարողացել մեր պետական եւ հասարակական գիտակցությունը հասունացնել այնքան, որպեսզի միանգամից հասկանանք այն պարզ ճշմարտությունը, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն ինչքան էլ բնապահպանական եւ այլ տեսակի վնասներ հասցնի այս երկրին, միեւնույն է, այդ վնասները, եթե ոչ մի քանի հազար, ապա, վստահաբար, մի քանի հարյուր անգամ ավելի քիչ են լինելու, քան այն վնասները, որոնք անխուսափելիորեն կկրի այս երկիրը, եթե տանուլ տա հնարավոր պատերազմը»:

Հարգելի Գալուստ, թույլ տուր ասել, որ ժամանակակից աշխարհում (սկսած դեռ 20-րդ դարի սկզբներից) պետությունները պատերազմներում չեն հաղթել կամ չեն պարտվել իրենց Ամուլսարը շահագործելու կամ չշահագործելու պատճառով: Պատերազմական հաղթանակների և պարտությունների գաղտնիքները բոլորովին այլ տեղերում են թաքնված, քան դու փնտրում ես: Ավելի պատկերավոր ասեմ՝ մենք 28 տարում Ադրբեջանին հաղթել ենք երկու պատերազմում, չնայած որ այդ երկիրը նավթ ու գազ ուներ, Գերմանիան պարտվել է երկու համաշխարհային պատերազմներում, չնայած, որ թե Առաջինի և թե Երկրորդի ժամանակ Գերմանիայի համար էին աշխատում մնացյալ Եվրոպայի գրեթե բոլոր տնտեսությունները, ԱՄՆ-ը չկարողացավ հաղթել Սիրիային և հեռացնել Ասադին՝ չնայած Սիրիայի դեմ ստեղծած հսկայական կոալիցիային, Ուկրաինան ու Վրաստանը չեն կարողանում հետ բերել կորցրած տարածքները՝ չնայած համաշխարհային հանրության մեծ աջակցությանն ու Ուկրաինայի անսպառ ածխահանքերին: Ուզում եմ ասել՝ մեր օրերում պատերազմում չպարտվելու համար հայրենասիրությունից ու ինքնազոհությունից զատ մի քիչ էլ խելք է պետք, որն արդեն տվյալ երկրի ղեկավարության «պազիցիան» է: Ի դեպ՝ պատերազմում նաև դաշնակիցներով են հաղթում: Այսօր քանի՞ դաշնակից ունի Հայաստանը: Իզուր մի լարեք ձեր հշողությունը, ոչ մի: Դաշնակից չենք թողել, և այո, հենց մեր լավ խելքից:

Տնտեսություն զարգացնելու, երկիրը հզորացնելու համար պետք է արտադրություն ունենաս, ճի՞շտ է: Բա էս մեկուկես տարի է՝ մենակ մեծ-մեծ խոսում, յուր հաջողությունները 100-ներով է հաշվում մարդը: Ինչո՞ւ չեք հարցնում՝ գոնե մեկ հատիկ արտադրություն հիմնե՞լ է: Չէ, նա այդ կարևոր գործը թողել՝ մարդ է բռնում՝ բաց թողնում, դատավոր է ծեծում, անվտանգության համակարգերն է քանդում և այդքանից հետո էլ չի մոռանում, որ ինքն է, ախր, լինելու գերագույն գլխավոր հրամանատարը, եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի: Հիմա էս մարդը, որ տարիուկես է մեզ ինֆարկտի է հասցնում, Գալուստ ջան, ճիշտ քո խելքին է: Նա էլ է ասում՝ Ամուլսարը պետք է շահագործվի: Բայց դու, Գալուստ ջան, նրան տվել՝ անցել ես արդեն, որովհետև ոչ միայն ասում ես՝ Ամուլսարը պետք է շահագործվի, այլև վախեցնում ես՝ իսկ եթե ոչ՝ կպարտվենք պատերազմում:
Եվս մի նկատառում՝ կապված խնդրո առարկա հոդվածի հետ: Հեղինակն իմ կարծիքով թերագնահատում է Ամուլսարի հանքի շահագործումից ակնկալվող վնասի չափը: Այս հարցում Փաշինյանն առավել զգուշավոր է և սպառնում է փակել հանքը, եթե, պարզ ասենք՝ ճառագայթում սկսվի: Այդուհանդերձ Փաշինյանը տակավին չի համարձակվել բացեիբաց հայտարարել, որ ոստիկանական ուժ կկիրառի Ամուլսարի պաշտպանների դեմ: Գալուստ Սարգսյանն այստեղ էլ է վազանց կատարել Փաշինյանին և գրել. «Իսկ որպեսզի չգա այդ օրը, եւ մենք կանգնած չլինենք ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ, ուրեմն պետությունը պետք է օր առաջ, իրեն վերապահված բոլոր օրինական միջոցները (այդ թվում՝ նաեւ համաչափ ուժ գործադրելու իր լեգիտիմ իրավունքը) օգտագործելով՝ ապաշրջափակի Ամուլսար տանող ճանապարհը եւ, ինչպես մյուս ներդրողների, այնպես էլ այս ներդրողի համար ապահովի աշխատանքի եւ աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները»: Ահա և տեղ հասանք: Պարզվում է Գալուստ Սարգսյանը ոչ միայն պատերազմական գործի գիտակ է, այլև պետության կողմից սեփական ժողովրդի դեմ «համարժեք ուժ» կիրառելու մասնագետ: Եվ ո՞նց են սարերում համարժեք ուժ կիրառելու ոստիկանները, երբ մարդիկ՝ ղաչաղ դարձել, սարերն են ընկել, որպեսզի պատերազմներ հաղթած իրենց երկիրը չկործանվի անճարակ իշխանության և Ամուլսարի պատճառով: Էն էլ կա, որ թշնամին հենց նման բանի է սպասում, որ մենք այստեղ իրար ուտենք, ու իր բանը հաջողի: Փաստեր կան չէ՞: 2008թ. մարտի 1-ը բավական չէ՞, ասելու համար, որ թշնամին հենց այդ պատճառով ակտիվացավ ու տարածքներ գրավեց:

Եվ ավարտեմ հոդվածագրի վերջին մտքով, որի հետ համաձայն եմ լիովին: Նա գրել է. «Պետությունը կա՛մ պետք է գնա երկրի սահմանները կանգուն պահելու, նրա նվաճումներն ու ձեռքբերումները պաշտպանելու ճանապարհով, կա՛մ պետք է ընտրի անօրինականության ու քաոսի ուղին»: Ոսկի խոսքեր են, իհարկե, միայն թե ես ու Գալուստը տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունենք այն մասին, թե որ դեպքում է պետությունը գնում երկրի սահմանները կանգուն պահելու, նրա նվաճումներն ու ձեռքբերումները պաշտպանելու և որ դեպքում՝ անօրինականություն և քաոս հաստատելու ճանապարհով: