Հայ լինելը անտարբեր չլինելն է, մշակույթ պահելը, համարձակ լինելը

Հայ լինելը անտարբեր չլինելն է, մշակույթ պահելը, համարձակ լինելը

Հարցազրույց երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի հետ

- Հասմիկ-երգչուհին եւ Հասմիկ-համերգային ծրագրերի բաժնի ղեկավարը (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ) նույնկե՞րպ են վերաբերվում երաժշտությանը, կատարողական, գեղագիտական, ստեղծագործական արվեստներին։ Դահլիճի զարգացման ու համերգային գործունեության «խոհանոցը» փոխեցի՞ն քո պատկերացումները։ 

- Ոչ թե փոխեցին, այլ հասկացա, որ իբրեւ մարդ՝ շատ լավ կատարող եմ. ոչ թե երգչուհի կատարող, այլ՝ հանձնարարություն կատարող։ Եթե ինձ տրվում է հստակ հանձնարարություն, գիտակցաբար թե անգիտակցաբար՝ առավելագույնս գործադրում եմ ուժերս այդ նպատակի իրականացման համար։ Շատ հաճախ, որպես համերգային ծրագրերի բաժնի ղեկավար, չեմ ընտրում ծրագրերը, դրանք թանգարանի կողմից ընտրված կամ պետական ծրագրեր են, որոնք ես պետք է միայն իրականացնեմ, ոչ թե քննարկեմ դրանց լավ կամ վատ լինելը, բայց իրականացնելուց այնպես անեմ, որ լինի շատ լավ՝ համապատասխան իմ ներքին պահանջներին ու զգացողություններին։ Նաեւ փորձում եմ այնպես անել, որ մարդկանց հասանելի լինի, որովհետեւ շատ լավ գիտակցում եմ մեր այսօրվա մշակութային պատրաստվածության զրոյական վիճակը։ Մենք շատ ծանր վիճակում ենք, քիչ զրոյական էր մշակույթի վիճակը, հիմա էլ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, ավելի վատացավ, բայց անհատների շնորհիվ, որոնք համառորեն միեւնույն ոլորտը տանում են առաջ, կշարունակվի այն, ինչ կար։ 

- Ծառայությանդ համար ընտրել ես հոգեւոր երգեցողության հարթակը, այն դեպքում, որ խորհրդային տարիներին լայն հանրության համար անհասանելի հարթակ էր, իսկ անկախացումից հետո՝ գոնե ինձ համար, քաոսային, սիրողական հարթակ։ Ո՞րն էր հոգեւոր երաժշտությանը վստահելու պատճառը, քանի որ իսկապես հաջողության արժանացար։   

-Անկեղծ ասած, հոգեւոր երաժշտությունն է ընտրել ինձ։ Մենք զրույցներից մեկում անդրադարձել ենք դրան, ես տեսողության խնդիրներ եմ ունեցել, եւ արգելեցին երգել, նույնիսկ վիբրացիաների օգտագործումն ազդում էր տեսողությանս վրա, ինձ համար կամերային երգեցողությունն էր նախընտրելի։ Այնքան ներդաշնակ ստացվեց այս ամենը, որ անգամ, երբ փորձում եմ հիշել՝ ինչպես, չի ստացվում։ Երբեք չեմ մտածել ճանաչված լինելու, հատուկ հաջողություն բերող ոճի կամ այլ բաների մասին։ Միգուցե սխալ է, որովհետեւ շատ հաճախ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ իրենց «կոտորում», որ մեծ ճանաչում ունենան, բայց ես էլ այս տեսակն եմ․ ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ հաճույք ստանամ նրանից, ինչ անում եմ, քան չստանամ հաճույք, բայց ունենամ հաջողություն։ Իհարկե, շատ հաճելի է, երբ քո երկրում ես լինում ճանաչված ու պահանջված, որովհետեւ դրսում՝ հատկապես «Նաղաշ» անսամբլով, շշմելու աստիճան պահանջված ենք եւ ունենք հաջողություն, ուղղակի չենք բղավում դրա մասին։ Կա մարդկանց տեսակ, որ գլուխները կախ՝ իրենց գործն են անում։ Հոգեւոր երաժշտությունը հաջողություն բերելու համար չէ, եթե ունենք ազգապահպանության խնդիր, պիտի ճանաչենք մեր հոգեւորը, նույնիսկ եթե չսիրենք։ Ես միշտ ուսանողներիս ասում եմ՝ կարող եք չսիրել օպերա, բայց պիտի ճանաչեք, որ խոսելու իրավունք ունենաք։ Վերջերս մի հայկական ֆիլմ նայեցի, այնտեղ հերոսներից մեկը մի փայլուն միտք ասաց՝ մի ազգ, որն աշխարհին նվիրել է Արամ Խաչատրյան, այսօր Արմենչիկ է պահում։ Սա է խնդիրը։ Ամեն դեպքում, փաստ է, որ, անկախ ամեն ինչից, կան նաեւ իմ տեսակի երաժիշտներ, որոնք՝ իրենց հոգու հետ ներդաշնակ, երգում ու նվագում են այդ երաժշտությունը։ Ի վերջո, արժեքն արժեւորված է արժեւորողով։ Մի արտահայտություն հիշեցի․ ասում է՝ ես շատ լայն տարածում ունեմ՝ շատ նեղ շրջանակում։ 

- Գուցե ավելորդ է հարցը՝ մեր եւ դրսի ունկնդրի համեմատության մասին, բայց թույլ տուր հարցնել՝ շա՞տ ենք տարբեր։

- Շատ, նրանք մանկուց տիրապետում են գնահատելու մշակույթին, վաղ հասակից ծանոթանում են դասական երաժշտության հետ։ Նրանց ամենաժամանակակից երաժիշտը ճանաչում է դասականը։ Հաճախ թանգարան գալիս են երիտասարդներ, որոնց ես միշտ հարցնում եմ՝ դասական երաժշտություն սիրո՞ւմ եք։ Ու հաճախ պատասխանում են՝ վայ, ոչ․․․։ Հետո հարցնում եմ` Maroon5-ի «Memories-ը» լսո՞ւմ եք։ Ասում են` այո...։ Նրանք չգիտեն, որ դա Պախելբելի «Կանոն ռե մաժորն» է, որը գրվել է Բախի տղայի հարսանիքի համար։ Այդպիսի օրինակները շատ են։ Դրա համար պետք է լսել ամեն ինչ, ճանաչել լավագույնը, տեղեկանալ, կրթվել։

- Արվեստի մարդու քաղաքացիական դիրքորոշումը կարեւո՞ր է եւ անհրաժե՞շտ է այսօրվա հասարակության համար։

- Խնդիրն այն է, որ այս տարիներին արվեց ամեն ինչ, որպեսզի որեւէ մշակութային գործիչ կշիռ չունենա։ Այս պահին չկա մեկը, ում խոսքը կընդունվի ու ազդեցություն կունենա։ Ժամանակին կային մշակութային գործիչներ, ում խոսքը վստահելի էր ու կարող էր իր հետեւից մարդկանց տանել։ Հիմա մենք այդ հսկաները չունենք, ու եթե նույնիսկ կա մեկը, ով կարող է լուրջ միտք արտահայտել՝ այնքան հարձակողական մոտեցում են ցուցաբերում, որ ասում է՝ գնամ գործս անեմ։ Հայրս ինձ միշտ ասում է, որ կարող ես շատ լավ վերլուծող լինել։ Ես էլ միշտ ասում եմ, որ գլուխ հանում եմ, բայց գլուխ չեմ դնում, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, մինչեւ այն պահը, երբ ազգիդ վտանգ է սպառնում։ Սահմանին կատարվածից հետո մի գրառում էի արել ՖԲ-ում, որ, առհասարակ, հայ կինը պատրաստ է վերցնել զենք ու առաջնագիծ հասնել։ Եվ ես իսկապես առաջիններից կլինեմ, ով կվերցնի զենքը, թեպետ, տեսողությամբս երեւի ավելի շատ խնդիրներ կառաջացնեմ, բայց ես իսկապես պատրաստ եմ։ Մենք շատ հաճախ իրավիճակների լրջությունը չենք հասկանում։ Այսօր քայլում էի, ու փողոցում կանգնած տղամարդիկ «գազար կերած» ձայնով խրխնջում էին։ Այդքա՞ն անգիտակից, այդքա՞ն անլուրջ: Չեմ ասում՝ դրամատիզմով լցվել, բայց ինչ-որ լրջության պահ կա, որը խախտվել է:

- Ինձ թվում է՝ տղամարդկանց մի սերունդ կա, որն 90-ականներից հետո կորցրեց իր՝ թիկունք լինելու, պատասխանատու լինելու ունակությունը, նույնիսկ՝ հնարավորությունը։ Բայց անդրադառնամ էլի գրառմանդ, որն ավարտելով՝ հորդորում էիր ավելի հայ լինել։ Ի՞նչ է քեզ համար հայ լինելը, եւ կա՞ անհրաժեշտություն՝ հպարտանալու ազգային պատկանելությամբ։ Հաճախ եմ այդ միտումը նկատում, մեզնից շատերը, եթե ոչ բոլորը, հպարտ են, որ հայ են։

- Այդ խնդիրը գալիս է նրանից, որ միշտ շատ ճնշված ենք եղել եւ այդ բարդույթը ծածկելու համար միշտ հպարտանում ենք դրանով։ Հպարտ լինել-չլինելու խնդիր չեմ տեսնում։ Ես հայ եմ՝ այդպես է ստացվել, թե ինչու է այդպես ստացվել, չգիտեմ։ Հնարավոր է, եթե ինձ հարցնեին՝ կուզեի՞ր հայ լինել, ասեի՝ ոչ։ Հպարտություն զգում եմ, երբ արտերկրում համերգների կամ հավաքների ժամանակ տարբեր դարերի հին երաժշտություն են ներկայացնում, իսկ ես ասում եմ, որ հիմա կերգեմ Մաշտոց՝ 5-րդ դար։ Ու երբ ասում են՝ ի՞նչ` 5-րդ դա՞ր, այդ ժամանակ հպարտություն եմ զգում, բայց դա ճիշտ մշակութային հպարտություն է։

- Իսկ հայ լինե՞լը։

- Ինձ համար հայ լինելը անտարբեր չլինելն է, մշակույթ պահելն է, դիմացինիդ արձագանքելն է, բարի, հասնող, համարձակ լինելն է։ Կան մի քանի բնորոշիչ գծեր, որոնք մեր կերպարն են ստեղծում։ Սիրելով հին պատմություններ՝ շատ եմ լսում ընտանիքների, տոհմերի պատմություններ։ Այն ժամանակ մարդիկ ավելի պարզ էին։ Մեր տոհմը՝ երկու կողմից էլ, որքան հնարավոր է՝ ուսումնասիրել եմ ու այնքան հետաքրքիր տեսակներ եմ հանդիպել՝ խաղաղություն բերող, հաշտեցնող, պետք եղած տեղը՝ ծեծող։ Արդար լինելը, միասնական լինելը․ երեւի դա է իմ՝ ավելի հայ լինելը։

- Երաժշտական ավանդույթների անդրադարձը՝ թանգարանի կիրակնօրյա համերգների միջոցով, որոնք բաց են, ազատ ձեւաչափով են անցկացվում, երեխաների ու նրանց ծնողների համար լավագույն հնարավորություններից են՝ մտերմանալու թե՛ իրար հետ, թե՛ երաժշտության հետ, արդյունավե՞տ են այդ հանդիպումները։ 

- Ցանկացած երաժշտական տեսակ ունի իր ունկնդիրը, ու պիտի գնանք ավելի վաղ՝ հասկանալու համար, թե ինչպես ամեն ինչն արժեզրկվեց, եւ առաջ եկավ ավելի «պրիմիտիվ», հեշտ ընկալելի երաժշտություն։ Ցեղասպանությունից հետո երեխաների 90%-ը միայն օրորոցայիններն էր հիշում։ Պատկերացնու՞մ եք, որքան աշխատած բան կար այդ օրորոցայիններում։ Հիմա գրում են պրիմիտիվ մեղեդիներ, անգամ 4 տողից ավել բան ես գրում՝ չեն կարդում։ Դրա համար, այս համերգների լինելը շատ կարեւոր է։ Գնալով շատանում են հետաքրքրվողները, շատերը նույնիսկ պատկերացում չունենալով, բայց տեսնելով, ոգեւորվելով, որ երեխան «հետ չընկնի», գալիս են համերգների ու հետո հասկանում են, որ երեխան իրեն լավ է զգում, էլ չեմ ասում, որ ընթացքում ուղղորդում ես, թե ինչ կարելի է լսել, իսկ ամենագլխավորը՝ ամեն համերգից հետո մի երգ ենք սովորում, կան մայրեր՝ հատուկ դրա համար են գալիս, որ երգ սովորեն՝ միասին երգեն։ Արդեն բավականին մեծ երգացանկ ունենք։ Ինձ այնքան լուրջ ցավ էր պատճառում այն փաստը, որ միասնական երգերի ավանդույթ չունենք։ Օրինակ` իմ ընտանիքը, մենք ընտանեկան հավաքների ժամանակ միասնական երգ չունեինք, ու ես միշտ երազում էի ունենալ։ Կամ՝ երբ որեւէ տեղ մեծ հավաք է լինում, բոլորը միասին երգեն։ Շվեյցարիայում, օրինակ, համերգներից հետո, հավաքույթների ժամանակ բոլորը միասին երգում էին ու բոլորն այդ երգերը գիտեին։ Փոքրուց մարդիկ գնում են տարբեր երգչախմբեր, եւ բոլորը գիտեն այդ միասնական երգերը։ Իսկ դա մի անշարժելի հիմք է դնում, որի վրա հավաքագրվում են բոլոր կարեւոր արժեքները։

- Հասմիկ, իսկ ունե՞ս քո «ստեղծագործությունը»։ Օրինակ, ես երբ տխուր եմ, ուրախ, հուզված, հիասթափված, բոլոր զգացողությունների, իրավիճակների ընկեր ստեղծագործություններ ունեմ՝ թե՛ բանաստեղծություն, թե՛ մեղեդի։ 

- Երբեք չէի մտածել, որովհետեւ, երբ երաժշտությունը կյանքումդ շատ-շատ է, պահեր են լինում, որ ուզում ես ոչինչ չհնչի։ Բայց հիմա մտածեցի, որ երեւի Այրիվանեցու «Սիրտ իմ, սասանի»-ն է, որ ամբողջովին կարող է իմ ներքին տեսակը բացատրել։ Տեքստային, միգուցե, այդքան՝ չէ, բայց հոգեվիճակը, որ զգում եմ այդ երգի ժամանակ, շատ կարեւոր դեր է խաղում ամեն ինչի մեջ, ինչ երգում եմ։ Անգամ, երբ օրորոցային էի երգում ձայնագրության ժամանակ, ասում էին՝ ոնց որ աղոթք երգես։ Մեդիտատիվ՝ ոչ թե կտրված կամ տխուր, ես շատ երկար փնտրում էի մեր արվեստի բնորոշումը ու գտա՝ Թորոս Թորամանյանի նկարագրությունը։ Նա նշել էր, որ մեր արվեստն անդորրող է։ Մեր արվեստը երեւի ավելի շատ զննելու, մտահայելու համար է։ Շատ ազգերի ներկայացուցիչներ այն, ինչ շատ երկար փնտրում են, գտնում են մեր երաժշտության մեջ՝ լինի Մաշտոց, Նարեկացի, թե հայկական ժողովրդական երգ: Մեր երաժշտության կոդային համակարգը շատ լայն է։

- Եթե ունենայիր հնարավորություն՝ փոխելու մեր այսօրվա մշակութային պատկերացումը, կյանքը՝ առաջին հերթին, ո՞ր հարցին կանդրադառնայիր։ Ի՞նչն է քեզ համար ամենախոցելին։

- Մենք ունենք կրթության շատ լուրջ խնդիր։ Դեռ փոքրուց ասում էի՝ երբ մեծանամ, դպրոց եմ հիմնելու։ Ուսումնասիրում էի հունական դպրոցների սիստեմը։ Նույնիսկ այդ դպրոցների գծագրերն ունեմ պահած։ Պարտադիր բոլոր դասերը դրսում էին լինելու՝ մեր վանքերի բացօթյա դասերի օրինակով։ Ամեն ինչ սկսվում է կրթությունից, տեղեկացված, զարգացած լինելուց։ Մենք ունենք երեք շատ կարեւոր խնդիր․ առաջին՝ ուսուցչի ճիշտ արժեւորում՝ նաեւ ֆինանսապես, երկրորդ՝ երբ մարդը գիտի, որ կարող է իր աշխատավարձով տուն գնել իր երկրում, եւ դա հասանելի է։ Երրորդ՝ շատ տրիվիալ ու հիմար հարց՝ մաքրություն։ Եթե այս երեք հարցը լուծվի, մենք կունենանք զարգացման լայն հնարավորություն։

Զրուցեց Սոնա ՎԵՐԴՅԱՆԸ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ