Սա այն ոստիկանությո՞ւնն է, որը հանգիստ դիտում էր, թե ինչպես են 2018-ին ամբողջ երկիրը պարալիզացրել

Սա այն ոստիկանությո՞ւնն է, որը հանգիստ դիտում էր, թե ինչպես են 2018-ին ամբողջ երկիրը պարալիզացրել

ՀՀ ոստիկանությունն այսօր հերթական «շեդեւր-հայտարարությունը» տարածեց, որով զգուշորեն սպառնում է, զգուշացնում եւ կոչ անում։ Ահա այն․

«Հարգելի քաղաքացինե՛ր:
Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։
Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։
Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն:
Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։
Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության՝ հանրային անդորրը պահպանելու գործում»։

Ապշեցուցիչ է՝ սա այն ոստիկանությո՞ւնն է, որը հանգիստ դիտում էր, թե ինչպես են 2018 թվականի ապրիլ-մայիսին ամբողջ երկիրը պարալիզացնում եւ մի քար դնելով, կամ՝ մի քանի երիտասարդ աղջիկներով հսկայական պողոտաներ փակում։ Սա այն ոստիկանությո՞ւնն է, որը բաց աչքով հետեւում էր, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ մտնում Ռադիոտուն՝ հատուկ պահպանվող օբյեկտ, ինչպես են դռներ ջարդում, մտնում հեռարձակման սենյակ, Ռադիոյի տնօրենից ուղիղ եթեր պահանջում։ Սա այն ոստիկանությո՞ւնն է, որը հանգիստ հետեւում էր, թե ինչպես են Օպերայի մերձակա հրապարակում օրեր շարունակ գիշերում, իսկ հանրահավաքների ու ավտոմեքենաների շչակների ձայնից Երեւանում շուն ու կատու չէր մնացել՝ փախել էին մարզեր։ Հանկարծ ոստիկանությունը հիշել է, որ «մյուս քաղաքացիներն էլ ունեն լռության ռեժիմի պահպանման եւ այլ իրավունքներ»։

2 ամիս հետեւում էին, թե ինչպես են մարդիկ ոտքով գնում օդանավակայան, ինչպես են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենաների դեմը փակում, իսկ հիմա ասում են «քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը  իրավական պատասխանատվություն են առաջացնում», իսկ  «ոստիկանի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։