Էլ ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը 362 օր առաջ

Էլ ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը 362 օր առաջ

2018 թվականի օգոստոսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել էր, որ իր ղեկավարած կառավարության համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է։ «Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է՝ փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլեւ այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձեւավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Պետք է հաստատենք շահագործման այնպիսի կանոններ, որ հանրությունն իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունն օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը եւ հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան»,- ասել էր նա։

Թե ինչ օգուտներ են ստացել ՀՀ քաղաքացիներն այս ընթացքում, անհայտ է, բայց Հայաստանում 2019-ի օգոստոսի 22-ն է, եւ ինչպես 2018-ի օգոստոսի 23-ին, գործում են նույն քանակի  մետաղական եւ ոչ մետաղական հանքերը։ Եվ մեկն էլ՝ Ամուլսարը, ավելանալու է։

Հանրապետության տարածքում կա հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 23 պոչամբար, որոնց ծավալներն անցնում են մի քանի մլն խմ-ից եւ զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, անդրադառնալով մետաղական հանքերի՝ ՀՀ բնակչության ազդեցության գնահատականին, ասաց․ «Բավականին արդեն տվյալներ կան, որ եղած մետաղական հանքավայրերը, հատկապես, երբ արդեն ունենք 23 պոչամբար՝ որեւէ ստանդարտներին չենթարկվող եւ խիստ բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա՝ ծանր մետաղների ազդեցությամբ, եւ դրան, իհարկե, արձագանքում է բնակչության առողջությունը»։

Մեզ հայտնի դարձավ, որ Կարինե Դանիելյանը միջազգային կազմակերպության պատվերով կատարել է մեծ հետազոտություն՝ հանքավայրերի շահագործման ազդեցությունը բնակչության վրա, բայց քանի որ այս պահին կա անհամաձայնություն առողջապահության նախարարության հետ, եւ այն քննարկման ընթացքում է, տվյալները բնապահպանը չի հրապարակում։ Ի դեպ, մենք առայսօր չենք լսել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքն այն հարցում, թե իր կարծիքով ինչ ազդեցություն կթողնի Ամուլսարի շահագործումը ՀՀ բնակչության առողջության վրա։ Շրջակա միջավայրի նախարարի կարծիքը նույնպես անհայտ է։ Ինչպես նաեւ՝ ԱԽ  քարտուղարի, ՀՀ նախագահի, որի անունը համառորեն կապվում է «Լիդիանի» հետ, չնայած վերջինիս՝ Փաշինյանի բառապաշարով ասած՝ «աղիողորմ» հերքումներին։ Որքան էլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն եւ վստահության պաշար (որին, ի դեպ, լրջագույն հարվածներ հասցվեցին հենց Ամուլսարի հարցով), այնուամենայնիվ, ինչո՞ւ է այս քաղաքական որոշումն ընկած միայն եւ բացառապես նրա ուսերին։ Ոչ մասնագիտական քաղաքական անձանց կամ ոչ ոլորտային նախարարների՝ «մեր անվերապահ աջակցությունը վարչապետին» հաշիվ չէ։ 

Նույն հարցադրումն անում է նաեւ «Հայկական բնապահպանական ճակատ»-ը ներկայացնող Լեւոն Գալստյանը․ «Կառավարությունում ոչ միայն էս, այլեւ բոլոր հարցերը թողել են վարչապետի վրա, որ ինքը միայնակ լուծի, գտնի պատասխանները, հանձնարարականներ տա եւ այլն։ Իրեն թողել են մենակ ու շատ դեպքերում էլ իր տակն ական են դնում։ Էն մարդիկ, որոնք մնացել են սերժիկների, ռոբիկների ժամանակից։ Կարող է ուրիշներն էլ կան, բայց էդ մարդուն թողել են մենակ, պատասխանատվությունն էլ թողել են իր վրա։ Եվ ինքը պետք է հասկանա ու գնահատի իր կողքի մարդկանց, թե ով ով է՝ նախարարներ եւ այլն»։

Ի դեպ, երեկվանից շրջանառվում են տեղեկություններ, որ Ամուլսարի դեմ պայքարը ֆինանսավորվում է մյուս հանքերի սեփականատերերի կողմից, ինչի մասին եթերում նշել էր նաեւ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը։ Հարցը զայրացրեց Գալստյանին․ «Ուրեմն զանգեք, թող անուն-ազգանունով ասի, թե ում են փող տվել։ Կոնկրետ՝ բնապահպաններին, ջերմուկցիներին…»։

Ինչ վերաբերում է մյուս հանքերին, ապա Գալստյանը բնապահպանների մի խմբի հետ միասին դեռեւս 2018-ի դեկտեմբերին 5 էջանոց նամակ է փոխանցել վարչապետին՝ հանքարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ 13 քայլերի վերաբերյալ։ «Ինչի չեն արել, չեմ կարող ասել, կարող է արե՞լ են, ես տեղյակ չեմ»,- ամփոփեց Գալստյանը։