Կառավարության մոտից անհարկի բերման են ենթարկել․ Հայտարարություն

Կառավարության մոտից անհարկի բերման են ենթարկել․ Հայտարարություն

2021 թ․ թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության նստավայրի առջևից բերման ենթարկվեցին խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներ Կարապետ Պողոսյանը և Մկրտիչ Վարդանյանը։ Վերջիններս բողոք էին արտահայտում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ՝ ցուցադրելով իրենց հետ բերված պայուսակում գտնվող առարկաները։

Հավաքի մասնակիցներին մոտեցած ոստիկանության ծառայողների պահանջով Մ․ Վարդանյանը ցույց տվեց պայուսակի պարունակությունը, որից հետո ոստիկանը հեռացավ։ Մի քանի րոպե անց, կրկին մոտենալով ակցիայի մասնակիցներին, ոստիկանները պահանջեցին վերցնել պայուսակը և իրենց հետ գնալ ոստիկանության բաժին՝ անձը պարզելու նպատակով։ Թեև վերջիններս հայտնեցին, որ ունեն անձնագիր և կարող են տրամադրել տեղում՝ ոստիկանները մասնակիցներին բերման ենթարկեցին։ Հաշվի առնելով, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, մասնակիցների քանակը և հավաքի բնույթը որևէ կերպ չէին կարող սպառնալ Կառավարության բնականոն գործունեությանը, ինչպես նաև այն, որ հավաքի մասնակիցների անձը պարզելը հնարավոր էր տեղում՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ միջամտություն էին հավաքների ազատության իրավունքի նկատմամբ։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կրկին կոչ է անում հավաքների ընթացքում վարչարարություն իրականացնելիս խստորեն պահպանել համաչափության և օրինականության սկզբունքները, զերծ մնալ մասնակիցներին անհարկի բերման ենթարկելուց։ 

Հայաստանի հելսինկյան կոմիտե