Ինչո՞ւ է լռում Կարեն Կարապետյանը

Ինչո՞ւ է լռում Կարեն Կարապետյանը

Վերջին շրջանում ՀՀԿ-ն` իր ամենաբարձր դեմքերով, սկսել է իր հասցեին հնչող տարբեր մեղադրանքներն անուղղակիորեն վերահասցեագրել նախկին վարաչապետ Կարեն Կարապետյանին: Նախ` Սերժ Սարգսյանը, իր հասցեին հնչող մեղադրանքներին ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտն էր, ասաց, որ իշխանությունը Կարապետյանին է հանձնել։ Բոլորը հիշում են, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավին ՀՀԿ-ն հանդես էր գալիս Կարեն Կարապետյանի դեմքով, Սերժ Սարգսյանն ընդհանրապես չէր երեւում քարոզարշավի ժամանակ, եւ թվում էր՝ Կարապետյանն էլ մնալու է իշխանության գլխին։ Բայց ընտրություննից հետո բացվեցին ներկայացման վարագույրները, եւ պարզվեց, որ ՀՀ վարչապետ դառնալու է ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ` Սերժ Սարգսյանը: Դա էլ դարձավ համաժողովրդական բողոքի ալիքի պատճառը: 

Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասաց․ «Երբ հրաժարականի տեքստն արդեն պատրաստ էր, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին, նրան հարցրել եմ՝ Կարեն ջան, պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հրաժարականը, դու պատրա՞ստ ես արդյոք ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, դրան անմիջապես պատասխանեց` այո: Ասացի. «Դե, պայմանավորվում ենք, մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական, այնտեղ խորհրդակցություն կա, որից հետո կարող ես գնալ մեկուսարան, նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն: Պայմանավորվեցինք»»:

Լրագրողը հստակեցնող հարց ուղղեց, թե` Ձեր ուղերձը եղել է այն, որ Դուք իշխանությունը հանձնում եք ոչ թե այսօրվա իշխանություններին, այլ` Կարեն Կարապետյանի՞ն, որ իշխանությունը չեք տալիս՝ հետո նրանց փոխանցելու համար, այլ իրեն եք տալիս։ Սարգսյանը պատասխանեց. «Հենց այդպես էլ եղել է: Բացի դրանից, ապրիլի 23-ին ես վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ, իսկ վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին»: Սերժ Սարգսյանն այստեղ ինքն իրեն հերքում է՝ մի տեղ ասելով․ «Ասացի՝ Կարեն ջան, պարոն վարչապետ»: Իսկ հաջորդ խոսքում ասում է. «Ապրիլի 23-ին ես վարչապետ էի, Կարապետյանը՝ փոխվարչապետ»…

Այնուհետեւ երրորդ նախագահը հավելում է՝ չի ասում, թե իրեն մեղավոր չի համարում «սրանց» իշխանության գալու համար, բայց նաեւ չի մեղադրում Կարեն Կարապետյանին: Երրորդ նախագահի հարցազրույցից հետո այս թեզը «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում շարունակեց նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը. «Կարեն Կարապետյանի տրամադրության մեջ որեւէ ընկճվածություն չկար, եւ նա շատ կառուցողական էր տրամադրված` որպես վարչապետի պաշտոնակատար: Զարգացումները եղան այդպես, մինչեւ ապրիլի 26-ին մեր ձայները բավարարում էին, եւ մենք պատրաստ էինք վարչապետի թեկնածու առաջադրել Կարեն Կարապետյանին: Անկեղծ ասած, մեզ համար անակնկալ էր, որ Կարեն Կարապետյանն ասաց, որ չի առաջադրվելու, բայց, իհարկե, կան արդարացնող պայմաններ․ եթե թեկնածուն լիներ ոչ իրենցից` Նիկոլենցից, լինելու էր արյունահեղություն, նրանք զոհերի առաջ կանգ չէին առնելու: Մենք որեւէ մեղադրանք չենք առաջադրում Կարեն Կարապետյանի հասցեին: Ես չեմ մեղադրում Կարեն Կարապետյանին: Ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվեց…»։

Այո, թեեւ Սերժ Սարգսյանն ու Վահրամ Բաղդասարյանն ասում են, որ չեն մեղադրում Կարապետյանին, սակայն ինքնըստինքյան Փաշինյանին վարչապետի պաշտոն տալու մեղքը մնում է վերջինիս վրա…։ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, թե ինչու Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու, երբ խոստացել էր, որ չի առաջադրվելու: Նա ասաց. «2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո այդ քննարկումը եղել է շատ բաց, որին ներկա են եղել բոլորը, նաեւ` Կարեն Կարապետյանը, եւ բոլորը միահամուռ պնդում էին, որ այս իրավիճակում չի կարելի բանակցող փոխել, որովհետեւ այս կուլմինացիոն կետին ենք հասել, որ ղարաբաղյան հարցը, որ երեսուն տարի այս դանդաղ պատերազմում շարունակվել է, չի կարելի թողնել շարունակվի, հաջորդ սերունդների վրա թողնել, եւ այդ հարցին պետք է վերջակետ դրվի: Եվ Սերժ Սարգսյանը մեկ անգամ հայտարարեց, որ այստեղ պետք է վերջիվերջո մեկնումեկն իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ գնա այդ քայլին, եւ ինքը նախապատրաստվում էր, որ ինքը գնա այդ քայլին, պարզապես ժամանակը չհերիքեց: …Դա եղել է բաց խոսակցություն, եւ տեղյակ են եղել բոլորը»: 

Այսինքն՝ ստացվում է, որ Կարեն Կարապետյանը 2016-ից տեղյակ էր, որ գլխավոր բանակցողը չպետք է փոխվի, ասել է թե` վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ոչ թե ՀՀԿ վերնախավն ու Սերժ Սարգսյանն են խաբել հասարակությանն ու Կարեն Կարապետյանին, այլ Կարեն Կարապետյանն է Սերժ Սարգսյանի հետ միասին խաբել հասարակությանը, դուրս եկել քարոզարշավի, դերասանություն արել, խոստումներ տվել, բարի ու վստահելի ժպիտով հուսադրել մարդկանց, նայել նրանց աչքերին ու… խաբել: Կարեն Կարապետյանը պետք է պատասխանի այս հարցին՝ իսկապե՞ս տեղյակ էր, որ վարչապետ դառնալու էր ոչ թե ինքը, այլ` Սերժ Սարգսյանը:

Հակառակ դեպքում այս հայտարարությունները կարող են բացասական ազդել նրա դրական վարկանիշի վրա: Թեեւ, մյուս կողմից էլ, կարելի է հասկանալ նրա լռությունը. Կարապետյանը քաղաքական ինտրիգների ու պայքարի մարդ չէ, նա չի կարող եւ, հավանաբար, չի ցանկանում քաղաքական պարզաբանումների ու գզվռտոցների մեջ մտնել քաղաքական շախմատիստ Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հետ, ինչպես ժամանակին գլուխ չդրեց լաչառ ու պոպուլիստ Նիկոլ Փաշինյանի հետ…