Հայկ Մարությանը բեմադրության ժամանակ ՀՀ քարտեզը ցուցադրել է առանց Սյունիքի

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին մոնոներկայացումից կարճատեւ դրվագ է համացանցում շրջանառվում, որն առիթ է դարձել ՔՊ-ականների գրոհի։ Բեմադրությունից կտրած փոքրիկ հատվածում Մարությանը ցուցադրում է Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է անդրադարձել այդ դրվագին՝ սոցցանցի իր էջում գրելով։
«Հայկ Մարությանի մասին խոսելու անհրաժեշտություն երբեք չեմ տեսել. չեմ լսել քաղաքական միտք, որ մտածելու, էլ ուր մնաց արձագանքելու կամ մեկնաբանելու արժանի է:
Բայց Մարությանի՝ իշխանության հանդեպ ունեցած նեղացվածությունն ու դառնությունն այնքան մեծ է, որ նա սկսել է չխորշել անգամ իր քաղաքական նպատակների կամ անձնական բավարարվածության համար ծաղրել ՀՀ պետական քարտեզը՝ այն ցուցադրելով առանց Սյունիքի մարզի: Մի կողմից Քոչարյանի ու Սերժի թիմերը «Զանգեզուրի միջանցք» են քարոզում, մյուս կողմից էլ սա՝ առանց Սյունիք Հայաստան:
Եվ ուրեմն, արձանագրենք՝ Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Ալիևը երազում անգամ չէր պատկերացնի, որ Երևանի նախկին քաղաքապետ, հայտնի դերասանը կօգտագործի սեփական լսարանը Հայաստանում ադրբեջանական թեզեր տարածելու համար: Սա հակապետական, ապազգային քայլ է, որ չունի որևէ արդարացում: Հուսամ՝ հաջորդ ներկայացումը չի լինի գուբերնիա դարձած Հայաստանի մասին համապատասխան դրոշով:
Հ. Գ. Ինչպես ասվում էր հին ու բարի Կարգին հաղորդման մեջ՝ «ապեր դուրս արի. պալիտ ես եղել»»:
Մարությանին անդրադարձել է ՔՊ-ի ամենազուսպ պատգամավորներից մեկը նույնպես՝ կապանցի Դավիթ Դանիելյանը․
«Ես մշակույթի մարդ եմ, հարգում եմ հումորը ու բեմը: Նույնիսկ ներկա եմ լինում ներկայացումների, որոնք քննադատում են իշխանությանը և դա նորմալ է:
Սակայն անընդունել է, երբ հումորը բերում է նարատիվներ, որոնք սկսում են նորմալ ընկալվել: Հաճախ հումորը և երգիծանքը օգտագործվում է տաբուներ կոտրելու, անընդունելին ընդունելի դարձնելու համար:
Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, և բերել այդ պրոպագանդան հումորի դաշտ` գիտակցված մանիպուլյացիա է:
Խստիվ դատապարտում եմ նման խոսույթը: Նույնիսկ կատակով Սյունիքի մասին չի կարելի նման բան խոսել: Ամոթ է»:
Հ․Գ․ Փաստորեն ՔՊ-ականներին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ կարելի է ՀՀ սուվերեն տարածքներից հանձնել, Արցախը տալ ու քարտեզից ջնջել, դա ամոթ չէ, բայց ամոթ է, որ դերասանը հումորային բեմադրության մեջ հեգնել է իշխանություններին։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ