Արձակուրդից առաջ

Արձակուրդից առաջ

Մենք այս տարի որոշել էինք թերթի տպագրությունը չդադարեցնել եւ արձակուրդ չգնալ։ Կարծում էինք, որ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակն այնքան թեժ է, որ մեր թերթի ներկայությունը պահանջված կլինի։ Մանավանդ՝ մարզերում ունենք հավատարիմ ընթերցողների մեծ բանակ, որը համացանցում չի կարդում, այլ՝ անկախ նյութական խնդիրներից, ամեն օր գնում է կրպակ եւ 100 դրամ ծախսում «Հրապարակ»-ի օրվա համարը ձեռք բերելու համար։ Բայց քաղաքական իրադարձությունները նկատելիորեն սառել են վերջին օրերին, եւ մենք՝ լրագրողներս, ոչ միայն հանգստանալու եւ վերալիցքավորվելու կարիք ունենք, այլեւ այս տարի ամբիցիոզ ծրագրեր ենք մշակել։

Ուզում ենք մեր «Հրապարակ-TV»-ն զարգացնել եւ սեպտեմբերից նաեւ այդ հարթակում հանդես գալ․ hraparak.am-ին զուգահեռ տեսանյութերով ներկայանալ մեր ընթերցողին։ Եվ այս կարճատեւ արձակուրդը, որը կտեւի երկու շաբաթ, մտադիր ենք օգտագործել այդ ծրագրերի մշակման, իրականացման եւ ընթացքի մեջ դնելու նպատակով։ Այնպես որ՝ արձակուրդ, ըստ էության, չենք գնալու, այլ աշխատելու ենք՝ ավելի մեծ եռանդով եւ ավելի ծանրաբեռնված, որովհետեւ որոշել ենք նոր «մասնագիտություն» յուրացնել եւ նոր արտադրանք ներկայացնել մեր սիրելի ընթերցողին։ Այս ոլորտը մեզնից շատերի համար բոլորովին նոր է՝ չյուրացված ու անծանոթ, եւ մենք դժվար ենք պատկերացնում այն։ Ի վերջո, համակարգչի մոտ նստած հոդված գրելը, ձայնագրիչով հարցազրույց անելը եւ տեսանյութ ու հաղորդում պատրաստելը բավականին տարբեր բաներ են։ Հուսանք, որ կստացվի, եւ մենք հուսախաբ չենք անի մեր ընթերցողին, իսկ առաջիկայում՝ նաեւ հեռուստադիտողին։ Չէ որ կարեւորը միտքն է, բովանդակությունը, սեփական գործին նվիրվածությունը։ Եթե դա կա, եւ գործն էլ անում ես սիրով, ուրեմն կստացվի։