Ինչու՞ է լռում Ադրբեջանի ԱԳՆ-ն

Ինչու՞ է լռում Ադրբեջանի ԱԳՆ-ն

Ինչու՞ է լռում Ադրբեջանի ԱԳՆ-ն. նման հարցադրում է արել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի Մոսկվա կատարած այցին: 

Ընդսմին, արվել է կարեւորագույն ճշգրտում. այն դեպքում, երբ  Մայիլյանի ամերիկյան այցի դեպքում Բաքվում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի պաշտոնական նոտա է փոխանցվել, Արցախի արտգործնախարարի ռուսաստանյան ուղեւորությունը եւ Մոսկվայում հանդիպումները «դեռեւս ուսումնասիրվում են» Ադրբեջանի ԱԳՆ կողմից՝ ինչպես հայտարարել է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան: Այս իրողությունը, երեւում է, անհանգստացրել է ադրբեջանական հանրության որոշակի շրջանակների, եւ լրատվամիջոցը նույնիսկ ԱԳՆ-ին մեղադրել է «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ՝ ակնհայտորեն ինչ-որ բան ակնարկելով: Այս հրապարակմանն ադրբեջանական ԱԳՆ-ն պատասխանել է միջնորդավորված՝ հավաստիացնելով, որ որեւէ երկրի դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասին տեղեկությունը տարածվում է պոստ-ֆակտում, երբ ամեն ինչ ավարտված է լինում: Հասկացվում է, որ Արցախի արտգործնախարարի Մոսկվա այցի կապակցությամբ Բաքվում Ռուսաստանի դեսպանը դեռեւս ԱԳՆ չի հրավիրվել, բայց բացառված չէ, որ կհրավիրվի:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ համապատասխան խողովակներով ուսումնասիրում է Մասիս Մայիլյանի հանդիպումների մասին մամուլում հայտնված տեղեկատվությունը: Ամենակարեւորը՝ ադրբեջանական ԱԳՆ-ն «փորձում է պարզել նրա հանդիպումների շրջանակը»: Այսինքն՝ ճշտել, թե ռուսաստանյան փորձագիտական-վերլուծաբանական ի՞նչ շրջանակների հետ է շփվել Արցախի արտգործնախարարը: Ի դեպ, այդ մասին որեւէ տեղեկատվություն չի տարածել նաեւ Արցախի ԱԳՆ-ն: Մայիլյանի մոսկովյան հանդիպումների մասին տեղեկատվական արտահոսք, գոնե առ այս պահը, չի արել նաեւ ռուսաստանյան մամուլը: Գուցե դա՞ է ադրբեջանական ԱԳՆ-ի լռության պատճառը: