Ե՛վ լավ, ե՛ւ վատ

Ե՛վ լավ, ե՛ւ վատ

Կյանքը տեղում կանգնած չէ` այն շարունակ իր շտկումներն է մտցնում, նոր դրսեւորումներ ունենում եւ լի է հաճելի ու տհաճ անակնկալներով: Հետ նայեք` տարիների հեռվից ապշել կարելի է, թե ինչքան շատ բան է փոխվել մեր շուրջը, եւ ինչպես է փոխվել մեր վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ: Եվ չէր կարող չփոխվել, որովհետեւ եթե դուք, ասենք, 50-60 տարեկան եք, կնշանակի պատմական իրադարձությունների եք մասնակից եղել` համակարգային փոփոխություններ, պատերազմներ, ճգնաժամեր, հեղափոխություններ, վերելքներ ու վայրէջքներ, որոնք բոլորն իրենց հետքը թողել են ձեզ վրա: «Սկսել» եք «սեւ-սպիտակ հեռուստացույցի» ժամանակներից եւ հասել մինչեւ արհեստական բանականության օրեր, որի մասին առաջին տեղեկություններն ուղղակի վախ են առաջացնում: Ձեր աչքի առաջ հին ու մի ամբողջ սենյակ զբաղեցնող սովետական համակարգիչները վերածվել են սմարթֆոնների ու նոութբուքների:

Եթե ընդամենը 50 տարի առաջ երազում էիք լարային հեռախոս ունենալ ձեր տանը, որ փոստում հերթ կանգնելով` ժամերով չսպասեք հեռավոր քաղաքում բնակվող ձեր բարեկամի հետ մի քանի րոպե խոսելուն, հիմա աշխարհի ամենահեռավոր անկյունում գտնվող ձեր ընկերոջ հետ կարող եք հաղորդակցվել ինտերնետ գերարագ կապի միջոցով, եւ դա կլինի կենդանի շփում: Այս տեխնիկական խելակորույս առաջընթացը, բնականաբար, նաեւ հանրային մտածողության, սովորույթների, պատկերացումների փոփոխություններ է առաջացրել: Եթե ժամանակին որեւէ սեւամորթի կամ սեռական փոքրամասնության հանդիպելը ձեզ մոտ շոկ կարող էր առաջացնել, հիմա շատ ավելի խաղաղ եք դրան նայում: Եթե առաջ ճամփորդելը քչերին էր մատչելի, հիմա այդպես չէ: Եթե 90-ականներին ցնծում էիք, որ վերջապես անկախ պետություն ունեցաք, հիմա հաշտ ապրում եք այդ պետությունը կորցնելու վտանգի հետ: