Կադաստրի կոմիտեն լապշա է կախում

Կադաստրի կոմիտեն լապշա է կախում

Կառավարությունը ոչ մի կերպ չի հրաժարվում գույքահարկի բարձրացման հաշվին բյուջե փող բերելու մտադրությունից։ Հունիսի վերջին քննարկվեց անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Իսկ երեկ գույքն ավելի բարձր գնահատելու հնարավորություն ստեղծող փաստաթուղթը քննարկվել է Հանրային խորհրդում՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի ներկայությամբ։ Նա հանգստացրել է հավաքվածներին՝ ասելով, որ օրինագիծը «ոչ թե գույքահարկը հաշվելուն է վերաբերում, այլ անշարժ գույքի կադաստրային արժեքին»։

Այսօր գործող կադաստրային արժեքները, պարզվում է, հնացած են, չեն համապատասխանում իրական շուկայական արժեքներին, եւ օրինագծի նպատակն է կադաստրային արժեքները շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելը։ «Ենթադրվում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում»,- ասում է Կադաստրի կոմիտեն եւ «բացատրական» աշխատանք է տանում՝ մարդկանց ականջներին լապշա կախելով ու ներշնչելով, որ խոսքը ոչ թե գույքահարկի բարձրացման մասին է, այլ գույքի կադաստրային արժեքի նոր հաշվարկի։ Նախ, օրինագիծը գրողները տերմիններն իրար են խառնել՝ անշարժ գույքի գինը լինում է կա՛մ շուկայական, կա՛մ կադաստրային։

Կադաստրային արժեքը հաշվարկում են ըստ տվյալ գույքի միջոցով ստացվելիք կամ ստացվող եկամտի, ըստ նրա, թե որքան եկամուտ կարող է բերել տվյալ գույքը։ Չի կարող լինել անշարժ գույքի կադաստրային արժեքի շուկայական գնահատում։ Այս բառերի համակցությունն ընդամենը հնարք է, որ կադաստրային արժեքներն ավելի բարձր գնահատելով՝ փորձեն բնակչությունից ավելի շատ հարկ կորզել։ Լավ է, եթե խոսքը մեծահարուստների մասին է, որոնք, օրինակ, քաղաքի կենտրոնում գույք ունեն, բայց կադաստրային արժեքը ցածր է։ Չնայած այս դեպքում էլ պետք է հաշվարկեն գույքի հնությունը, մաշվածությունը եւ այլ պարամետրեր, որոնք նվազեցնում են կադաստրային արժեքը։ Բայց ի՞նչ անի կենտրոնի հասարակ բնակիչը, որն իր տատիկից ժառանգած բնակարանում է ապրում եւ իր գույքից որեւէ եկամուտ չի ստանում։

Ինչո՞ւ պետք է հունվարի 1-ից ավելի մեծ գումար վճարի պետությանը, որովհետեւ չի ուզում վաճառել հայրական տունը։ Իրականում սա քաղաքացիներին հարստահարող, ոչ պրոֆեսիոնալ քայլ է, որը փորձում են օրինականացնել՝ տարատեսակ հանրային քննարկումների իմիտացիա ստեղծելով։