Մինչեւ չհամախմբվենք, չապաշխարենք, կաթողիկոսի օրհնությունը չստանանք, լուծում չի լինի

Մինչեւ չհամախմբվենք, չապաշխարենք, կաթողիկոսի օրհնությունը չստանանք, լուծում չի լինի

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Արցախի Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է տեսնում հարցի հանգուցալուծումը, ինչ քայլեր են անհրաժեշտ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար։ «Որպես հոգեւոր հայր, որպես մարդ, ով 80-ականներից ապրում է Արցախ աշխարհում, ես չեմ տեսնում, որ այս հարցը շուտ հանգուցալուծվի, քանի որ այսօր մեր ժողովուրդը դրսից է սպասում օգնություն, որը, վստահաբար ասում եմ, չի լինելու։ Մինչեւ մենք չհամախմբվենք, ազգովի չապաշխարենք, չգնանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը չստանանք, այս հարցը չենք կարողանալու լուծել, որովհետեւ մեր ազգին պետք են սեր, միասնություն, համախմբում․ նույնիսկ 2020-ից հետո մենք չկարողացանք իրար սիրել, նախանձը, բամբասանքը, ցավը մտան մեր մեջ»,- ասում է Տեր Հովհաննեսը։

Այս իրավիճակում պայքարելու փոխարեն ապաշխարանք եւ աղո՞թք։ «Ոչ, ոչ, նախ դա պետք է լինի, եւ այդտեղից պետք է սկսենք, եթե մենք իրար չսիրենք, չենք կարող համախմբվել, չենք կարող մի կետի գալ։ Չունենք ազգային մտածելակերպ, ազգային գաղափարախոսություն, համերաշխություն, միասնություն, տեսեք՝ 30 տարվա մեջ թուրքն ինչի է հասել։ Իրենք ունեն իրենց առաջնորդը, ղեկավարը, իսկ մենք ի՞նչ ենք անում մեր առաջնորդների, հերոսների, զինվորների, հոգեւորականների հետ, նույնիսկ եկեղեցու դեմ ելանք։ Աստծո հանդեպ մենք չար խորհեցինք եւ չար գործեցինք։ Սա է, բայց մենք շանս ունենք, սիրելի իմ հայ ժողովուրդ, մի այսպիսի միտք կա՝ միայն զենքով կա հային փրկություն, դրա մեջ մտնում է ե՛ւ հավատքը, ե՛ւ սերը, ե՛ւ միասնությունը, ե՛ւ ազգասիրությունը, ե՛ւ հայրենասիրությունը։ Հայրենիք ասելով ի՞նչ ենք հասկանում մենք, այսօր դրսում էլ, արտասահմանում էլ բոլորը հայրենիք են կանչում։ Այդ բառը դարձել է վերացական, ծամոնի նման բառ՝ ծամում են։ Եկեք ազգովի ապաշխարենք, համախմբվենք, դեռ շանս ունենք, հաղթանակը դեռ մերն է՝ եթե համախմբվենք, ունենանք ճիշտ, հավատացյալ, ազգային գաղափարով քայլող առաջնորդ, մենք կհաղթենք։ Ես պատրաստ եմ իմ ազգի համար ամեն ինչի»։

Ստեղծված իրավիճակում Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայությունն ինչպե՞ս կարող է ազդել վիճակի վրա։ Բողոքի ցույցերը, կոչերը, քայլերն ինչ-որ դեր կարո՞ղ են ունենալ։

«Նախ, մարդը չի կարող 2 տիրոջ ծառայել՝ Աստծուն եւ անիրավ մամոնային։ Այսօր մենք՝ բոլորս, ծառայում ենք անիրավ մամոնային, 2018-ից մենք եկեղեցուն ենք դեմ գնացել եւ ժողովուրդը բաժանել ենք 2 մասի՝ սեւեր ու սպիտակներ, հներ ու նորեր, արցախցի, հայաստանցի՝ բաժանեցին ու պառակտեցին եւ իրենց նպատակին հասան։ Չկա արցախցի, չկա հայաստանցի, կա հայ ժողովուրդ, մենք պետք է համախմբվենք, այս մտածելակերպը, միտքը մենք մեր միջից պետք է հանենք, Աստված դրան է սպասում, Աստված մեզնից չի հեռացել, այդ մենք ենք հեռացել Աստծուց, պիտի համախմբվենք, առ Աստված մոտենանք, աղոթենք։ Շուտով Սուրբ ծնունդ է գալիս, եթե մենք աղոթենք ու մեր Տիրոջ Սուրբ ծնունդը ճիշտ ու ի սրտե նշենք, օրհնություն ստանանք, կարող ենք հասնել մեր նպատակին։ Սովետի ժամանակ մի այսպիսի բան կար՝ քանակի անցումը որակի, այսօր մենք հրապարակներում խոսելու, նստելու, գիշերելու փոխարեն պետք է գործենք եւ պետական մտածելակերպով աշխատենք։ Մինչդեռ մարդիկ այսօր անիրավ մամոնայի հետեւից են ընկել եւ մարդիկ կան՝ կաշառվել են, բայց «կաշառք» բառը վերացել է եւ պարգեւավճար է դարձել, ու դրա համար անտարբերությունը զոմբիացրել ու նստել է մեր մեջ, բայց չգիտեն, որ վաղը թուրքը գալու է մտնի մեր տունը, ձեր տունը եւ արդեն իսկ եկել է։ Ուրեմն եկեք քայլ անենք, մենք 88-ին ավելի ծանր օրեր ենք ապրել, այսօր այս շրջափակումը մեզ չի խեղդում, չի նվաստացնում, չի վախեցնում, բայց չեմ ուզում, որ նորից գանք հասնենք 88-ին, եկեք բոլորս համախմբվենք եւ զենքով պաշտպանենք»։