Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ միայն ինքն իրավունք ունի «ճռիկ-վռիկներ» անել հրապարակում

Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ միայն ինքն իրավունք ունի «ճռիկ-վռիկներ» անել հրապարակում

Իրավական վակխանալիան հենց այսպիսին է լինում. անօրինական, հակասահմանադրական հայտարարություններ երկրի առաջին դեմքի կողմից, իշխանության տարանջատման սկզբունքի համատարած ոտնահարում, խումհարի մեջ` կիրակի օրով` ՍՄՍ-ներով իջեցված հրահանգներ, հրաժարական գրելու առաջարկով, բարձրաստիճան պաշտոնյաների ոչխարային հնազանդություն եւ ոչ մի բացատրություն հանրությանը` ինչի համար, ինչպես, ինչու։

Կադրային ջարդի այս ալիքը սկսվեց կառավարության վերջին նիստից, որի ժամանակ մի անհասկանալի, խառնափնթոր ճառ ասաց երկրի վարչապետը` այն մասին, որ իր համբերության բաժակը լցվել է: Ինչ ուզել են ուժայինները, ինքը տվել է, բայց արդյունք չկա` դատեր կան, որ 7 տարի գնում են, իր ուզած մարդիկ չեն պատժվել, ովքեր «վերեւից էին նայում մարդկանց` շարունակում են վերեւից նայել», շարունակում են փողոցներում «ճռիկ-վռիկներ» անել եւ այլ անհոդաբաշխ արտահայտություններ: Մի խոսքով` հոգեպես անհավասարակշիռ, իր լիազորությունների սահմանները չճանաչող մարդու խոսք, որին լսող ուժայինները երեւի աղոտ էին հասկանում, թե ինչ է իրենցից ուզում այս մարդը:

Նիստից հետո տեղեկացանք, որ բոլոր ուժայինների ղեկավարները գնացել եւ խորհրդակցություններ են արել իրենց գերատեսչություններում: Դատարանն անմիջապես բերման ենթարկելու որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ, թեեւ այդ դատավարությունն ինքնին ապօրինի է եւ միայն Փաշինյանի ցանկության պատճառով է շարունակվում: Գյումրիում կալանքի տարան Սամվել Բալասանյանի որդուն` Խաչատուր Բալասանյանին: Այսինքն, պարզվեց` դատավորները լավ էլ հասկացել են, թե ինչ է իրենցից ուզում 6 տարում վրեժի ծարավը չհագեցրած Նիկոլ Փաշինյանը:

Բայց պարզվեց` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միայն դա չի ուզում` նրա սիրտը լայնածավալ շոու եւ հորդառատ «արյուն» է ուզում, տվյալ դեպքում` պաշտոնյաների «արյուն», որ իր ընտրողին ցույց տա, թե` շարունակում է պատժիչ գործողությունները եւ չքավոր խավի հավերժ ատելությունը` ունեւոր խավի նկատմամբ իր համար շատ կարեւոր է, ուստի փորձելու է հագուրդ տալ այդ խավի պահանջներին, որ վերականգնի 2018-ին` ժողովրդական վրիժառուի իր կերպարը եւ կրկին վերընտրվի:

Կառավարության նիստից 2 օր անց հանգստյան օրը, նա Իջեւանում մատաղ ուտելուց հետո որոշել է շարունակել այս խաղը` հասկացնելու համար բոլորին, թե ով է «երկրում ասողը»: Այսպես ասած, ուժ ցուցադրել, որ ոչ մեկը չհամարձակվի իրեն «թույլ» ղեկավար համարել, որ ոչ մեկն իրեն «քյասիբի ռադիոյի» տեղ չդնի եւ չմտածի, թե` «մի բան էր ասեց` կարող են չկատարել իր ասածները»:
Բայց ինչքա՜ն պետք է մարդը չգիտակցի պետական կառավարման սկզբունքները եւ իր առաքելությունը, որ զբաղեցնելով նման պաշտոն նման ձեւով իրեն պահի.

1. Մարդկանց ոչ թե ազատի, այլ առաջարկի դիմումներ գրեն` կամովին հեռանան: Եթե վատ են աշխատել եւ արժանի են հեռացման, ինչո՞ւ են իրենց դիմումներով հեռանում, այլ ոչ թե հրամանագրերով: Ինչո՞ւ չեն հրապարակվում նրանց վատ աշխատանքի հանգամանքները, հանրությանն ինչո՞ւ չեն տեղեկացնում, թե ինչում են թերացել այս պաշտոնյաները: Եւ ինչո՞ւ այսպես «բիրիքով»` փնջով ու մեկ օրում:

2. Մարդկանց բարձր պետական պաշտոններից ազատի հանգստյան օրը` վոթսապից ուղարկված ՍՄՍ-ներով, նրանց չբացատրելով իր հանկարածահաս հիստերիայի պատճառը եւ երես առ երես չխոսելով, չբացատրելով պատճառները, այլ ստորացնելով ու նվաստացնելով, ըստ էության` այդ բոլոր անձանց օգտագործելով ու դեն նետելով:

3. Ինչպե՜ս կարող է սոցցանցերում աղմուկից հետո միայն հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոններից ազատելու որոշումը: Ինչքա՜ն պարապ է այս երկրի ղեկավարը, որ ողջ օրը հեծանիվ է վարում, հետեւում սոցցանցերում գրառումներին: Այդ դեպքում ինչո՞ւ չի տեսնում իր հասցեին գրված կարծիքներն ու իր հրաժարականի հազարավոր պահանջները: Ինչո՞ւ ինքը դիմում չի գրում, մեզ բոլորիս ազատելով իրենից:

Երկիրն իր ապրումների, իր վախերի, իր վրիժառության, իր գիտելիքների ու պատկերացումների պրիզմայով գնահատող, պետական կառավարումից այդպես էլ ոչինչ չհասկացած, բոլոր պետական ինստիտուտները ոչնչացնող այս անձը որոշել է խելագարության հասցնել բոլորին: Արտաքին ասպարեզում բացարձակապես կրախի մատնվելուց եւ ՀՀ իշխանության մանյովրի ամպլիտուդը մինիմումի հասցրած Փաշինյանը փորձում է գոնե ներքին դաշտում իրարանցում առաջացնել, օրակարգ թելադրել, շոու սարքել, որ իր նախկին «դուխով» իմիջը վերականգնի: Այսինքն, հերթական մանիպուլյացիաների եւ խաբեության միջոցով փորձում է իշխանություն պահել: