Միսը որ առնում ես, ոսկոր չկա՞ մեջը

Միսը որ առնում ես, ոսկոր չկա՞ մեջը

Հայաստանի ավելի քան մեկ տասնյակ համայնքներում կիրակի օրն ընտրություններ էին։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքներից 12-ում ընտրությունները՝ հերթական, իսկ 4-ում՝ արտահերթ։ Թավշյա իրադարձություններից հետո սա արդեն որերորդ համայնքային ընտրություններն են, որոնց մասնակցում են հիմնականում անկուսակցական թեկնածուներ կամ էլ համայնքների նախկին ղեկավարները։ Կուսակցությունների պարագայում իրավիճակ չի փոխվել՝ զլանում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ունենալ արդար ընտրությունների միջոցով ընտրված գեթ մեկ համայնքապետ։

Այս ընտրություններին մասնակցած թեկնածուներից էլ միայն երկուսն են կուսակցական՝ Կոտայքի մարզի Ողջաբերդի գործող ԲՀԿ-ական համայնքապետը, որը վերընտրվել է, եւ Արագածոտնի Հակո համայնքի ՀՀԿ-ական գյուղապետը, ով առանց մրցակիցների նույնպես վերընտրվել է։ Փոխարենը բախտը չի ժպտացել նույն մարզի Թլիկ համայնքի գյուղապետին, ով պարտվել է ինքն իրեն։ Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) 9 ձայն է իր օգտին ստացել,13՝ դեմ։ Նախորդ անգամ թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին այս համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրություններում թլիկցիները 20%-ով ավելի բարձր մասնակցություն են ապահովել: Թլիկը եզդիաբնակ գյուղ է՝ մի քանի ընտանիք է ապրում, պատմում են՝ սոսկալի վատ վիճակում են՝ ո՛չ գազ կա, ո՛չ ասֆալտ, ո՛չ ջուր։ «Ու դեռ դժվար է ասել՝ թեկնածուն պարտվե՞ց, թե՞ փրկեց ինքն իրեն»,- կատակեց հարակից համայնքի մեր զրուցակիցը։ 

Նորապատ, Զարինջա, Ալաշկերտ. սրանք էլ այն գյուղերն են, որտեղ գործող գյուղապետերն առանց մրցակիցների վերընտրվել են պաշտոններում։ 200-ից ավելի ձայնի տարբերությամբ երկու հեղափոխական մրցակցի հետ պայքարում վերընտրվել է նաեւ Կոշի 14 տարվա համայնքապետ Աշոտ Ենգիբարյանը։ Նրա մրցակիցները հայտարարում էին, որ առաջադրվել են, որպեսզի հեղափոխությունը նաեւ իրենց գյուղ հասցնեն։

Ամենամրցակցայինն Արարատի Տափերական համայնքում էր՝ ընտրություններ 8 թեկնածուով։ Նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ բացատրելով առողջական խնդիրներով։ Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականին։ Այստեղ հաղթել է գյուղապետարանի հաշվապահը՝ Կարեն Խաչատրյանը, ով նախկինի մտերիմներից է, ասում են՝ նրա գիծը շարունակողը։ Առաջադրված թեկնածուներից Մուշեղ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն էր, Ոսկան Միսակյանը՝ Արարատի մարզպետարանի հողաշինության, հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետը՝ մարզպետի թեկնածուն։ Արագածոտնի Ավան համայնքում էլ արտահերթ ընտրություններ էին, նախկինը հրաժարական էր տվել այս տարվա օգոստոսին, ընտրվել էր 2 տարի առաջ։ Հաղթած թեկնածու Գեւորգ Գալստյանն ասաց՝ Ռուսաստան էր գնում-գալիս, քիչ էր մնում, հեղափոխությունից հետո եկավ, երեւի հասկացավ, որ չի հասցնում՝ հրաժարական տվեց։ Նորընտիր համայնքապետը գյուղի դպրոցի մանկավարժներից է՝ անկուսակցական։ Ասաց, որ չունի հեղափոխականների աջակցությունը եւ առաջիկայում էլ չի պատրաստվում որեւէ թիմի ինտեգրվել։

Այդուհանդերձ, կիրակնօրյա ընտրությունների արդյունքներից հետո ամենաշատ աղմուկը բարձրացավ Արմավիրի Ալաշկերտ համայնքի շուրջ։ Ընտրություններից հետո ԶԼՄ-ները պարզեցին, որ հաղթող Կարեն Հովհաննիսյանը ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է: Կարեն Հովհաննիսյանը որդու՝ պաշտոնյա լինելու հանգամանքը շահարկողներին հիշեցնում է իր կենսագրությունը․ «2008-ից համայնքապետ եմ, էն ժամանակ էլ որդիս հո պաշտոնյա չէ՞ր»։

Քվեարկությանը մասնակցած 628 ընտրողից Հովհաննիսյանին ձայն է տվել 60-ը, դեմ է քվեարկել 17-ը։ «Ես չեմ որոշել առաջադրվել, ժողովուրդն է որոշել, իրենք չեն ուզում, որ ես գնամ»,- մեր հաջորդ հարցին էլ այսպես պատասխանեց Հովհաննիսյանը։ Ինչո՞ւ առանց մրցակիցների, միգուցե վախեցել են պաշտոնյա որդուց եւ չե՞ն առաջադրվել։ Հարցը փչացրեց Հովհաննիսյանի հաղթական տրամադրությունը․ «Չեն առաջադրվել, որովհետեւ իրանք չէին կարա անեին այն, ինչ ես եմ արել իմ գյուղի համար։ Մարդն էսօր ոնց ա թեկնածու դնում՝ շրջում ա, ստորագրություն հավաքում, տեսնում՝ մարդիկ իրան հավատում են, թե չէ, երեւի ոչ մեկի մոտ չի ստացվել»։ Բայց Դուք միաձայն չեք ընտրվել։ «Շատ կներեք, էլի, որ Դուք շուկայից միս եք գնում, ոսկորները չե՞ք շպրտում»։ Փորձեցի հասկանալ՝ ում նկատի ունի «ոսկոր» ասելով՝ չընտրողների՞ն։ «Բա էդ էլ ա հետաքրքիր (չընտրողներին՝ նկատի ունի), որ չլիներ, հետաքրքրություն չէր լինի»։ Ի դեպ, Հովհաննիսյանը նախկին ՀՀԿ-ական է, կուսակցությունից դուրս է եկել հեղափոխությունից հինգ պակաս, պայքարել է հանուն իշխանափոխության։ «Բա ոնց՝ պայքարել եմ»,- ասում է նա։