Ի՞նչ եղավ Նիկոլի «Ճանապարհային քարտեզը»

Ի՞նչ եղավ Նիկոլի «Ճանապարհային քարտեզը»

Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարում հարյուրավոր խոստումներ է տվել։ Խոսքը 2018 թ․ իշխանափոխության ժամանակ միլիոնավոր դոլարների ներդրումների, ներգաղթի, ազատ ու երջանիկ Հայաստանի վերաբերյալ խոստումների մասին չէ, այլ ընդամենը մեկ տարվա վաղեմության ճանապարհային քարտեզի։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի պահանջին ի պատասխան, ներկայացրեց իրավիճակի հանգուցալուծման 15 կետանոց ճանապարհային քարտեզ, որի 1-ին եւ 2-րդ կետերն են․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ»։ 

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանի խոսքով՝ կացարանով ապահովվել է հադրութցիների մի քանի՝ մատների վրա հաշվված ընտանիք։ Դա, մեր զրուցակցի խոսքով, չի կազմում անգամ զոհվածների ընտանիքների տասը տոկոսը։ «Էդ տեղավորելն էլ՝ իրենց քեֆին․ ոնց ուզում են, անում են։ Չեն ասում, որ դիմացինը մարդ է․․․ էս մի տարվա ընթացքում մարդ կա, որ մի 8-10 անգամ վարձու բնակարանի տեղը փոխել ա, չեն ասում, որ մարդ է՝ չի կարող էստեղից էնտեղ քոչել։ Ոչ մի կանոնակարգված, պետականորեն սիստեմավորված բան չկա ոչ մի բնագավառում»,-ասում է Հայրյանը։ Նրա կարծիքով՝ իրենց մասին Հայաստանի իշխանությունները մտածում են ոչ թե իրենց խնդիրները լուծելու տեսանկյունից, այլ որպես գլխացավանքի։ Այս պահին «Հանուն Հադրութի» շարժումը պահանջում է փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակ, որը չեն տալիս։ Լեւոն Հայրյանն ասում է․ «Մեզ ասում են՝ դուք ավելի բարձր կարգավիճակ ունեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Առանց էդ էլ էդ նույն միտքն օգտագործվում է հակառակ կողմից՝ Ալիեւի, որն ասում էր՝ Հադրութում մշտական բնակիչ չի եղել, դրանք Հայաստանի քաղաքացիներ են եղել, որոնք ժամանակավոր բնակվում էին Հադրութում։ Հիմա մենք խնդրում ենք, որ փախստականի կարգավիճակ տան, որպեսզի վաղը, երբ գոնե էդ չեղած թուղթը, որ կա, դրա կետերը որոշեք իրականացնել (նկատի ունի նոյեմբերի 9-ի պայմանագիրը), իրավունք ունենանք վերադառնալ մեր հայրենիք, ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունները խուսափում են․․․ նաեւ ուղիղ մեզ պատասխանելուց»։ 

Լեւոն Հայրյանն ասում է, որ իրենք մտովի հաշտվել են տարածքների կորստյան հետ, ու դրա համար էլ հադրութեցիների համար տներ են սարքում Ասկերանի շրջանում կամ Ստեփանակերտի մի թաղամասում ու կիսադատարկ, խուլ գյուղերում, որտեղ 1-2 դատարկ տուն կա։ «Երբ մենք ասում ենք, որ ավելի լավ է, որ մի որեւէ սահմանամերձ բնագծի մոտ մեզ համար ժամանակավոր բնակավայր սարքեք, որպեսզի էնտեղից մենք գոնե բարոյական ճնշում գործադրենք՝ մեր հողերը վերադարձնեն, դա էլ են անտեսում»։ Լեւոն Հայրյանն այս ամենից միայն մի բան է հասկացել, որ իշխանությունները դրանում շահագրգռված չեն եւ ինչ ասում են, ասում են՝ մանիպուլացնելու համար։ Ավելի կոնկրետ․ «Մեր գլուխներն արդուկելու համար, որ ժամանակ շահեն։ Եվ իրենց մոտ կոնկրետ քայլեր՝ Հադրութ կամ Շուշի վերադարձնելու, չեմ տեսնում։ Դրանց հակաքայլեր շատ եմ տեսնում»։ 

Հաջորդ կետը՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում։ Առաջին հայացքից ինչ-որ քայլեր արված են, բայց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ասում է՝ ոչ, կատարված չեն։ «Կատարված չեն, որովհետեւ գործընթացը վերականգնված չէ։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ այն, ինչ տեղի է ունենում, այն, ինչ հայտարարում են ՄԽ համանախագահները, որ, այնուամենայնիվ, կարգավիճակի հարցը պիտի լուծվի, եթե նույնիսկ այդ գործընթացը վերականգնվի, Հայաստանն այլեւս չի լինելու այդ բանակցությունների լիարժեք կողմ։ Մեր կարծիքը նույնիսկ հաշվի չեն առնելու։ Եվ  նույնիսկ դա արվում է ոչ Հայաստանի իշխանությունների կամքով եւ ջանքերով։ Մերոնց որ մնար, կասեին՝ դա էլ պետք չէ»։ 

ՀԳ․ Մեջբերենք Փաշինյանի ճանապարհային քարտեզի կետերից եւս 4-5-ը․ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում», «Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում», «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում» (տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ ՀՀ-ից այս ընթացքում դուրս է եկել մոտ 100 հազար մարդ) եւ այլն։ Անգամ անզեն աչքով երեւում է, որ դրանք չեն կատարվել։ Կամ՝ 4-րդ բարձրագոչ կետը․ «Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը»։ Արցախում ադրբեջանցիներն այսօր օրը ցերեկով գնդակահարում են շինարարություն իրականացնող հայ երիտասարդին, եւ դրանով ամեն ինչ ասված է։ Մյուսը՝ «գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ»։ Ոչ միայն արված չէ, այլեւ այս ընթացքում նորանոր գերիներ ենք ունեցել։ 

Մյուս կետերին՝ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ, «պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում, հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում, զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրարկման մեկնարկ, հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում, Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում», կանդրադառնանք հաջորդիվ։