Թամաշա եւ հակաթամաշա՝ կրվածի եւ կրածի

Թամաշա եւ հակաթամաշա՝ կրվածի եւ կրածի

Երբ արտահերթ խորհրդարանական ընտրությանը ձայն էի տալիս «Հայաստան» դաշինքին՝ դա անում էի գիտակցորեն: Իմ հոդվածների մշտական ընթերցողները հասկանում են թե ինչ է ասել գիտակցորեն կոնկրետ իմ ընտրության առումով: Հուսով էի, որ դաշինքն այնքան քվե կստանա, որ ընդդիմադիր երկրորդ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ միասին կձևավորի կառավարություն: Դրան, ի դեպ, նպաստում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում շաբաթը մեկ իրականացվող միակ բացահայտ հեռախոսային սոցհարցումը: Վերջինս ցույց էր տալիս, որ «Հայաստան» դաշինքն աստիճանաբար բարելավում էր իր դրությունը, իսկ նիկոլական ուսապարկային կուսակցությունը՝ վատթարացնում: Սակայն կատարվեց անսպասելին, ու Նիկոլը վերարտադրվեց:

Շոկային վիճակում գտնվող ընդդիմադիրները հայտարարեցին, որ իշխանության կյանքն Ազգային ժողովում կվերածեն դժոխքի: Ու նորընտիր Ազգային ժողովին առաջին օրվա աշխատանքի ընթացքում ականատես եղանք դրա առաջին արարին՝ իսկական թամաշա: Նայվող բան էր, կարելի էր նույնիսկ ուրախանալ՝ տեսեք, թե ինչ են անում ընդդիմադիրները խորհրդարանական մեծամասնությանը: Բայց ինձ ու երևի բազմաթիվ ինձ նման մտածողներին դա բացարձակ չգոհացրեց: Ս. թ. հունիսի 20-ին ես դրա համար չեմ քվե տվել ընդդիմությանը: Ու ինձ զարմացրեց խորհրդարանի 3-րդ փոխխոսնակի չառաջադրման մասին՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման նկատմամբ վերաբերմունքը: Ըստ տկն. Զոհրաբյանի, եթե ընդդիմությունը չառաջադրի իր կազմից փոխխոսնակի թեկնածություն, ապա դա կբերի խորհրդարանական (սահմանադրական) ճգնաժամի: Ասեմ, որ համարձակ գաղափար է, բայց զարմանում եմ, թե ինչու այդ գաղափարը չէր շրջանառվել ավելի վաղ ընդդիմադիր սահմանադրագետների կողմից, ու ինչու այն մնաց անարձագանք: 

Նիկոլական մեծամասնությունն Ազգային ժողովում ունի ձայների երկու երրորդն ու տեսականորեն ինչ նախագիծ ցանկանա՝ կանցկացնի: Իսկ ընդիմադիր երկու խմբակցություններին բաժին կհասնի դեբոշ սարքելը, իմա՝ թամաշան: Եթե այս ամենը տեղի ունենար մինչև 2018-ի իշխանափոխությունը, ապա դրան դեմ լինող պետք է որ չլիներ: Բայց թամաշան այն պահին, երբ վճռվում է մեր պետականության լինել-չլինելու հարցը, հաստատ տրամաբանական չէ: Ինչը նշանակում է, որ պետք է արվի ամեն ինչ թամաշայից խուսափելու և խորհրդարանը Նիկոլի տակից դուրս քաշելու համար: Հենց այդպես՝  խորհրդարանը Նիկոլի տակից դուրս քաշելու համար: Որովհետև դա էլ երկրորդ թամաշայի կամ ավելի ճիշտ՝ հակաթամաշայի հիմքն է: Խնդրեմ, վայելե՛ք. Նիկոլը շնորհավորում է Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Այսինքն, Ալեն Սիմոնյանին Նիկոլը չի տարել խորհրդարան, Ալեն Սիմոնյանի անունը՝ որպես Ազգային ժողովի նախագահի թեկանու, տվել է ոչ թե Նիկոլը, այլ մեկ ուրիշը. ասենք թե որևէ այլմոլորակային: Եվ քպկական ուսապարկերն էլ Ալեն Սիմոնյանին ընտրել են ոչ թե Նիկոլի անձնական ցուցումով, այլ ինքնակամ: Կասեի՝ նույնիսկ ինքնաբերաբար: Սա էլ հենց իշխանական թամաշան է կամ հակաթամաշան: Ի դեպ, ավելի քան 15 տարի նախկինների դեմ կռիվ տալով՝ պատկերացնում էի, որ նախկինների իշխանությունից ազատվելուց հետո ազատվելու ենք նաև նրանց ներհատուկ՝ իմիտացիաներից կամ թամաշայականությունից: Պարզվեց, որ ժողովրդի ուսերի վրայով իշխանության եկած Նիկոլը ոչ թե վերացրեց այդ երևույթը, այլ ավելի ծաղկեցրեց՝ հասցնելով կատարելիության: Բայց որպես մեր իրականության զավեշտի դրսևորում՝ թե՛ ընդդիմադիր թամաշան և թե՛ իշխանական հակաթամաշան ծառայում են հօգուտ պատերազմը գիտակցորեն պարտության տարած անձի, որն, ի դժբախտություն մեր ժողովրդի, վերարտադրվեց վարչապետի պաշտոնում: