Անգամ այսքան ծեծված վիճակում մարդիկ իրենց կարծիքն արտահայտում են

Անգամ այսքան ծեծված վիճակում մարդիկ իրենց կարծիքն արտահայտում են

Մայիսի 1-ից մեկնարկած դիմադրության շարժմանն այս օրերին կարելի է տեսնել բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, նախկին պաշտոնյաների, որոնց շարքերում՝ նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանին։

Մեզ հետ զրույցում Արեւ Սամուելյանը նկատեց, որ ինքը չէր համեմատի 2018-ի եւ 2022-ի այս շարժումները, որովհետեւ նախեւառաջ նպատակներն են տարբեր․ «Երբեմն թվում է, թե գործիքակազմը նույնն է, բայց եթե այդ գործիքակազմը գործում է, ինչո՞ւ ոչ։ Ինձ թվում է՝ հասունացել է խնդիրը, երկրին փոփոխություններ են անհրաժեշտ, եւ այդ փոփոխությունների նպատակն է, որ թույլ չտրվի վերջնականապես կորցնենք մեր ինքնավար լինելը»։

Ասում է՝ կուզեր, որ հանրահավաքներին ուղղորդված ձեւով առաջնորդները չերեւային, եւ ավելի շատ հասարակ մարդիկ երեւային։ «Գուցե շատերը չեն մասնակցում հանրահավաքներին հենց այն պատճառով, որ առաջնորդները շատ են երեւում, բայց այն, որ փոփոխությունն անհրաժեշտություն է, համենայնդեպս՝ ինձ համար, միանշանակ է»,- ասում է մշակույթի նախկին փոխնախարարը, ում կարծիքով՝ հարցն առաջնորդը չէ, այլ այն, որ պետք է փոփոխություն լինի․ «Հետո այդ միջանկյալ ժամանակահատվածում կարող է լինել կառավարություն, ես կողմ եմ, որ մեր չափի երկրներում չլինի քաղաքական մի ուղղվածություն, բոլոր մասնագետ պրոֆեսիոնալները պետք է մաս կազմեն կառավարությանը, եւ այս կամ այն պաշտոնի նշանակվելը լինի ըստ արժանիքի, ոչ թե ըստ քաղաքական պատկանելության»։   

Մարդկանց դժգոհությունը, ըստ նրա, հանրահավաքին մասնակցող մարդկանց քանակով չպետք է դատել․ «Կա կարծիք, որ եթե հասնի ինչ-որ սահմանային քանակի, այդ ժամանակ փոփոխություններ կլինեն։ Դա մի կարծիք է։ Մյուս կարծիքն էլ այն է, որ շարժումը չի մարում եւ ունի տարբեր դրսեւորումներ, մենք կարող ենք նեղվել կամ չնեղվել ինչ-որ արտահայտչամիջոցներից՝ փողոց է փակվում եւ այլն, բայց եթե քաղաքացիական անհնազանդության այդ ձեւը գործում է, ինչո՞ւ ոչ։ Ինձ համար քանակը չափման միավոր չէ, որովհետեւ ընդդիմադիր լրատվամիջոցները մի թիվ կարող են ասել, իշխանականը՝ չգիտես որ ժամին, որ օրը դրոնով արված մեկ այլ լուսանկար հրապարակել․ կարեւորն այն է, որ դժգոհություն կա, որ ազգն արթուն է, եւ անգամ այսքան ծեծված վիճակում մարդիկ իրենց կարծիքն արտահայտում են։ Եվ չնայած այն քաղաքական հետապնդումներին, որ մենք տեսնում ենք ամենուր եւ անընդհատ, մարդիկ տոկուն են եւ մասնակցում են շարժմանը»։

Ա․ Սամուելյանի կարծիքով, հայապահպանությունը պետք է լինի մեր ազգային գաղափարախոսության հիմնարար սյունը․ «Կարծում եմ, որ ազգային ինքնազգացողությունն այս անգամ մեզ չի դավաճանի եւ ինչ-որ փոփոխությունների կբերի, նաեւ պետք է այլեւս կուռքեր չունենանք, չհամախմբվենք կոնկրետ ինչ-որ մարդու շուրջ, այլ՝ գաղափարի»։