Հրայր Թովմասյանի քայլը

 Հրայր Թովմասյանի քայլը

Շարքային քաղաքացին էլ՝ առանց Սահմանադրության խրթին օրենքներն իմանալու, կարող է դատել՝ իրավունք ունե՞ր Ազգային ժողովը՝ առանց Սահմանադրական դատարանին նախագիծը ներկայացնելու,  սահմանադրական փոփոխություններ կատարել մայր օրենքում։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ երկրում մոլեգնում է համավարակն ու ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում։ Պատերազմական վիճակ է ու պետությունը պետք է մտահոգվի՝ «Ամեն ինչ համավարակի ճակատի համար» նշանաբանով։   

Մի պարզ բան պատկերացնենք։ Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են Սահմանադրական դատարանին, Սահմանադրությանը,  Նա պե՞տք է տեղյակ լինի այդ փոփոխություններին։ Կա՞ այնպիսի կետ, որ նման հարցերը ափալ- թափալ կարող է լուծել Ազգային ժողովը և Սահմանադրական դատարանը պարտավոր չէ իմանալ, թե Ազգային ժողովը ինչ սահմանադրական փոփոխություններ է կատարում։ Սահմանադրական վերահսկողություն պետք չէ՞։ Նախագիծն առաջին հերթին պիտի քննարկվեր Սահմանադրական դատարանում։ Դա անգամ օրենք չիմացող մարդը կարող է հասկանալ և ասել՝ որ հարցը էն գլխից սխալ է դրվել։ Սխալ է դրվել, մանավանդ երբ տեսնում ես, թե ովքեր են մեծամասնության  «կադրային  ռեզերվում»։

Հրայր Թովմասյանը վաղը վարչական դատարանում բողոքարկելու է Ազգային ժողովի ընդունած այն օրենքները, որոնք ընդունվել են առանց ՍԴ –ի համապատասխան եզրակացության։

Սահմանադրություն փոփոխելը աշակերտական տետրի թղթի վրա «գրվող բարաթ չէ», որ երբ ուզես, քեզ ոնց ձեռք տա, փոփոխես։ Որ ցանկացած նոր իշխանություն, երբ գա, վերաձևի այն իր քիմքին համապատասխան։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։ Երբ ասվում է, որ սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Սահմանադրական դատարանը, դա նշանակում է, որ առանց Սահմանադրական դատարանի հնարավոր չէ փոփոխություն անել, վերահսկողը նա է։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պահանջի Սահմանադրական դատարանի կազմից, որ ցանկացած ոտնձգության դեմ անառիկ պահեն մայր օրենքը։ Օրենքի փոփոխությունը՝ իշխանության քիմքին համապատասխանեցնելու համար, պատասխանատվություն է կրելու առաջին հերթին Սահմանադրական դատարանը։ Այդ առումով ճիշտ քայլ է Սահմանադրական դատարանի նախագահի բողոքարկումը։ Հրայր Թովմասյանը ճիշտ տարբերակ է ընտրել։ Պետք է ցույց տալ, որ պետականության տարածքը ցանկապատված է օրենքով։