Ինչո՞ւ է ՔՊ-ն լրատվամիջոցներին դատի տվել

Ինչո՞ւ է ՔՊ-ն լրատվամիջոցներին դատի տվել

Երեկ «Հրապարակը» գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկ օրում` ապրիլի 25-ին շուրջ հինգ դատական հայց է ներկայացրել` «Հայելի» ակումբի, «24 նյուզ»-ի, «Նյուզ էյ էմ-ի», «168» ժամ-ի և «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության դեմ: Մենք փորձեցինք վերոնշյալ լրատվամիջոցներից պարզել, թե ո՞ր հրապարակումն է եղել դատական հայցի պատճառը:

«Հայելի» ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է ՔՊ-ն դատարան դիմել. «Դեռևս դատարանից ծանուցում չեմ ստացել, տեղյակ չեմ» - ասաց Անժելա Թովմասյանը:

168.am կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ ասաց, որ դատական հայցի պատճառը Սիսիանի ՏԻՄ ընտրությունների մասին մի գրառման հրապարակումն է եղել, թե ինչ գրառում, Սեյրանյանն ասաց, որ հարցին առավել մանրամասն կարող է պատասխանել լրատվամիջոցի փաստաբանը:

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ն դատարան է դիմել այն բանի համար, որ վերոնշյալ լրատվամիջոցներն արտատպել են «Քաղաքացու որոշում»-ի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունը հետևյալ վերնագրով` «ՔՊ-ն կաշառք է բաժանում»: 24 նյուզի տնօրեն Նարեկ Գալստյանը ևս տեղյակ չէր, թե ինչն է պատճառը, որ ՔՊ-ն դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ, սակայն վերջինիս կարծիքով` պատճառը ՔՈ-ի հայտարարությունն է.

«Դատարանից ոչինչ դեռ չենք ստացել, սակայն ենթադրում եմ, որ այն կապված է ՔՈ-ի գրառումն արտատպելու հետ: Առարկայական դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դատարանից ոչինչ չեմ ստացել», -նշեց նա: