Կառուցապատողները լավատես են, ռիելթորները` ոչ. ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում
![Կառուցապատողները լավատես են, ռիելթորները` ոչ. ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում](https://hraparak.am/uploads/images/2024/12/image_750x_6759723640080.avif)
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն երեկ «Կոնգրես» հուրանոցում իր տարեկան ժողովն անցկացրեց, որին հրավիրել էր ոլորտային պաշտոնյաների։ Քաղշինի ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը, ՊԵԿ նախագահը չէին ներկայացել, այլ ուղարկել էին տեղակալներին, որոնք ցույց էին տալիս, որ կառավարությունը բիզնեսի կողքին է, բայց բարձրացված հարցերին չէին պատասխանում։ Իսկ կառուցապատողները բարձրաձայնում էին խնդիրներ, թեեւ խիստ զգուշավոր, առանց պատին դեմ տալու հանդիպմանը ներկայացած չինովնիկիներին։
Օրինակ, ասում էին, որ չի պահպանվում իրավական դաշտի կայունության օրենքով սահմանված պահանջը, որ տուրքեր ու տարբեր վճարներ են բարձրացնում, ԱԱՀ-ն գանձվելու է՝ ոչ թե վաճառքի պահից, այլ արդեն գույքի համար վճարած կանխավճարից, եւ այս ու մյուս փոփոխությունները թույլ չեն տալիս պլանավորել, երաշխավորված, կանխատեսելի բիզնես վարել։
«Շինթույլտվությունների տուրքերը փոխվեցին, նախագծերի համաձայնեցման տուրք մտավ, հետո շինթույլտվությունների երկարաձգման տուրք մտավ, ուշացումների դեպքերի համար, հողի կարգավիճակը փոխելու տուրք, ենթակառուցվածքների անցկացման տուրքեր, օրինակ, ենթադրենք, կաբել քաշելու համար պետք է գծամետրի համար 10 հազար դրամ վճարել, իսկ եթե ոչ թե մեկ, այլ երկու լար է գնում, ապա ոչ թե 10000 ես վճարում, այլ արդեն 20000», - իր ելույթում թվարկում էր «ArtCompany» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը:
Մյուս կողմից կառուցապատողները խուսափում էին խոսել իրենց ոլորտում հետզհետե նկատելի դարձող ճգնաժամի մասին, որի պատճառը 2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի հետ վերադարձի օրենքի չեղարկումն է։ Վահե Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ հակառակը՝ այս պահին շուկայում աժիոտաժ է տիրում, քանի որ այս օրենքը դադարում է գործել և բոլորը, ովքեր պլանավորում էին տներ գնել 2025-ին, 2026-ին, 2027-ին, դա անում են 2024 թվականի վերջին։ «Հիմա էլ նկատվում է շուկայում կտրուկ աժիոտաժ, նոտարների մոտ հերթեր, բանկերի մոտ լցված վիճակ է, չեն հասցնում հիպոթեքները հաստատեն», - ասում էր նա։
Իսկ կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը սպասվող գնանկման մասին խոսելով, նշեց, որ այն մեծ չի լինի։ «Մեր պատկերացմամբ գների էական տեղաշարժ չի լինի, որովհետև, ինչպես նշեցինք, ինքնարժեքը գնալով բարձրանում է: Միացման վճարները, տուրքերը, տեղական վճարները կամ հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք այժմ կան, այս ամենը հանգեցնելու է նրան, որ ինքնարժեքը չի իջնելու, իսկ այդ դեպքում սպառողին առաջարկվող վերջնական արդյունքի պրոդուկտի գինը էական շեղում չի ունենալու», - ասաց նա, առանձին անդրադառնալով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների` գազի, ջրի, հոսանքի միացումների հետ կապված լրացուցիչ ծախսերի հարցին, «որոնք չկային, կամ էականորեն քիչ էին, իսկ հիմա տասնապատիկ, հարյուրապատիկ անգամներ մեծ են»։
Կառուցապատողների ասոցիացիայի նախագահին՝ Գուրգեն Գրիգորյանին հարցրեցինք` բավարարվա՞ծ է այս հանդիպումից կառավարության ներկայացուցիչների հետ, որոնք մեր տպավորությամբ՝ բավականին պասիվ էին պահում իրենց և ինչ պատասխան ստացան «Վեոլիա ջրից», ՀԷՑ-ից, որոնք ահռելի վճարներ են ուզում նորակառույցների միացումների համար։ «Կառավարության ներկայացուցիչները չէի ասի, որ շատ պասիվ էին, համենայնդեպս շատ ակտիվ էլ չէին։ Ակտիվությունը միջին էր, կարող ենք ասել։ Ջրի, հոսանքի խնդիրները բարձրաձայնեցինք, բայց նրանք ոչինչ չասացին։ Ուղղակի մենք բարձրաձայնեցինք», ասաց նա։ Ասում եք, որ գների էական նվազում չի լինելու, բայց փորձագետներն այլ կարծիքի են։ «Գների նվազումը 5-10 տոկոս է, բայց դրանից ավելի կարծում ենք` չի լինի, որովհետև շինարարության ինքնարժեքը գնալով մեծանում է»։ Քանի տարում կսպառեք առկա նորակառույց գույքը։ «Չեմ կարող ասել, շուկայի պահանջարկից է կախված սպառումը»։
Նկատենք, որ այս լավատեսության հետ ոմանք համաձայն չեն, որովհետեւ մեր հասարակության գնողունակությունը չի աճում եւ օրենցօր ավելի է դժավարանալու անշարժ գույք գնելը, որը թանկ է` անգամ եւրոպական երկրների համեմատ:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը ևս կածշում է, որ գույքի իրացումը կնվազի, գույքի գները կիջնեն, բայց բնակարանները շատ մատչելի չեն դառնա, թեև իրացման մասով 2026 թվականին անկում է սպասվում։ Մյուս կողմից նա գտնում է, որ պետք է պահել կառուցապատման տեմպը։ Անցյալ տարի, ըստ Սաքապետոյանի, հանձվել է 800-900 հազար քմ բնակտարածք, այս տարի ձգտումը 1 մլն է, իսկ եկող տարի նորից կլինի 700-800 հազար։ «Բայց սա բավարար չէ, մենք պետք է այս տեմպերը գոնե պահենք, որպեսզի 10 տարի հետո մեր քաղաքացիները տեղափոխվեն նոր, հարմարավետ բնակարաններ», - ասում է նա։
Հասկանալի է, որ կառուցապատողները չեն ցանկանա էժան գներով վաճառել գույքը, որի վրա ահռելի ծախսեր են կատարել, սակայն ռիելթորները, անշարժ գույքի շուկայի փորձագետները համարում են, որ այս աժիոտաժի պատկերները, չնչին գնանկման մասին պրոգնոզներն ավելի շուտ ցանկություն են, քան իրականություն։ Նրանք այն կարծիքի են, որ կառուցապատողները արհեստական ակտիվություն ցուցադրելով, փորձում են ստրես առաջացնել, որ մարդիկ չհիասթափվեն, չսպասեն գույքի էժանացման, գնան ու թանկ բնակարաններ գնեն և բանկերում ոչ մի աժիոտաժ էլ այժմ չկա։
«Լավ է, որ Կառուցապատողների միությունը խոսում է տուրքերի բարձրացման խնդրի մասին, բայց ոչ միայն պետք է խոսի, այլև հետամուտ լինի, որ այդ տուրքերը վերացվեն և դատական կարգով հետ վերադարձնեն Երևանում կառուցապատում իրականացնողների վճարած բարձր տուրքերը։ Նաև պետք է հետամուտ լինեն, որ պետությունը հոգա, որ կոմունիկացիոն ծախսերը ևս իջնեն, որովհետև սա բիզնեսի առողջ կանոն է, նաև եթե սա կառուցապատողների շահերը պաշտպանող կազմակերպություն է, ոչ թե հին կառուցապատողների շահերն է միայն պաշտպանում, ուրեմն, պետք է նաև այնպես անի, որ պետության քաղաքացիների համար գույքը հասանելի լինի։ Իսկ գնանկում շուկան ապրելու է, հին ու նոր կառուցապատողները միմյանց մեջ գների առումով մրցելու են։ Ավելի լավ` եթե իրենք հավատում են, որ իրենց մոտ հերթեր են, տա Աստված այդպես լինի, որովհետև դրանից երկիրն է շահելու։ Բայց կարծում եմ, ոչ համարձակ մոտեցումները, այդ հարցերը պետության առաջ կոնկրետ ու համարձակ չդնելով կարող են պետությանը մոլորության մեջ գցել», - մեզ հետ զրույցում ասում է անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։
Կարծիքներ