Ո՞վ է թույլ տվել Արծրունին դարձյալ զբաղվել ստի ու կեղծիքի տարածմամբ

Ո՞վ է թույլ տվել Արծրունին դարձյալ զբաղվել ստի ու կեղծիքի տարածմամբ

Պատերազմի ընթացքում 44 օր իշխանությունների հովանու ներքո հանրությանը ստով ու կեղծիքով կերակրած Արծրուն Հովհաննիսյանը նորից ակտիվացել է: Մարդ, ում այսօր բոլորը անիծում ու հայհոյում են #հաղթելուենք հեշթեգի ներքո մարդկանց խաբելու և մոլորեցնելու, նաև դրանով երկիրը պարտության տանելու համար, այսօր Ֆեյսբուքում դարձյալ ճամարտակում է ու ինչ-որ ինֆորմացիաներ տարածում:

Նրան դարձյալ հազարավոր քաղաքացիներ կարդում են ու լայքում ֆեյսբուքում: Դա քիչ է, այսօր առավոտից նա գնացել է Վերին Շորժայի հատված, որտեղ գիշերվանից մինչև առավոտյան 10-ի կողմերը ակտիվ մարտական գործողություններ են ընթացել, և լայվ է մտել ու տեղեկություններ է հաղորդում հանրությանը, խոսում իր ընկերների հետ սահման գնալու մասին և այլն: Սա այն Արծրունն է, ով իբրև թե բուժում է ստանում, անվասայլակին գամված նկարներ էին հրապարակել Գերմանիայի օդանավակայաններից մեկից, իսկ մեզ հետ զրույցում էլ ասել էր, թե մի քանի վիրահատություն է տարել, հիմա նոր-նոր ապաքինվում է:

Ու նրան թույլատրում են դարձյալ իր ստոր պրոպագանդան իրականացնել, գնալ դիրքերին մոտ, պաշտոնական կամ կիսապաշտոնական տեղեկություններ հաղորդել ու մոլորեցնել հանրությանը: Փաստացի Արծրուն Հովհաննիսյանն այսօր ոչ մեկն է, պաշտոնապես ՊՆ-ի հետ կապ չունի, բայց իրեն ՊՆ-ի ներկայացուցչի ու ռազմական գործչի տեղ դրած` նորից հին գործին է անցել: Ո՞վ է նա, ո՞վ է նրան թույլ տվել այցելել մարտական գործողությունների գոտի, լայվեր մտնել, գրառումներ կատարել իրավիճակի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ լրագրողներին Վարդենիսից արդեն արգելում են առաջ շարժվել` խոչընդոտելով մեր աշխատանքը: Իսկ Արծրունին, որը բացի անեծքի տակ հայտնված նախկին պաշտոնյա լինելուց, ուրիշ ոչ մի կարգավիճակ չունի, իրեն ամեն ինչ թույլատրվում է: