«Աստված մեղավորին սիրում է, բայց մեղքը՝ ատում», ես որեւէ մեկին չեմ վիրավորել․ տեր Զարեհ քահանա

«Աստված մեղավորին սիրում է, բայց մեղքը՝ ատում», ես որեւէ մեկին չեմ վիրավորել․ տեր Զարեհ քահանա

Եհովայի վկաները դատական հայց էին ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ, տեր Զարեհ քահանա Աշուրյանի դեմ եւ դատարանում պարտվել են։ Դատական գործընթացը քննվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և այսօր հրապարակվել է դատարանի վճիռը։ Հայցի հիմքում 2023թ-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպն է։ Արցախից արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Զարեհ Աշուրյանը Եհովայի վկաներ հանդիսացող մի քանիսին էր մոտեցել և վերը հիշյալ թեմաների հետ կապված հարցեր էր ուղղել: Այդ օրվա միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը եւ մի խումբ Եհովայի վկաներ հայց էին ներկայացրել դատարան պահանջելով Տեր Զարեհ Աշուրյանից՝ բռնագանձել գումարներ և պարտադրել ներողություն խնդրել եւ հերքում հրապարակել: Դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցը։

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝  դատարանը անաչառ է եղել, երկու կողմերն էլ արտահայտվելու հնարավորություն են ունեցել։ Շշետում է՝ հայցվոր կողմի պահանջը չէր կարող օբյեկտիվ լինել, քանի որ ինքը միտում չի ունեցել, եւ չի վիրավորել որեւէ մեկին։ 
«Միտում չեմ ունեցել որեւէ մեկին վիրավորել, դա իմ հոգեւոր սկզբունքներին հակառակ բան է, ես երեւույթն եմ քննադատել, Աստված մեղավորին սիրում է, բայց մեղքը՝ ատում։ Իմ խոսքը մարդու արժանապատվությանը դեմ չի եղել, այլ ընդհանուր հակաքրիստոնեական, ապազգային երեւույթներին է դեմ եղել»,-ասաց տեր հայրը։

Ավելի վաղ այս առնչությամբ փաստաբան Արա Զոհրաբյանը գրել էր, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին:

«Դատարանը հաշվի առնելով նաև կողմերի կարգավիճակը, անձերը, պատերազմական իրադարձությունները և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին սպառնացող վտանգները (հանրահայտ փաստեր), գտել է, որ այդ որակումները, գուցե ոչ հաճելի, ոչ ընդունելի և նաև մասամբ կոպիտ են, սակայն զրպարտելու կամ վիրավորելու նպատակով և դիտավորությամբ ասված չեն եղել։ Ընդ որում, Դատարանի համոզմամբ, արտահայտությունները անելու դիտավորությունը միջին վիճակագրական հայ մարդու կողմից ևս օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես քննադատություն՝ երկրում տիրող իրավիճակով, հրամայականներով, կրոնական տարբերություններով (քահանա և կրոնական այլ կազմակերպության ներկայացուցիչներ) պայմանավորված, սակայն ոչ վիրավորանք և/կամ զրպարտություն։ Հետևաբար՝ ժողովրդավարական հասարակությունում, ինչպեսին է Հայաստանի Հանրապետության հասարակությունը, չի կարող խոսքի ազատությունը անհամաչափ սահմանափակման ենթարկվել միայն այն բանի համար, որ որևէ անձի համար իր վերաբերյալ արտահայտված կարծիքը, քննադատությունը ոչ հաճելի է և գուցե նաև կոպիտ»,-գրել էր փաստաբանը։