Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին

Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին

Հարցը գուցե մի փոքր ժամանակավրեպ է, բայց հաստատ ավելորդ չէ: Իմ կարծիքով՝ արտահերթ ընտրությունները հենց այն միջոցառումն է, որ Փաշինյանին պետք է ապահովի հումանիտար միջանցք կոչվածը: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ խաղի մեջ մտնելը, արդյոք, չի՞ խոսում այն մասին, որ Փաշինյանն իշխանության ղեկին մնալու որեւէ շանս չունի: Այլապես ինչո՞ւ պետք է իշխանությունից հավասարապես օգտվող Լեւոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանից անջատ մասնակցեր ընտրությունների: Ի վերջո, ՀԱԿ-ն ու ՔՊ-ն ունեն մի զգալի համատեղ ընտրազանգված, որն այդ դեպքում կիսվելու է նրանց միջեւ:

Եվ ապա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզչությունը կառուցելու է նաեւ Փաշինյանին քննադատելու վրա, ինչը Փաշինյանից շատ ձայներ կխլի, իսկ թե որտեղ կհայտնվեն այդ ձայները՝ դա էլ արդեն մեծ հարց է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն իր պարտվողականությամբ, զիջողականությամբ, ինչու ոչ՝ նաեւ աղետներ բերելու ունակությամբ Փաշինյանին առանձնապես չի զիջում: Ինչպես ասում են՝ ապրել ենք նաեւ Լեւոնի Հայաստանում, որ նույն, շատ ներողություն, զիբիլն էր, ինչ այսօրվա «նոր Հայաստանը»:

Եվս մեկ դիտարկում. բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները կրելու մեկ ձեւ ունի՝ ընտրակեղծարարությունը՝ պետական լծակների գործադրում, ընտրակաշառքներ` փողի ու պաշտոնների տեսքով, ահաբեկումներ եւ այլն: Լեւոն Տեր-Պետրոսյանն է, կարծեմ, նախազգուշացրել, որ սրանք լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները: Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ եթե Փաշինյանը զանգվածային ընտրակեղծիքներով վերարտադրվելու նույնիսկ մի թույլ շանս ունենար, Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղի մեջ չէր մտնի:

Տեր-Պետրոսյանին ակնհայտորեն չհաջողվեց իր ապագան կառուցել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հաշվին՝ վերջիններիս հետ դաշինք կազմելով: Սա իսկական ձախողում էր նրա համար, բայց Տեր-Պետրոսյանը, ինչպես ասում են, հեշտ հանձնվողներից չէ: Մի փոքր համբերենք եւ կտեսնենք, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը Փաշինյանին համոզում՝ չմասնակցել այս ընտրություններին եւ ժեխին տակից տրամադրել՝ ձայն տալու ՀԱԿ-ին: Սա հենց այնպես չեմ ասում:

Հիշեք 2018 թվականը, երբ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին հրահանգեց ոչ մի պարագայում չհետաձգել ԱԺ արտահերթ ընտրությունները եւ ամեն գնով, ընդհուպ նոր ընտրական օրենքը չընդունած, այդ ընտրություններն անցկացնել 2018-ին, քանի դեռ հեղափոխական էյֆորիան չի մարել: Տեր-Պետրոսյանը գիտեր, թե ինչ խայտառակ երեւույթ է Նիկոլ Փաշինյանն ու ինչ է բերելու մեր ազգի գլխին: Ու քանի ընտրությունները հետաձգվեին, այնքան ավելի էր բացահայտվելու Փաշինյանի խայտառակ էությունը: Տեր-Պետրոսյանը լավ էր ճանաչում Փաշինյանին, բայց ավելի լավ ճանաչում էր իրեն եւ գիտեր, որ իրենք նույն բանն են՝ միայն մի փոքր այլ փաթեթավորմամբ:
Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր անմիջական շարունակությունն է, եւ առաջիկա ընտրություններում Փաշինյանի պարտությունը լինելու է նաեւ իր պարտությունը:

Ահա այստեղ պետք է փնտրել այն պատճառահետեւանքային կապը, որ Տեր-Պետրոսյանին թույլ չտվեց դաշինք կազմել հենց Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց համատեղ պարտությունն այս ընտրություններում կնշանակեր մեկ բան՝  համատեղ պատասխանատվություն այն աղետի համար, որ մեր երկրի ու ժողովրդի գլխին բերեց Նիկոլ Փաշինյանն իր անտաղանդ եւ ապաշնորհ կառավարմամբ: Եվ խորամանկ Տեր-Պետրոսյանն անմիջապես միացրեց հականիկոլական երաժշտությունը: Այլ խոսքով՝ նա փոխեց գլխարկն ու իջավ փողոց՝ հույս ունենալով գոնե այդկերպ ձերբազատվել Նիկոլից ու այն հսկայական մեղքից, որ որպես աղետ կախված է նաեւ իր գլխին:

Տեր-Պետրոսյանն արդեն հուշել է Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս կարող է ժամանակավոր ապաստան գտնել որեւէ օտար երկրում: Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու: Տեր-Պետրոսյանի հաշվարկը հստակ է՝ Փաշինյանի համար ժամանակավոր «գործուղում» դասավորելով՝  տեր կանգնել նրա ընտրազանգվածին, բայցեւ Փաշինյանին քննադատելով՝ խուսափել վերջին երեք տարիների մեր պարտությունների համար պատասխանատվությունից ու մեղքի իր բաժնից: Մի կրակոցով՝ երկու նապաստակ, ինչպես ասում են:

Տեր-Պետրոսյանը հույս ունի ՀԱԿ-ՔՊ համատեղումից ստանալ քիչ թե շատ մրցունակ մի բան եւ պահպանել իր տեղը քաղաքական ասպարեզում: Իսկ որպեսզի դա նրան հաջողվի, Փաշինյանը պետք է հեռանա եւ չմասնակցի այս ընտրություններին, որովհետեւ առանձին-առանձին նրանք ավելի թույլ են, քան ՀԱԿ-ը՝ որպես մեկ քաղաքական ուժ: Ուսապարկերի կույտը, Նիկոլի օլիգարխները, նրա բերած մանրումիջին չինովնիկությունը, վստահաբար, դեմ չեն այս տարբերակին, որովհետեւ դա նաեւ երաշխիք է, որ հետո մի գեղեցիկ օր ԱԱԾ-ն օրենքի տառին համապատասխան չի ներխուժի իրենց բնակարան ու տեղաշորից չի տանի բանտախուց: