Էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին․ Թեհմինա Վարդանյան

Էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանին այսօր հաստատեց մի նախագիծ, որով շուրջ 750 հազար դոլար են հատկացնելու ամանորյա միջոցառումների համար։  Դա առաջացրեց ընդդիմադիր «Լույս» և ԲՀԿ խմբակցությունների զայրույթը։ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 հազար դոլարով ձեռք բերվեց, ինչը այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում և հասարակության մեջ քննարկվեց այս հարցը (իրականում 75 մլն դրամով էր ձեռք բերվել, Վարդանյանը երևի շփոթել էր դրամ, թե դոլար):

«Հիմա ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- զայրացած հարցրեց «Լույս» խմբակցության անդամը։

Նա նկատեց, որ Երևանի հնգամյա զարգացման ծրագրից հանել են մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է, փոխարենը այսքան գումար են հատկացնում ամանորյա միջոցառումներին։ 

«Երևի թե հանել եք գումար չունենալու համար, օրինակ՝ Մյասնիկյան պողոտայում, որտեղ սրված վիճակ է: Ունենք փլվող շեքներ, շենքը փլվում է մարդկանց վրա, մենք 320 մլն դրամ տալիս ենք, որ նոր տարվա միջոցառումներ անենք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը: