105 ռոյալների մեգանախագիծը համախմբելու է մարդկանց ընդդեմ դաժանության
2020թ․ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի երկու կողմերում ռոյալներ են տեղադրվելու։ Տարելիցի առիթով Հայաստան կայցելեն աշխարհի տարբեր երկրներից 105 երաժիշտներ, որոնք 24-ի առավոտյան կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նրանց նվագակցելու է սիմֆոնիկը, իսկ hամերգից հետո ռոյալները կնվիրեն Հայաստանի երաժշտական դպրոցներին։ Իր այս մտահղացումը եւ 105 ռոյալների շքեղ մակետը օրերս ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց պրոդյուսեր եւ հաղորդավար Արթուր Հովհաննիսյանը։ Նա ռոյալների շոուն կազմակերպելու համար «Դարի ղողանջ» հիմնադրամն է բացել։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն էլ չի առարկել ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ պայմանով, որ բուսականությանն ու տարածքին վնաս չի հասցվի։ Ռոյալները զեղչ գներով տրամադրելու է հայտնի Ritmüller ընկերությունը, որը 200 տարի ռոյալներ է արտադրում։ Ընկերության տնօրենը մեծ զեղչ է արել հիմնադրամի համար՝ գրեթե կես գնով զիջելով ռոյալները եւ կարեւորելով իր մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջոցառումներին։ Շարլ Ազնավուրի հրապարակում ռոյալի նախատիպ է դրվելու, եւ հանգանակություն է արվելու, որ մարդիկ մասնակցեն 105 ռոյալների ձեռքբերմանը։ «Ռոյալը համարվում է թագավորական ու ազնվական գործիք, ինչպես ազնվական է մեր ազգը, ռոյալը միշտ կենտրոն է դառնում, ռոյալի շուրջ հավաքվում են, այն մարդկանց միախմբելու ունակություն ունի։ Սրանով կոչ ենք անում մարդկությանը համախմբվել ու մերժել դաժանությունը, ցեղասպանությունը։
Մենք նաեւ ցույց ենք տալու, թե 105 տարում ինչ երաժշտություն ենք ստեղծել»,- ասում է Հովհաննիսյանը։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում 105 ռոյալների մեգանախագիծը զայրացրել է ադրբեջանցիներին։ Երեկ գռեհիկ որակումներով նյութեր են տեղադրվել համացանցի ազերական տիրույթում։ Դրանց հեղինակները 105 ռոյալները համեմատում էին 105 շամփուրների հետ։
Կարծիքներ