Գեղարքունիքում երաշտ է, բերքը քիչ է, գյուղացիները հարկադիր մորթի են պատրաստվում

Գեղարքունիքում երաշտ է, բերքը քիչ է, գյուղացիները հարկադիր մորթի են պատրաստվում

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքից գյուղատնտես, հասարակական գործիչ Վանո Կարապետյանի խոսքերով՝ երաշտի հետևանքով գյուղացիները բերքի մասով մեծ խնդրի առջև են կանգնել։

«Գեղարքունիքի մարզում, արդեն երկրորդ տարին է, երաշտ է։ Հիմնականում ավելի շատ արտահայտված է Մարտունու տարածաշրջանում», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց նա։ 

Ըստ Կարապետյանի՝ մշակաբույսերի առումով հատկապես անջրդի հողերում իրավիճակը շատ վատ է, որովհետև տեղումների հույսին է այդտեղի բերքը։ «Այս տարի տեղումներ չկան, հացահատիկի՝ ցորենի, գարու, հնդկացորենի հետ կապված իրավիճակը շատ վատ է։ Երևի թե նորմալ բերք չլինի։ Դաշտերում ընդհանրապես [անասնակեր] խոտ չկա, որը բերում է խոտի գնի աննախադեպ աճի։ Այս պահի դրությամբ խոտի մեկ հակն արժե 1800-2000 դրամ, իսկ նախորդ տարիներին հազար դրամ է եղել»։

Նա հավելեց, որ հիմանականում խնդիր ունեն հասարակ գյուղացիները։ «Ֆերմերային տնտեսություններն այդքան խնդիր չունեն, որովհետև ունեն տեխնիկա, տեխնիկայով մի քիչ ավել խոտ կքաղեն կամ այլ եղանակներով իրենց խնդիրները կլուծեն։ Խոտի խնդիր ունեն գյուղացիները։ Խոտը քաղելու համար տեխնիկա պետք է վարձակալեն, իսկ այդպես շահավետ չէ։ Այսինքն՝ իր ծախսերը չի հանի, քանի որ խոտ չկա։ Օրինակ՝ 1 հեկտարի կտրվածքով 15-20 հակ խոտ դուրս գա, գյուղացու ծախսերը չի հանի։ Չի կարող գնել, որովհետև թանկացել է», - նշեց գյուղատնտեսը։    

Հարցին՝ կառավարությունը գոնե ինչ-որ բանով աջակցո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց, որ ոչ։  «Ոչ մի առումով կառավարությունից աջակցություն չկա։ Խնդրի լուծումը տեսնում եմ հետևյալ ձևով, օրինակ՝ խոտի գինը սուբսիդավորվի»։ 

Բացի այդ, ըստ նրա՝ խոտը հակերով վաճառելը սխալ է։ «Հակերը տարբեր չափսի են լինում։ Ճիշտը, ինչպես խորհրդային շրջանում էր, և ամբողջ աշխարհում է նույն մոդելը, խոտը գնեն կիլոգրամով։ Խոտը պետք է լինի կիլոգրամով, ոչ թե հակերով, քանի որ հակերը տարբեր չափսի են լինում։ Եթե երաշտ է լինում, խոտի հակերը փոքր չափսի են կապում, որպեսզի գումար աշխատեն։ Մեզ մոտ հիմնականում խոտ են բերում վաճառելու Տավուշի և Լոռու մարզերից, որտեղ վիճակ է բարվոք է։ Շուկայական գինն էլ 1800-2000 դրամ է։ Սեզոնի ընթացքում՝ հոկտմբերից վերջից, նոյեմբերի սկզբից մինչև մայիսի կեսերը, մի կովը միջինում ուտում է մոտավորապես 80 [նորմալ չափի] հակ խոտ: Եթե նախկինում 80 հակը գնում էիր 1000 դրամով, հիմա 2 հազարով պետք է գնես, ու կրկնակի ծախս է։ Գյաղացիները, ում հետ զրուցել եմ, հարկադիր մորթի են պատրաստվում, որովհետև այդ ձևով չեն կարող անասուն պահել», - ընդգծեց հասարակական գործիչը։ 

Նրա համոզմամբ՝ այս իրավիճակում երկու լուծում է կարող լինել․ «Մեր մոտ կիրառվում թե, ոչ, չգիտեմ, բայց պետք է կիրառեն․ անասնակերի ներկրում։ Չգիտեմ՝ պետությունը կարո՞ղ է նպաստավոր պայմաններ մտցնել հարկային համակարգում, որպեսզի ներկրումը ձեռնտու լինի։ Մյուսն էլ՝ կարգավորվի անասնակերի վաճառքի շուկան, բարձիթողի վիճակում է։ Չեմ ասում՝ պետությունը միջամտի, այլ կարգավորի, որովհետև խոտը պետք է վաճառվի կիլոգրամով, ոչ թե հակերով»։

Կարապետյանը նշեց, որ կարտոֆիլի բերքի առումով նույնպես խնդիր կա։ «Կրկին չորային է, հավելյալ ջրառ է անհրաժեշտ, որպեսզի գյուղացին կարողանա կարտոֆիլը և մյուս մշակաբույսերը փրկել։ Իսկ հավելյալ ջրառն էլ ենթադրում է ֆինասական ծախս։ Այսինքն՝ շատ ջուր պետք է օգտագործվի, իսկ ջրի համար պետք է վճարի»։ 

«Մեզ մոտ ջրային խնդիրն այդքան սրված չէ [խոսքն անջրդի հողերին չի վերաբերում], որովհետև գետերում ջուր կա, իսկ Շիրակի ջրամբարները, օրինակ, 30 տոկոսով են լցված։ Մեզ մոտ ջրամբարներ չկան, բայց գետերի ջուրը պոմպակայանների միջոցով բավարարում է։ Ճիշտ է, համայնքներ կան, որտեղ խմելու ջրի պակաս կա այս պահի դրությամբ, ստիպված ոռոգման համարն են վերցնում խմելու ջուրը», - եզրափակեց նա։