Դեֆորմացիա եւ դեգրադացիա
Խոսել հայ մարդու դեֆորմացիաների մասին եւ չանդրադառնալ իբրեւ թե կրթություն ստացած ու ինչ-որ բանի հասած, իրեն մտավորական ու քաղաքական էլիտա համարող մարդկանց դեգրադացիային, հնարավոր չէ: Դա այն է, երբ շատ սուղ գիտելիքներ ունեցող, համարյա կրթություն չստացած մարդիկ պետության եւ հանրության համար կարեւոր որոշումներ կայացնելու իրավունք են ստացել եւ հիմա օրակարգ են թելադրում: Մի քիչ այլ կլիներ իրավիճակը, եթե գոնե բնությունը նրանց հանդեպ շռայլ գտնված լիներ եւ խելքի, ողջամտության, տրամաբանության ինչ-որ որակներով օժտեր: Բայց սրանց բախտը միայն մի բանում է բերել` ինչ-ինչ դեպքերի բերումով հայտնվել են ինչ-որ պաշտոնների, ինչ-որ կարգավիճակ են ձեռք բերել` ի դժբախտություն իրենց շրջապատի: Եվ սրանց թվացել է, թե ինչ-որ արդարություն, վերերկրային նախախնամություն կա նրանում, որ իրենք մեր ճակատագիրն են որոշում:
Այս պատրանքներն են պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը Ջո Բայդենին ու Մակրոնին հավասար «տղա» է` ինչո՞ւ չպետք է երկիր կառավարի, Ալեն Սիմոնյանին թվում է, թե ինքն այնքան է աճել, որ կարող է նախկին Պնախարարի վրա գոռալ. «Սեյրան, քեզ ասում եմ՝ իջիր», Արփի Դավոյանին ու Հասմիկ Հակոբյանին կարող է թվալ, թե իրենք ֆրանսիացի սենատորներին ու ամերիկացի կոնգրեսմեններին հավասար «դեմքեր» են, կարող են տարբեր մարդկանց «դասեր» տալ: Արարատ Միրզոյանին կարող է թվալ, թե ինքը Վարդան Օսկանյանին գերազանցել է որպես ԱԳ նախարար: Արայիկ Հարությունյանը, որ ժամանակին միջազգային լուրեր էր թարգմանում, կարող է վերեւից նայել Դավիթ Հարությունյանին, իսկ տարբեր կայքերի հոդվածներ ու լուրեր մատակարարող Արթուր Հովհաննիսյանն ու Արեն Մկրտչյանը կարող են քաղաքական ճառեր ասել եւ գործող լրագրողներին վիրավորել:
Կարծիքներ