«Հրապարակ». Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է հորինում, որ միջազգային հանրությանը մոլորեցնի 

«Հրապարակ». Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է հորինում, որ միջազգային հանրությանը մոլորեցնի 

Գրել էինք, որ ապրիլի 1-ին Ադրբեջանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ նախագիծ էր ներկայացրել՝ ընդդեմ Հայաստանի, «ականների պայթյուններից տուժածների իրավունքների պաշտպանության» մասին: Ներկայացված բանաձեւին ավելի հնչեղություն տալու համար Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Աբու-Դաբիում իր գործընկեր Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահիանի հետ հանդիպման ժամանակ նորից անդրադարձել էր ականապատման հարցերին ու դրա հետեւանքներին: Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել էր «ականների սպառնալիքներն» ու «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», որոնք, ինչպես Բայրամովն է ասել, «առկա են Հայաստանի Սահմանադրության մեջ եւ մի շարք օրենսդրական ակտերում»։ Սակայն ադրբեջանական կողմն այսքանով չի սահմանափակվել եւ ապրիլի 12-ին Ժնեւում նորից ներկայացրել է ականների խնդիրը, որին, իբրեւ թե, բախվում է Ադրբեջանը, քանի որ Հայաստանն ականապատման ճշգրիտ քարտեզներ չի տրամադրել իրենց: Ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Սամիր Փոլադովը հայտարարել էր, որ ականներով աղտոտումը համարվում է աշխարհի մասշտաբով ամենաբարդ ու լրջագույն հումանիտար խնդիրներից մեկը:

Ինչպես տեսնում եք, ադրբեջանական կողմը բառեր ու քայլեր չի խնայում՝ իր տեսակետները ներկայացնելու, իր շահերը պաշտպանելու համար: Եվ փորձում է ականների խնդիրը ներկայացնել որպես մի աշխարհացունց ոտնահարում իրենց պետության եւ հանրության դեմ, որ եւս մեկ մահակ ունենա Հայաստանի գլխին, մինչդեռ Հայաստանը հրաժարվում է որեւէ հարթակում խոսել անգամ 120 հազար տնազուրկ ու տեղահանված մարդու շահերը ներկայացնելուց, բռնությամբ Արցախը հայաթափելու, գերիներին խոշտանգելու կամ հայկական մշակութային արժեքները ոչնչացնելու մասին:
Սակայն ադրբեջանական հայատյաց քաղաքականությունն ականների կեղծ թեմայով չի սահմանափակվում, Ալիեւի հրահանգով ակտիվացել են նաեւ Եվրոպայի ադրբեջանական համայնքները, որոնք իրենց երկրների ՄԱԿ-ի գրասենյակների առաջ ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով բանաձեւ ընդունել ականների պայթյուններից տուժածների իրավունքների պաշտպանության մասին:

«Հրապարակի» հետ զրույցում գերիների պաշտպանության հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանն ասաց, որ վերջին ամիսներին ավելացել են այն բանաձեւերն ու հայտարարությունները, որոնք քննադատում են Ադրբեջանին՝ մարդու իրավունքները խախտելու, մարդասիրական պարտավորությունները ոտնահարելու համար, եւ այս ճնշումը մեծացել է Ադրբեջանի նկատմամբ: «Առաջացող ճնշումը նաեւ վարկանիշային վնաս է բերում Ադրբեջանին, եւ հասկանալի է, որ հիմնական խնդիրները կա՛մ կապված են ներքին հարցերի, կա՛մ փաստաբանների, լրագրողների, քաղաքական ընդդիմախոսների գործունեության հետ: Մյուսն առնչվում է հենց հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ադրբեջանը միշտ գործել է հայելային գործելակերպով, այսինքն՝ փորձել է նույնական մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին կամ արհեստականորեն ստեղծել նոր մեղադրանք, ինչը մոլորության մեջ կգցի միջազգային հանրությանը, եւ միջազգային հանրությունը, խնդիրների երկկողմանի բնույթը ընկալելով, կցուցադրի չեզոքություն»,- ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ տվյալ պայմաններում Ադրբեջանն այլ բան, քան այս ականների խնդրի բարձրաձայնումն է, չունի: Նույն խնդիրն օգտագործում էր արդարադատության միջազգային դատարանում՝ Հայաստանի կողմից, այսպես կոչված, խտրական քաղաքականությունը հիմնավորելու տեսանկյունից, բայց այդ ադրբեջանական մեղադրանքները չհիմնավորվեցին, դատարանը չտեսավ խտրականության որեւէ հատկանիշ եւ ադրբեջանական պահանջները մերժեց:
«Խնդիրը շարունակում է Ադրբեջանի համար արդիական մնալ, եւ նրանք հարցը տեղափոխում են արդեն քվազի դատական, քաղաքական ատյաններ: Մարդու իրավունքների խորհուրդն այս առումով կարեւոր ֆորա է, այստեղ քննարկվող հարցերն ունենում են միջազգային հնչեղություն, եւ այս պլատֆորմը, որտեղ Ադրբեջանն ունի համախոհ մի շարք երկրների աջակցություն, չարաշահվում է` այս ականների հետ կապված հարցը բարձրաձայնելու, Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելու համար»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը: