Իրենք դա քննարկել են ամենաբարձր մակարդակով. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու մասին

Իրենք դա քննարկել են ամենաբարձր մակարդակով. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու մասին

«120 կիլոմետր հեդո սկսվիգը կյանքիս նոր, գուցե ամենակարեւոր հատվածը»,-ֆեյսբուքում այս գրառումն էր արել «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, երբ շաբաթներ առաջ հրաժեշտ տվեց հեռուստատեսությանը եւ վերադարձավ հայրենի քաղաք՝ Գյումրի։ Հաջողված պրոդյուսերի որոշումը տարատեսակ խոսակցությունների առիթ տվեց: Առաջին լուրերը, որ պտտվեցին Մխիթարյանի շուրջ, այն է, թե հավակնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Քաղաքապետի ընտրություններին 2 տարի է մնացել, եւ նա վերադարձել է հայրենի քաղաք՝ ժամանակ շահելու: Մինչ խոսակցությունները օդում կախված էին, այն ավելի ամրապնդեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Չգիտես լեզվի սայթաքում էր,թե սլիվ տվեց,երբ Ռուբեն Մխիթարյանի ստատուսներից մեկի տակ ԱԺ փոխնախագահը  գրեց. «Սենց ջրիկ ուղեղով էլ ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ»:

Կարճ ժամանակ անց տիկին Նազարյանը հեռացրեց իր գրառումը: Ռուբեն Մխիթարյանից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե  ի՞նչ խոսակցություններ են դրանք, այն էլ՝ Աժ փոխնախագահի մակարդակով: « Իմ՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու կամ ցանկության մասին տարածում են հենց իշխանական թևի մարզային պատգամավորներից ոմանք, ինչին միացավ նաև ԱԺ փոխնախագահը, իսկ դա նշանակում է, որ իրենք դա քննարկել են ամենաբարձր մակարդակով: Տիկին Նազարյանի քոմենթը հենց այդ «բարձր մակարդակի» մասին էր խոսում: Ես կուսակցական չեմ, ոմանց նման շաբաթը մեկ քաղաքական հայացքներս չեմ փոխում, և ևս մեկ անգամ ասում եմ, որ նման միտք կամ ցանկություն չունեմ: Երևի էնքան պարապ են էդ ոմանք ու էնքան են իրենցից անշուք, որ քաղաք վերադարձած ցանկացած նորմալ մարդու մեջ «քաղաքապետի թեկնածու» են տեսնում: Դրանք բաձարձակ իրենց խնդիրներն են, ես պարապ չեմ այդքան, որ ամեն մի թափթփուկի, անկախ նրանից հիմա նա ԱԺ պատգամավոր է, թե ոչ՝ ժամանակ հատկացնեմ: Կրկնում եմ, ես ուղղակի վերադարձել եմ իմ հայրական տուն, իմ քաղաք և արդեն ստեղծում եմ իմ սեփական բիզնեսը, որը ճյուղավորելու եմ և փորձեմ այդ մոդելը տարածել նաև այլ մարզերով: Երեկ Վանաձորի ընկերներիս հետ դա արդեն քննարկել ենք: Առաջ Աստված, համոզված եմ՝ ստացվելու է: Իսկ տիկին Նազարյանի ինձ գրված ու հետո ջնջած «ջրիկ ուղեղի մասին» քոմենթին ներողամիտ եմ վերաբերվում: Կին է, գուցե էմոցիաներին է տրվել, ուղղակի խնդրում եմ  իրեն բարևներս փոխանցել իմ ընկեր, իրենց ուժի կողմից ներկայացված և քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանին և իր տեղակալ, իմ մյուս ընկեր, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին: Այսքանը, այլևս այս թեմային չեմ անդրադառնալու»,- hraparak.am-ին փոխանցեց Ռուբեն Մխիթարյանը:
Նկատենք սակայն, որ շարքային գյումրեցիները ևս այս օրերին ակտիվորեն քննարկում էին, թե Ռուբեն Մխիթարյանը հնարավոր է քաղաքապետի թեկնածու առաջադրվի: Ոմանց գաղափարը դուր է եկել. «Էդ կարգին Հայկոն կըռնա՞ էղնի, մեր Ռուբոն չի կըռնա՞: Գաղափարապես հասուն, կայացած տղա է, քաղքի վեր ու վարը գիտի, մայրաքաղաքի համն էլ տեսած է»,-նշեց գյումրեցի երիտասարդներից մեկը, մեկ ուրիշն էլ սակայն ափսոսանք հայտնեց. «Ռուբոն քաղաքապետի համար ափսոս է, պետք չէ, որ իր տաղանդն էդպես սպառի, ինչպես սպառվեց Հայկը Մարությանը»: