Օրինագծում ռեկտորների ընտրության կարգը դարձյալ փոփոխվել է

Օրինագծում ռեկտորների ընտրության կարգը դարձյալ փոփոխվել է

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով, փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ: Արդյունքում՝ նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեեւ, ըստ նրա, կատարվել են որոշ սկզբունքային եւ խմբագրական փոփոխություններ:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարությունը չի համաձայնել ֆիքսել գիտության ֆինանսավորման չափը՝ պատճառաբանելով, որ շատ օրենքներում դա ֆիքսված է եւ խնդիրներ է առաջացնում, փոխարենը «միայն պատրաստակամություն են ցուցաբերել՝ բարձրացնելու գիտության ֆինանսավորումը, կոնկրետ չափ չնշվեց, թե ինչքան՝ կրկնակի՞, եռակի՞, թե՞ ավելի քիչ, բայց խնդրեցին չֆիքսել։ Ես առաջարկություն էի արել, որ 2022-ից ֆիքսվեր՝ 1 տոկոս, հետո՝ 2 տոկոս, ու այդպես կամաց-կամաց բարձրանար՝ մինչեւ 3-4 տոկոս, բայց կառավարությունն առաջարկել է, որ կբարձրացնեն առանց ֆիքսելու, այսինքն՝ կոնկրետ չափ այս պահին չեն կարող ֆիքսել, բայց միտումն այն կլինի, որ ամեն տարվա բյուջեով հատկացումները շատ կլինեն։ Արդյունքում համաձայնության եկանք այն առումով, որ եթե կառավարությունը 2022 թ․ բյուջեով համապատասխան չափով չֆինանսավորի գիտությունը, ապա պետք է օրենքում ամրագրենք, որպեսզի այն արդեն օրենքով ուժ ունենա, եւ ստիպված լինեն օրենքով կիրառել այդ դրույթները։ Կառավարության բոլոր անդամները դրան համաձայնել են, սպասում ենք 2022-ի բյուջեին, որից պարզ կլինի, թե որքանով գիտության ֆինանսավորումը կբարձրանա, եւ որքանով է կառավարությունն իր խոստմանը հավատարիմ»։

Հիմնական բանավեճերն ու քննարկումները ծավալվեցին բուհերի ռեկտորների եւ կառավարման խորհուրդների ձեւավորման հարցի շուրջ, որոնց վերաբերյալ, ըստ նախարարի, համաձայնության չեն եկել շահագրգիռ կողմերի հետ։ Հիշեցնենք, որ բուհի կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու է լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից, իսկ բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը․ «Նախ առաջարկ ենք արել, որ հավասարեցնեն թիվը՝ դարձնեն 5-5, նաեւ առաջարկ էր եղել, որ դարձնեն 5 բուհերից 4-ը կառավարության նշանակումով, բայց այդ համաձայնությունները չէին եղել, եւ միայն եկել էին այն բանի, որ պետական, բարձրաստիճան պաշտոնյա, քաղաքական գործիչ չպետք է լինի կազմում, այլ պետք է լինեն գիտական ոլորտների մասնագետներ եւ այլն»։

Եթե փոփոխություններ չարվեն, բուհերի ինքնավարությունն ինչքանո՞վ հարվածի տակ կդրվի։ «Խնդիրն իրականում բավականին լուրջ է, եւ շատերի կողմից, ինչպես տեսաք, համաձայնություն չեղավ, որ այդ ճանապարհով գնան, բայց կառավարությունը, նաեւ նախարարությունը պնդել էին այդ փաստի շուրջ, որն էլ հանձնաժողովն ընդունեց,- ասում է Հովսեփյանն ու ընդգծում, որ տեղի է ունեցել եւս մի փոփոխություն։- Եթե առաջին ընթերցման ժամանակ ասվեց, որ ռեկտորի 3 թեկնածուներին ընտրում է կառավարման խորհուրդը եւ ներկայացնում նախարարությանը, որ նա ընտրի 3-ից 1-ին ու նշանակի, հիմա այդ կետը փոխվել է, կառավարման խորհուրդն այդ 3 թեկնածուներից նորից կընտրի հավանական թեկնածուին եւ կներկայացնի արդեն նախարարության նշանակմանը»։ 

Ստացվում է, որ խորհրդի ներկայիս՝ 5-4 համամասնությամբ ռիսկն ավելի է մեծանում, որ իշխանությունը կընտրի եւ նախարարության հաստատմանը կներկայացնի իր միակ թեկնածուին, ինչին ի պատասխան, Ս․ Հովսեփյանն ասաց, որ կարող է այդպես լինել, «որովհետեւ ունենք մի իրավիճակ, որտեղ կազմի 5 անդամները կառավարության նշանակումն է»։

ԿԳՄՍ նախարարը մի քանի անգամ, տարբեր առիթներով իր խոսքում ընդգծել է, որ պետությունը՝ իբրեւ հիմնադիր, իրավունք ունի միջամտելու պետական բուհերի գործունեությանը, քանի որ, ըստ նրա, բուհը «հարեւան պետություն չէ», իսկ ռեկտորն էլ ընդամենը «վարձու աշխատող է»։

Վտանգ չի՞ տեսնում, որ իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ եւ փորձում միջամտել բուհերի կառավարմանն ու գործունեությանը։ «Իհարկե, դա բավականին ռիսկային է, որովհետեւ կառավարությունը չի կարող միջամտել այդ գործընթացներին, բայց, միեւնույն ժամանակ, եթե արդարություն դրսեւորեն, ապա իրականում կառավարությունը բուհի միայն պահպանման ծախսերի պատասխանատուն է՝ որպես հիմնադիր։ Մնացած հարցերում բուհն ինքնակառավարվող է։ Այստեղ նաեւ մեծ դեր է տրված ամբիոններին, քանի որ ողջ ուսուցման պատասխանատվությունը դրվում է իրենց վրա, եւ կարծում եմ, որ եթե արդարության սկզբունքով մոտենան հարցին՝ բուհակենտրոն, ուսանողակենտրոն ձեւով, ապա դա հնարավոր է անել, իսկ այն, որ շահարկման եւ խաղարկման տեղ կա, դա կարող ենք փաստել»։

Քանի որ բուհերի մեծ մասը, ներկա քաղաքական իրադրությունով պայմանավորված, պահանջեց կառավարության եւ վարչապետի հրաժարականը, տեսակետ կա, որ օրենքում ռեկտորների ընտրության եւ խորհրդի ձեւավորման փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը փորձում է այդկերպ պատժել բուհերին ու ռեկտորներին։ Ս․ Հովսեփյանն այս տեսակետը համարում է տրամաբանական, բայց թե դա ուր կտանի՝ կանխատեսել չի ուզում։