Ու՞ր է մեր երկրի իշխանությունը

Ու՞ր է մեր երկրի իշխանությունը

Նոր իշխանության բարձր պաշտոններ զբաղեցնողները սիրում են ասել՝ հեղափոխություն, բայց թավշյա: Իսկ մյուսները՝ հատկապես ընդդիմախոսները եւ մանավանդ ժողովրդի այն հատվածը, որն արդեն հույսը կորցրել է նոր իշխանավորներից, այն կոչում է իշխանափոխություն: Համամիտ եմ, որ նախորդ իշխանությունը տապալվեց, բայց արդյո՞ք ունեցանք նոր իշխանություն։ Ես կասեի՝ ո՛չ․ չկա՛ իշխանություն, չկա՛ կառավարություն, չկա՛ դատական համակարգ, եւ չկան դեռ շատ ու շատ բաներ։

Բայց, բարեբախտաբար, հույս դեռ կա: Նախորդ իշխանության տապալումից հետո, ընդգծված կերպով, երեք շրջան ունենք: 

Առաջին շրջանում ժողովուրդը զբաղվեց նոր նշանակումների վերաբերյալ լուրերով: Ամեն օր ժողովրդի մի մասը ոգեւորվում եւ հուզվում էր՝ տեսնելով երիտասարդ նոր դեմքերի, որոնք նշանակվում էին այս կամ այն պաշտոնին։ Իսկ հակառակ ճամբարում նույն նշանակումների մասին խոսում էին խիստ բացասական՝ տեսնելով այդ անփորձ երիտասարդներին, որոնք ստանձնելու էին բարդ լիազորություններ: Այսպես կամ այնպես, մի քանի ամիս ժողովուրդը զբաղվեց դրանցով՝ ոմանք ոգեւորությամբ սպասելով, իսկ ոմանք էլ՝ մտահոգվելով։

Երկրորդ շրջանը սկսվեց իրավապահ մարմինների՝ համարյա ամենօրյա սենսացիոն ձերբակալությունների մասին լուրերով, որոնք ժողովրդին ներկայացվում էին բեմականացված գործողություններով: Միամիտ ժողովուրդն էլ կարծեց, թե այդ գումարների առգրավումով շուտով տնտեսական բոլոր հարցերը կլուծվեն՝ թոշակները կկրկնապատկվեն, գները կնվազեն եւ այլն: Բայց այդպես չեղավ: Այս շրջանի ոգեւորությունն էլ երկար չտեւեց: Ժողովուրդը դրանից էլ ձանձրացավ եւ սկսեց նորից վերադառնալ գագիկշամշյանական հաղորդումներին… Այս վերջիններն ավելի իրական են:

Երրորդ շրջանը կարելի է համարել թվերի մշակման եւ դրանք ժողովրդին հրամցնելու քաղաքականության ժամանակաշրջան․ տնտեսական աճ՝ այսքան տոկոս, ներգաղթ՝ այսքան, արտահանում՝ այսքան, բյուջե հոսող գումարներ, ՀԴՄ կտրոնների ու զբոսաշրջիկների աճ եւ այլն։ Իհարկե՝ այս ամենը համեմատելով նախորդ ռեժիմի ժամանակաշրջանի հետ։

Այս վերջին շրջանի՝ ժողովրդին վիճակագրական ցուցանիշների աճ հրամցնելու քաղաքականությունը շատ հին մեթոդ է: Այդպիսի մեթոդները հարյուր տարի առաջ կիրառվել են բոլշեւիկների, իսկ հետագայում՝ թե՛ մանր ու խոշոր եւ թե՛ արյունալի ու խաղաղ հեղափոխություններից հետո` անճարակ ղեկավարների կողմից: Համենայնդեպս, այսպիսի քաղաքականությունը հուսալի չի կարող լինել ո՛չ նորեկ իշխանավորների եւ ո՛չ էլ հատկապես նրանց երդվյալ աջակիցների համար: Առակն ասում է՝ «քաղցը կրոն ու հավատք չի ճանաչում»: Մինչեւ ժողովուրդն իր վրա չզգա այդ «աճ»-երի ազդեցությունը, վիճակագրական բոլոր ցուցանիշները նրա համար անիմաստ են: Այս ժողովուրդը մինչ օրս չի հավատացել ներկայացված տվյալներին, այսուհետ եւս չի հավատալու, հատկապես, որ վաղուց նրա թվային ընկալումներն աղավաղվել են:

Երբ Ազատության հրապարակի ահռելի զանգվածին հաշվում էիք մի քանի տասնյակ հազար, երբեմն էլ՝ մի քանի հարյուր հազարի հասնող մարդ, պիտի մտածեիք նաեւ այսօրվա մասին: Այն օրվա սուտը բումերանգի նման հիմա վերադառնում է ձեզ, պարոնայք։ Այսօրվա ձեր հայտարարած ցուցանիշների միայն տասը տոկոսը կարող է ճիշտ լինել․ մենք ձեզ այդպես գիտենք։ Շատ չոգեւորվեք 80 տոկոսանոց քվեների արդյունքներից: 90 տոկոսանոց հաղթողների կործանումներ էլ ենք տեսել:

Ես ուշադիր հետեւում էի մեր սիրելի վարչապետի ելույթին՝ ուղղված արտասահմանյան ներդրողներին: Գուցե մեր վարչապետը բոլորովին չէր նկատում նրանց դեմքի մկանների մանր կծկումները, երբ հայտարարում էր, որ այսօր Հայաստանում ամեն մարդ կարող է ազատ կերպով բիզնես անել: Միայն գործից հասկացող մարդիկ նկատեցին, որ գործարարների հիմնական մտահոգությունը չփարատվեց։ Վարչապետի եւ իր թիմակիցների մոտ նրանք չտեսան արտասահմանյան ներդրումները պետականորեն պաշտպանված լինելու համար ստեղծված բավարար երաշխիքներ: Ընդհակառակը՝ վարչապետն անընդհատ կրկնում էր ազատ միջավայրի ստեղծման մասին: Այլ կերպ ասած, ակամայից նրանց վախեցնում է խոշոր ներդրումների ռիսկի տակ մտնելը: Լավագույն օրինակը հանքարդյունաբերական ոլորտի օրինակներից մեկն է: Ո՛չ լեգիտիմ իշխանությունը, ո՛չ էլ արտասահմանյան մասնագետների եզրակացությունները չեն փրկում: Շինարարության բնագավառում էլ նույնն է․ ի՞նչ կարող է անել կառուցապատողը, երբ ընդամենը ճանապարհ փակելու գործում հմտացած հարեւանները կարող են կասեցնել աշխատանքային գործընթացը:

Ո՞ւր է իշխանությունը․ նա միայն զբաղված է կառուցապատողից հարկեր գանձելով, բռնագանձումներ իրականացնելով կամ ուշացման տույժ-տուգանքները հաշվելով… Արդեն մեկ տարի է, չենք կարողանում իրականացնել նոր շենքի նախագիծը, որը հաստատված է եղել նախորդ իշխանության օրոք: Քաղաքապետի խոստման համաձայն, այն նախագծերը, որոնց հիմքում չկան հանցագործ համաձայնություններ, կարող են շարունակել աշխատանքների իրականացման ընթացքը, իսկ մեր նախագիծը համապատասխանում է գործող նորմատիվներին՝ հիմքում չունենալով ոչ մի անօրինական համաձայնություն: Գլխավոր ճարտարապետը խոսք չունի, սակայն նա մտահոգված է հարեւան շենքի բնակիչների պահվածքով։ Իսկ հարեւաննե՛րը… Նրանք ուզում են, որ բացի իրենց ապրած շենքից, այլեւս ուրիշ շենք չլինի Երեւանում: Ձեւն էլ գիտեն, փորձն էլ ունեն: Իրենց արածն էլ միանգամայն արդար են համարում, իսկ ներդրողինը՝ անարդար ու անօրինական։ Ճանապարհ փակելով էլ ամեն ինչի կարող են հասնել, ընդհուպ մինչեւ…

Նրանք փակում են ճանապարհը, խոչընդոտում աշխատանքների բնականոն ընթացքը եւ ասում․ «Թույլ չենք տա, որ այստեղով «կամազ» անցնի: Շենքդ վերցրու տար՝ ուրիշ տեղ սարքի…»։ Այս դեպքում ո՞ւմ օգնությանը դիմի կառուցապատողը։ Ո՞վ է տերը այս անտերության… Քաղաքապետարանից խորհուրդ են տալիս․ «Եթե դուք հարեւաններին մի բանով հատուցեք, որ նրանք մեզ չդիմեն, մենք հարց չունենք…»։ Եղա՞վ… Այստե՞ղ էինք ուզում հասնել: Խնդրեմ, հենց վաղը ետ վերադարձրեք իմ տված թեկուզ մի ամսվա հարկը, եւ դրանով ես հարեւաններին այնպես հատուցեմ, որ ձե՛զ էլ, մե՛զ էլ Աստծո տեղ պաշտեն…

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ