Բուշրա Ալ-Ֆադիլ. Բացման արարողություն

Բուշրա Ալ-Ֆադիլ. Բացման արարողություն

Բուշրա Ալ-Ֆադիլը սուդանցի գրող է, ապրել է Սաուդյան Արաբիայում։ Ծնվել է 1952 թվականին՝ Սուդանի հարավային գյուղերից մեկում, հետագայում տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, իսկ ավելի ուշ սովորել է նաեւ Մոսկվայում։ 2018 թվականից գրողը բնակություն է հաստատել Կանադայում։ Մի շարք գրքերի հեղինակ է, ստեղծագործում է արձակ ժանրում, գրում կարճ պատմվածքներ եւ նովելներ։ 2012 թվականին Բուշրա Ալ-Ֆադիլը Սուդանի մշակույթի նախարարության կողմից ստացել է Աթ-Թայիբ Սալիհի անվան պետական մրցանակ՝ արաբերեն գրված իր պատմվածքների համար։ 

Ամեն երկուշաբթի առավոտ աֆրիկյան մռայլ ու շոգ քաղաքի մի թաղամասում՝ Վիլաթում, բնակիչները սպասում են գեներալի հայտնվելուն, որպեսզի պաշտոնապես ազդարարեն իրենց տների արանքով անցնող նեղլիկ փողոցի բացումը։ 

Կես տարի առաջ ղեկավարությունը նրանց տեղեկացրել էր, որ երբ նորին գերազանցությունը հայտնվի, պետք է շարվել ճանապարհի երկայնքով եւ դիմավորել նրան։ Մինչ այդ բնակիչները հանգիստ ապրում էին, փողոցի շինարարության ողջ գումարն էլ հենց իրենք են տվել։ 

Ղեկավարությունը հրամայել էր ամսվա առաջին երկուշաբթին սպասել գեներալին, շարվել փողոցում։ Բայց գեներալը չեկավ, իսկ բնակիչները որոշեցին շարվել ամեն երկուշաբթի՝ հուսալով, որ գեներալն այդ անգամ կգա, եւ փողոցի բացումը պաշտոնապես կազդարարվի։

Հետո ղեկավարությունը հրաման տվեց բնակիչներին՝ չերթեւեկել փողոցով, մինչեւ դրա պաշտոնական բացումը։ Բնակիչները շարվում էին, սպասում, բայց գեներալը չէր գալիս։

Շատերն անիծում էին այն օրը, երբ որոշում կայացվեց կառուցել այդ փողոցը, հետո սպասել նորին գերազանցությանը, մինչեւ նա կժամանի եւ կկտրի կարմիր ժապավենը։ 

Ենթադրվում էր, որ բացման արարողությունից հետո կառավարությունը բարեկարգ փողոցը կհամարեր ձեռքբերում, փողոցը կդառնար ազատ երթեւեկելի, եւ երթեւեկությունն էլ կկառավարվեր հեշտ, անշուշտ՝ սա մի հարց է, որին սովորական չինովնիկն էլ արագ լուծում կարող է տալ։

Դա մի չքնաղ փողոց էր, անպատկերացնելի գեղեցիկ՝ անցնող փոշոտ ու կեղտոտ տների արանքով՝ տներին տալով մուգ մետաղական փայլ, նմանվելով ուղտի չեփած լյարդի գույնի։ 

Փողոցը կառուցվել էր բնակիչների ձեռքերով, մռայլ, կեղտոտ տների արանքով անցնող փայլուն ճանապարհի վերջում, սակայն, գետնափոսեր կային։ 

Իսկ փողոցի բացումը հետաձգվում էր, որովհետեւ գեներալը զբաղված էր իր սիրելի գործով՝ որսորդությամբ։ Հարակից քաղաքների ղեկավարների եւ բազմաթիվ ազդեցիկ մարդկանց հետ նա կանգ էր առել որսորդական մի ճամբարում։ Գեներալը կարճլիկ էր եւ գեր, նա սիրում էր ուտել որսի թարմ միս եւ գիրանալ, իսկ նա անընդհատ գիրանում էր․ ուտում էր միս եւ գիրանում, ուտում էր միս եւ գիրանում… Եվ նա շարունակում էր գնալ որսի եւ շատ ուտելուց էլ ավելի էր կարճլիկանում։

Գեներալի հաղթական ճանապարհն արեւմուտքից արեւելք էր, մինչեւ որ նա եւ իր ազդեցիկ ընկերները չհասան արեւելաաֆրիկյան ճեղքված հովիտ, որտեղ նրանց օգնության հասան հսկայական թրթուրավոր շարժասարքեր։ 
Մինչ շարժասարքերը երկուշաբթի առավոտյան փորում էին հողը՝ փրկելու գեներալին եւ նրա ազդեցիկ ընկերներին, բնակիչները սպասում էին գեներալին՝ փողոցում շարված։ Մինչեւ կեսօր սպասելուց հետո բնակիչները վերջնականապես սպասելուց զզված՝ որոշեցին բացումն իրականացնել առանց գեներալի՝ նրա փոխարեն գտնելով այլընտրանք։  Մի փոքրիկ տղա ձեռքի կարմիր մարմարե գունդը գլորեց փողոցով, երեխայի աչքերը փայլում էին մարմարի կարմիր փայլից, իսկ կարմիր գունդը շողում էր, երբ արեւի ճառագայթներն ընկնում էին ուղիղ նրա վրա։  

Մարմարե գնդակը գլորվեց փողոցով, կարծես ցույց տալով, թե որքան հարթ է այն, գունդը նմանվեց տիեզերանավի՝ իր տիրույթին հարմարված։ Բնակիչներն աչքերով հետեւեցին գնդակին, մինչեւ այն չհասավ փողոցի ծայրն ու չընկավ գետնափոսի մեջ, ինչպես գոլֆի գնդակը։ 

Փողոցի բնակիչները պտտվեցին՝ փոքրիկ տղային նայելու, իսկ երեխան արդեն անհետացել էր…

 

Թարգմանությունն արաբերենից՝ Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ