Սարսափելի է` դա տեսնել է պետք, ինչքան էլ պատմեմ, չեք պատկերացնի

Սարսափելի է` դա տեսնել է պետք, ինչքան էլ պատմեմ, չեք պատկերացնի

Մտավորականները Ծաղկաձորի գրողների տուն այցից հետո ահազանգում են այնտեղ տիրող իրավիճակի մասին: «Մենք մեծ երկիր չենք, մեր ունեցածը մի քանի քաղաքներ են, պետք է կարողանանք պահել ու փրկել մեր անտառներն ու դրանք փոխանցել գալիք սերունդներին»,- ասում է պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: Նա առաջարկում է Ազգային ժողովին և մյուս պատկան մարմիններին նախագիծ մշակել և Ծաղկաձորը հռչակել որպես ազգային պարկ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մտավորականները նաև հայտարարություն են տարածել Ազգային ժողովից պահանջելով իրավիճակին լուծում տալ:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախկին իշխանությունների արարքները եթե համեմատենք օրվա իշխանությունների գործողությունների հետ, ապա նախկինների արածը ներկաների համեմատ մեկ տոկոս անգամ չի կազմի.

«Այն, ինչ արվում է այսօր, պարզապես սարսափելի է, սակայն այս հարցը ես չէի ցանկանա քաղաքականացնել, որովհետև առաջնային հարցն այստեղ Ծաղկաձորի փրկությունն է: Այն, ինչ տեսանք սարսափելի է, ծառապատ անտառները դարձել են արմատուրաների անտառներ: Անտառներում, այն էլ Ծաղկաձորի ի՞նչ կարիք կա այդքան բնակելի շենքեր կառուցելու: Ի՞նչ պետք է անեն այդ շենքերը, ո՞վ պետք է այնտեղ ապրի: Ծաղկաձորի բնակչությունն այնքան փոքր է, որ կարելի է բոլոր բնակիչներին մեկ բնակելի շենքում տեղավորվել: Այսինքն` ավերում են Ծաղկաձորը, հայտնի չէ, թե ում համար: Սա պարզապես հանելուկ է, ո՞վ է այս ամենի թիկունքում կանգնած, այ սա է խնդիրը, չկա ոչ մի անուն: Պետք է քրքրենք ու հասկանանք, թե այս ամենի ետեւում ով է կանգնած, այնպես չէ, որ պարզապես խոսում, կամ քննադատում ենք, ոչ, մենք պետք է ամեն գնով փրկենք Ծաղկաձորը: Ինչ եղել, եղել է, այդ շենքերն այլևս քանդել չենք կարող, սակայն գոնե պետք է կարողանանք նոր սկսվող գործողությունները կանխենլ», - նշում է նա:

Ծաղկաձորի գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանն էլ մեր այն հարցին, թե կոնկրետ որ տարածքներում են ծառահատման աշխատանքներ իրականացվել, ի՞նչ տեսակի և ի՞նչ քանակի ծառեր են հատվել և վերջապես որտեղի՞ց են ստացել նման թույլտվություն, նշեց հետևյալը. «Շինարարական աշխատանքներն ընթանում են ոչ այնքան ծառապատ տարածքներում, սակայն կա մեկ-երկու նախագիծ, որոնք արդեն իսկ հասարակական լսումների արդյունքում որոշվել է կյանքի կոչել: Շինթույլտվությունն արդեն կա: Այսինքն` մեր խնդիրը նոր նախագծերին ընդվզելն է: Այս պահին տասը բարձրահարկ է կառուցվում, կառուցվող շենքերն աղավաղում են Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը: Աղբյուր են վերացրել, հին պատմական շենք են վերացրել: Սարսափելի է ուղղակի, դա տեսնել է պետք, ինչքան էլ պատմեմ այսպես, չեք պատկերացնի: Ինչ վերաբերում է թույլտվությանն, ապա ավագանին է թույլատրել, եղել են հասարակական լսումներ, որոնց միայն ես եմ մասնակցել, մեր հասարակությունը, ցավոք, շատ պասիվ է, ոչ մեկը չի եկել հարց բարձրացնի, թե այս ինչ եք անում: Միայն ես եմ ներկա եղել: Վերջին քննարկումը մի խայտառակ ծրագրի մասին էր, ես կրկին մենակ էի, ոչ ոք չկար: Ստացվում է, որ մեկ հոգու խոսքը չի կարող վճռորոշ լինել: Այնպես որ այդ ծրագիրը ևս փորձում են կյանքի կոչել: Այդ լսումներն իբրև վերաբերում են բնության պահպանությանը: Կա օրենքի կետ, որ շինարարությունը սկսելուց առաջ պետք է պարտադիր կազմակերպել հասարակական լսումներ և մարդկանց կարծիքն իմանալ, որից հետո միայն կազմել եզրակացություն, շինարարություն իրականացնե՞լ, թե՞ ոչ: Դե, քանի որ մեր հասարակությունն անտարբեր է, չի մասնակցում լսմներին, իրենք էլ «գալոչկա» են դրել, որ մարդիկ դեմ չեն արտահայտվում և արդյունքում որևէ բացասական եզրակացություն չի կազմվել: Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ իրավիճակը բարդ է», - նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր մտավորականներ` Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Մովսես Մանուկյանը, Աշոտ Օհանյանը և Ժիրայր Դադասյանը հայտարարություն են տարածել, նշելով որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները, իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերին: