Հայ ռեժիսորի ֆիլմը`Բաքվի պահանջով, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից 

Հայ ռեժիսորի ֆիլմը`Բաքվի պահանջով, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից 

Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրից: Ըստ ադրբեջանական «Зеркало» ինտերնետային կայքի, դա արվել է Ադրբեջանի մշակույթի նախարարության պահանջով: Ֆիլմը, որի սյուժեն զարգանում է Արցախում՝ 2016-ի գարնանը, նույնիսկ նշված չէ կինոփառատոնի կայքում, բայց ինչպես ցույց է տալիս Google- ի արխիվը, այն նախկինում կար: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մրցույթի հիմնական ծրագրում ներառված է ադրբեջանցի ռեժիսոր Իսմայիլ Սաֆարլիի «Ձկնորսի դուստրը» ֆիլմը: Ակնհայտ է, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնը քաղաքական որոշում է կայացրել՝ հայկական ֆիլմը հեռացնելով ծրագրից։  

Խնդրին, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, մասնավորապես նշելով․ «Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որ արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը: Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։