Նիկոլը վերածվել է առանձին գյուղբնակիչների «ժողվարչապետի»

Նիկոլը վերածվել է առանձին գյուղբնակիչների «ժողվարչապետի»

ՀՀ վարչապետի աթոռից կառչած պարտության խորհրդանիշը որոշել է «սյունյաց ողջույները» փոխարինել երկրի 4-րդ նախագահից փոխառնված «պաղպաղակ փարթիով»: Իսկ որպեսզի այն միայնակ գործողություն չդիտարկվի՝ դրան գումարել է հանդիպումների, մանկան ձեռքով ժապավեն կտրելու և մանկահասակ երեխաներին ողջունելու տեսարանները: Եվ այդ ամենը քարոզչական ֆոլգայի մեջ փաթեթավորված ներկայացրել է հանդիսատեսին: Որի «լայքային» ռեսուրսը ֆեյսբուքում կազմում է ընդամենը 1-ից 3 հազար: Պետության ղեկավարի, այն էլ ժամանակին «դուխով» կոչված ղեկավարի առումով դա խայտառակ քիչ է: Բայց խայտառակ պարտության խորհրդանիշ ղեկավարի առումով դա չափազանց շատ է: Արժանապատվություն ունեցող մարդիկ, որտեղ էլ նա հայտնվի, առնվազն պետք է արհամարհեն նրան, չտեսնելու տան՝ էլ ուր մնաց թե լայքեն նրա վիդեոները: Որպեսզի գիտակցի իր ավելորդ լինելն իր ձևավորած իրականությունում՝ կյանքի եւ վիրտուալ:
Որպեսզի, ի վերջո, երկրի ներսում իր ութ տոկոսաչափ աջակիցները ևս հասկանան, որ դրա հետ «ընկերություն» չեն անի. անիծված է: Այն հանգեցնում է իրենց զավակների, ամուսինների, եղբայրների և քույրերի կորստին: Նրա հետ նույնիսկ պաշտոնական շփումը հղի է ունեցվածքի և եկամուտների կորուստով: Իսկ իր համար դա ընդամենը փիառ է, ինչը ներկայացվելու է արտաքին (արևմտյան) աշխարհին. տեսեք, թե ինչպիսի սիրով և հեղինակությամբ  եմ շրջապատված իմ ժողովրդի կողմից: Եթե մի քիչ էլ փորփրենք այդ ուղղությամբ, ապա կպարզվի, որ խաբեության «զոհ» են դառնալու ոչ միայն ներսի շարքային քաղաքացիներն ու արտերկրյա ղեկավարները, այլև հենց ինքը: Այո, չզարմանաք, ինքը փորձում է խաբել հենց իրեն՝ մտածելով, որ վերականգնվում է նախկին հեղինակությունը, կրկին ձեռք է բերվում երբեմնի աջակցությունը: Ու անընդհատ շուրջ չորս տարի տևող պարտությունների շարանն էլ, իր ասելով, փոխարկվում է հաղթանակի, կամ էլ հաղթանակի հնարավորության:

Եթե փորձենք նմանատիպ մեկ այլ դեպք արձանագրել թե՛ մեր և թե՛ մյուս ժողովուրդների պատմության մեջ, վստահաբար, անհաջողության կմատնվենք: Որովհետև որևէ պետություն ղեկավարելը խաղուպար չէ և ոչ էլ ընդդիմադիր ժամանակների՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անվանմամբ «կենսափիլիսոփայական» դրույթի կենսագործում: Ինչպես նաև իրական ծանր ու դժվար աշխատանքը փիառով նենգափոխելու գործընթաց: Եվ վերջապես, իրական Հայաստանը որպես պատմական, ու դրա փոխարեն կեղծն ու վիրտուալը որպես իրական ներկայացնելը: Եվ այդ ամենը մտածելու ունակությունից զուրկ զանգվածների ուղեղում ներդնելու համար, նախ, սոցցանցային հարթակներում կենդանի և ֆեյք օգտատերերի միջոցով շրջանառելն ու ապա՝ մարզային այցերին դիմելը: Ի դեպ, ժամանակին ՀՀ երրորդ նախագահի առումով առկա էր սարկաստիկ պնդում, որ նա ոչ թե ողջ Հայաստանի, այլ միայն գյուղական շրջանների բնակչության նախագահն է: Իսկ քաղաքներում էլ՝ դպրոցների ուսուցիչներինն ու աշակերտներինը: Այսօր նույն համոզվածությամբ կարող ենք արձանագրել, որ այդ դերը բաժին է հասել երբեմնի «դուխով և ժողովրդի փրկիչ», իսկ վերջին երեքուկես տարին՝ խայտառակ պարտության խորհրդանիշ, վարչապետի աթոռից կառչած անձին: Իսկ որպեսզի փրկվի մեր երկիրը, այդ անձին պետք է հրաժարական պարտադրվի: Այլ ճանապարհ ուղղակի չկա: