Ըստ Փաշինյանի՝ ոչ ոք Հայաստանին զենք չի տա, եթե Արարատ լեռը անվանենք հայկական

«Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի եւ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ»,- այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Արարատի» դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անցած զենքեր, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետեւ մեկ ա չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Այս խոսույթի ներքո, հայրենասիրական մղումներով, մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու»,- ասել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ եթե Արարատի նկարով գնա զենք ուզի, ոչ քո չի տա, որովհետեւ, ըստ նրա, որեւէ մեկը չի ուզում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ «Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը «երազկոտ» քաղաքացիներին սթափության կոչ արեց․ «Նույնիսկ նրանք, ովքեր շատ քննադատաբար չեն խոսում, ասում են՝ հա էս կառավարությունը խելոքություն ա անում, հիմա տարածքային պահանջներ չունենք, կուժեղանանք՝ հետո կխոսենք։ Ոչ, ես ասում եմ՝ մենք պետք է էսօր վաղը, մյուս օրը եւ հավերժ մնալու ենք էս ռազմավարության մեջ։ Հակառակ դեպքում մենք կոալիցիաներ ենք ստեղծելու՝ մեր պետությունը ոչնչացնելու համար։ Արարատն ու Արագածը լրջագույն ռազմավարական հարց ա»,-ասաց նա։
Կարծիքներ