«Հրապարակ». Մեր օգուտն այդ նախագծից Երեւան-Կապան-Ջուլֆա գնացող ճանապարհների ապաշրջափակումը կարող է լինել

ՀՀ կառավարությունն օրեր առաջ ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ տեսանյութով ու քարտեզով ցուցադրեց, թե ինչ նկատի ունի։ Նախագծի իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է. «Բաց սահմաններ, բացված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական քաղաքական եւ մշակութային կապեր․ սրանք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»։
Ըստ այդմ, Հայաստանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին 5 անցակետ ստեղծել՝ Կայան, Սոթք, Քարահունջ, Անգեղակոթ եւ Երասխ բնակավայրերում, 2 հսկիչ անցակետ՝ Ախուրիկում եւ Մարգարայում՝ ճանապարհների համար, որով պատրաստ է ապահովել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցությունը, վերականգնելով իր տարածքում երկաթուղու 4 հատված՝ Նռնաձոր-Ագարակ, Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման՝ Երասխում սահմանելով անցակետ, Գյումրիից մինչեւ սահման երկաթուղու հյուծված հատվածը, նաեւ Հրազդանից Կայան երկաթուղու հյուծված հատվածը, եւ Կայանում ստեղծել անցակետ։ Շեշտում են, որ «Խաղաղության խաչմերուկի» բոլոր ենթակառուցվածքները գործելու են այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնցով նրանք անցնում են, եւ մաքսային հսկողությունն ու անվտանգությունն էլ տվյալ երկիրն է ապահովում:
Հայկական կողմը կարծում է, որ սրանով «հնարավոր կդառնա անխափան կապ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սեւ ծովի, Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջեւ»: Հայաստանի հարավով եւ հյուսիսով անցնող երկաթուղիներն ու որոշ ավտոճանապարհներ 30 տարի չեն գործել, մինչդեռ «այդ երկաթուղային եւ ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սեւ ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը եւ հույս ունի, որ սա «հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին»։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը մեզ հետ զրույցում նշում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականում կարող է ե՛ւ շահ ապահովել, ե՛ւ խնդրահարույց լինել հայկական կողմի համար, նայած թե ինչպես է իրագործվելու: ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նույնն է, ինչ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսվում էր որոշ ժամանակ առաջ՝ մեկ տարբերությամբ. եթե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվի, յուրաքանչյուր երկիր իր սուվերեն տարածքով անցնող ճանապարհը կարող է վերահսկել հենց ինքը: Հայաստանով անցնող ճանապարհները վերահսկելու է հայկական կողմը, Ադրբեջանով անցնողը` ադրբեջանական կողմը, այսինքն` սա միջանցք չէ, ուղղակի մեր երկրով անցնող ճանապարհ է: Ինձ համար այստեղ մեծ հաշվով նոր բան չկա, այս մասին շատ է խոսվել: Պարզապես այսօր ավելի հստակ է խոսվում, օրինակ` Հրազդանից Ղազախ եւ Երեւանից Թբիլիսի երկաթուղիների մասին: Հրազդանից Ղազախ երկաթուղին լավ վիճակում չէ, այն պետք է նորոգվի: Պետք է ճանապարհներ փոխվեն, այն պետք է դառնա առավել վստահելի: Մեղրիի հատվածում էլ` Նախիջեւանից Ադրբեջան միացնող ճանապարհն է խնդրահարույց, որը եւս ենթակա է նորոգման»,- նշում է մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչ կարող է այն տալ հայկական կողմին, տպավորություն է, թե այն բացառապես ադրբեջանաթուրքական կողմին է ձեռնտու, քարտեզագետն ասում է. «Դա մեզ համար շահավետ չէ՝ այն, ինչ դրա դիմաց պետք է ստանանք, Երեւանից դեպի Ջուլֆա ու Կապան գնացող ճանապարհների ապաշրջափակումն է, մեզ օգտակարը դա է: Մեր ավտոմեքենաներն Իրան էլ Քաջարանի ոլորաններով չեն գնա, այլ ուղղակի Նախիջեւանի միջով անցնելու են…. գործարարների համար սա մեծ տարբերություն է, Իրանից դեպի Հայաստան եկող ճանապարհը բավականին դժվար ճանապարհ է, այդ դեպքում մեր բեռների համար աշխատանքը կարող է լինել դյուրին, տնտեսական առումով եւս կարող են փոփոխություններ լինել: Մեծ ոլորապտույտներին կարող են փոխարինել նոր երկաթուղիները, որոնք շատ ավելի մատչելի կլինեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային, ապա նրանք շահում են ուղղակի Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը։ Այս պարագայում Թուրքիան այնքան էլ մեծ բան չի շահում, իսկ Ադրբեջանի համար որոշ հարցեր են լուծվում: Այսօր Ադրբեջանն անցնում է Իրանի միջով, իսկ Իրանն այնքան էլ բարյացակամ չէ Ադրբեջանի հանդեպ եւ ցանկացած րոպե կարող է իր ճանապարհներն Ադրբեջանի համար փակել»:
Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ նոր ճանապարհների վերանորոգումը կարող է ահռելի գումարներ արժենալ Հայաստանի համար. «Նայած ինչ աշխատանքներ են արվելու, դրանից էլ կախված է, թե որքան գումար կծախսեն: Կարծում եմ` 100 միլիոն դոլար գումար կծախսվի»: Այսինքն` մեր պետությունը միլիոնավոր դոլարներ է ծախսելու, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան հեշտ հաղորդակցվե՞ն։ Քարտեզագետն ասում է. «Ամեն դեպքում, դա մեզ համար եւս կարող է շահավետ լինել: Մենք Հյուսիս-հարավի համար մի քանի միլիոն ենք տալիս, բայց սա ավելի լավ կարող է լինել Հայաստանի համար»: Իսկ ի՞նչ բացասական կողմ կարող է ունենալ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, մեր զրուցակիցն ընդգծում է. «Վատ կողմեր կարող է չունենալ, եթե ճիշտ վերահսկողություն լինի: Պետք է ուշադիր լինել, որ, օրինակ, ադրբեջանական գնացքից հավելյալ բեռնաթափումներ չարվեն, կամ ինչ-որ մարդիկ Ադրբեջանից չհայտնվեն Հայաստանում: Հայաստանը պետք է այդ վերահսկողությունն իրականացնի պատշաճ կերպով»:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Ես այդ նախագծին լավ ծանոթ չեմ: Քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, շատ չեմ խորանում այդ հարցում, ուղղակի մի բան եմ հասկանում, երկաթուղին, որն ուզում են անցկացնել Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի համար` Մեղրիով, նախնական ուսումնասիրությունների ժամանակ ես պարզել եմ, որ ոչ մի կետ մենք չունենք` Երեւանից հետո, որ բեռ բարձենք, անգամ Մեղրիում չունենք կանգառ: Այսինքն` պետք է Մեղրիից գա բեռը հասնի Երեւան, Երեւանից էլ գան բարձեն տանեն: Մեղրեցին պիտի գա հասնի Երեւան, Երեւանից բարձի բեռը տանի՞: Որոշ ուսումնասիրությունների ժամանակ ծանոթացել եմ, տեսել եմ, որ մի կայանման տեղ Ադրբեջանում կա, մեկը՝ Նախիջանում, մյուսը` Երեւանում, փաստացի Մեղրիում չկա կայանման ոչ մի կետ: Ես այդպես գիտեմ, դա ինձ համար առնվազն անհասկանալի է: Ո՞րն է իմաստն այդ երկաթգծի, եթե բեռ դատարկելու համար պետք է Մեղրիից հասնել Երեւան: Այլ բան չեմ կարող ասել»:
Քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ ասաց հետեւյալը. «Ես այս կառավարության ոչ մի ձեռնարկ չեմ մեկնաբանում, որովհետեւ այս կառավարությունը մեր թիվ մեկ թշնամին է»:
Կարծիքներ