Արցախի հարցի հետ կապված որտեղ պետք է լինի մեր հուզականության եւ իրատեսականության սահմանը

Արցախի հարցի հետ կապված որտեղ պետք է լինի մեր հուզականության եւ իրատեսականության սահմանը

Նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, ըստ էության քննադատելով Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի՝ ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ «Церковь и мир» հեռուստահաղորդաշարի եթերում արված հայտարարությունները։

Հիշեցնենք, որ, մեկնաբանելով Մոսկվայում օրեր առաջ տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների հանդիպումը, միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը մասնավորապես ասել էր հետեւյալը․ «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ձգվում է արդեն ավելի քան երեսուն տարի։ Դեռեւս չլուծված են մնում խնդիրները երկու կողմերի միջեւ։ Չնայած այն բանին, որ ստորագրվել է խաղաղության պայմանագիր, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնական մասն անցել է Ադրբեջանին, մի մասը դեռեւս շարունակվում է վերահսկվել Հայաստանի կողմից, սակայն, ժամանակավոր հիմքով, մնում են մի շարք հումանիտար խնդիրներ։ Ամենից գլխավորը, որ մնում է, դա չհաղթահարված թշնամանքն է երկու ժողովուրդների միջեւ, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում։

Իհարկե, կրոնական առաջնորդներն ուղղակիորեն չեն կարող խառնվել քաղաքական խնդիրների լուծմանը։ Քաղաքական առումով ցայժմ շարունակում են գոյություն ունենալ շատ լուրջ տարաձայնություններ․ օրինակ, հայերն ասում են, որ Ադրբեջանում շարունակում են մնալ հայ ռազմագերիներ, իսկ ադրբեջանցիներն ասում են, որ չկան ռազմագերիներ, այլ կան մարդիկ, որոնք արդեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո են ձերբակալվել ադրբեջանական տարածքում։

Շատ կարեւոր է, որ առաջին՝ միջէթնիկ հակամարտությունը երբեք չվերաճի միջկրոնականի, այսինքն` հակամարտությունը, որն ավելի քան երեսուն տարի ձգվում է, չբերի քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ թշնամանքի։ Երկրորդ. կարեւոր է, որ այս հակամարտությունը չդառնա պատճառ ատելության, մեկմեկու հանդեպ չարակամ զգացումների սրացման երկու ժողովուրդների միջեւ, որոնք պետք է ապրեն կողք-կողքի եւ կառուցեն բարիդրացիական հարաբերություններ։ Ահա այն ամենը, ինչի մասին հիմնականում խոսել են կրոնական առաջնորդները։ Իհարկե, շատ հարցերում նրանց գնահատականները տարամիտվում են, սակայն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ, ինչպեսեւ նախորդ դեպքերում, երբ հանդիպել են կրոնական առաջնորդները, հնարավոր է եղել հասնել փոխհասկացողության՝ մի շարք խնդիրների հետ կապված, եւ նախեւառաջ նրանց, որոնք պատրիարքն է հնչեցրել ամփոփիչ եզրափակիչ խոսքում։ Կա ընդհանուր փոխհասկացողություն առ այն, որ անթույլատրելի են առկա խնդիրների՝ զենքի ուժի օգնությամբ լուծելու կոչերը, որ անհրաժեշտ է հաղթահարել ատելությունը երկու ժողովուրդների միջեւ եւ լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում նաեւ՝ կապված ռազմագերիների վերադարձի հետ։

Ուշագրավ է այն, որ այս` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումից հաշված օրեր անց, արդեն հինգ հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան, ինչը հատկապես խորհրդանշական կարելի է համարել հատկապես ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին Կիրիլ պատրիարքի՝ հանդիպման ամփոփիչ կոչ-հայտարարությունը հնչեցնելուց հետո։

Սակայն սա դեռ թողնենք մի կողմ ու անդրադառնանք միտրոպոլիտ Իլարիոնի արած արտահայտություններում եղած «խութերին», որոնք կարող են բացասական ընկալումների առիթ տալ։ Նախեւառաջ արձանագրենք, որ հայտարարությունն անողը պատահական անձ չէ, օրինակ՝ շարքային եկեղեցական չէ կամ փորձագետ, կամ վերլուծաբան, այլ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարը, այսինքն՝ Ռուս ուղղափառ եկեղեցու, այսպես անվանենք՝ «արտաքին գործերի նախարարը», ավելին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո ներկայիս գահակալող պատրիարք Կիրիլի ամենից մոտ եւ ամենից հավատարիմ բարձրաստիճան եկեղեցականներից մեկի համարումն  ունեցող մեկը։ Որպես հուշում նկատենք, որ Կիրիլ պատրիարքը` ինքը, ժամանակին եղել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարը, նախքան պատրիարքական գահ բարձրանալը՝ Ալեքսի 2-րդ պատրիարքի օրոք, եւ Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժինը հանդիսանում է նրա համար ինչ-որ առումով «սեփական դպրոցը» կամ «կադրային դարբնոցը»։ Բացի այդ, միտրոպոլիտ Իլարիոնը հանդիսանում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից առավել ուշադրության արժանացած բարձրաստիճան եկեղեցականներից մեկը։

Կրեմլը, կարելի է ասել, բավական շռայլ է նրա հանդեպ պետական պարգեւների առումով, ինչը, ուշադրության նշանից բացի, ունի նաեւ որոշակի «ազդակ» իր մեջ, որի մասին այլ առիթով կարելի է խոսել։ Երրորդ. պետք է նկատի ունենալ, որ ոչ կրոնական առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումը, ոչ Կիրիլ պատրիարքի կողմից արված ամփոփիչ կոչ-հայտարարությունը, ոչ դրան հաջորդած եւ հաջորդելիք իրադարձությունները, ներառյալ նաեւ միտրոպոլիտ Իլարիոնի արած այս խնդրահարույց արտահայտությունները, չէին կարող լինել առանց Կրեմլի հավանության՝ հաշվի առնելով եւ ռուսական ներկայիս իրականությունը, եւ այդ իրականության մեջ պետաեկեղեցական հարաբերությունների վիճակն ու դրվածքը։ Հետեւաբար, պետք է նկատի ունենալ, որ նմանատիպ որեւէ հայտարարություն արվելիս ցանկացած տառ, բառ կամ կետադրական նշան համաձայնեցվում է եւ համահունչ է դառնում Կրեմլի պաշտոնական մոտեցումների հետ, իսկ Կրեմլի համար առաջնահերթությունը ռուսական շահերն են։

Իսկ հիմա` արդեն բուն արտահայտությունների մասին։ 44-օրյա պատերազմից հետո, անցնող այս մեկ տարվա ընթացքում թե Ռուսաստանը, թե Մինսկի խմբի համանախագահության մյուս երկրները, ի դեմս Մինսկի խմբի եռանախագահության տարածած հայտարարությունների, ըստ էության արձանագրել են, որ ընդունում են 44-օրյա պատերազմի արդյունքները եւ այն իրականությունը, որը ստեղծվել է այդ պատերազմի արդյունքների հիման վրա։ Իսկ դա նշանակում է, որ, ըստ էության, լեգիտիմացվում է այն, որ ԼՂՀ տարածքների մի մասի հանդեպ Ադրբեջանը ձեռք է բերել վերահսկողություն (մենք չենք խորանա այն խնդրի մեջ, որ միջազգային հանրությունը, կարելի է ասել, հաշտվել է այն իրականության հետ, որ Ադրբեջանը, խախտելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքը, իրականացրել է ռազմական գործողություն, չենք անդրադառնա նաեւ այն բանին, թե այդ գործողությունն ինչպես կարելի է մեկնաբանել կամ ինչպես է մեկնաբանվում, չենք անդրադառնա նաեւ այլ բազմաթիվ հարցերի`  այս ամենի հետ կապված, որոնք ավելի նեղ մասնագիտական խոսքի կարիք ունեն)։ Միաժամանակ նաեւ՝ պետք է հասկանալ, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կլինի ապագայում, այժմյան իրականությունն այն է, որ ԼՂՀ այն հատվածը, որտեղ այժմ հայկական երկրորդ պետականությունը պահպանվում է, գտնվում է 5 տարով այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում։

Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել․ գուցե կգա մի օր, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը կլուծվի միջազգայնորեն, եւ Արցախը կհամալրի ճանաչված պետությունների ընտանիքը, ու Արցախի դրոշն էլ կբարձրացվի ՄԱԿ-ում: Գուցե կգա մի օր, որ ԼՂՀ-ն կկիսի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճակատագիրն ու կանցնի ամբողջապես ռուսական պրոտեկտորատի ներքո, գուցե առհասարակ իրավիճակն այնպիսին լինի, որ հնարավոր լինի խոսել լրիվ այլ միավորներ ունեցող ռեգիոնի մասին հատկապես, որ Ադրբեջանը, որպես պետություն, այնքան էլ ամրակուռ ու միատարր չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, եւ ոչ էլ Թուրքիայի գործող վարչակարգն է հավերժ գոյություն ունենալու, որ մշտապես աջակցի Ադրբեջանին, սակայն այժմյան դրությունը սա է։ Հետեւաբար, Հայաստանի վերահսկողությունը, որն արտահայտվում է թեկուզեւ նրանով, որ Երեւանն իր ունեցած համեստ հնարավորություններով ֆինանսապես աջակցում է ԼՂՀ-ին եւ ճիշտ է անում, ժամանակավոր է՝ գոնե այս պահի դրությամբ։

Խնդիրն այստեղ թերեւս այն է, որ որքան էլ հարցը մեզ՝ հայերիս համար լինի զգայուն, ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ ուրիշի համար չկա որեւէ տարբերություն ղարաբաղյան հակամարտության կամ կիպրական, կամ պաղեստինա-իսրայելական հակամարտության համար, որքան էլ որ այդ ուրիշը լինի հայամետ այնքանով, որքանով դա թույլ են տալիս իր դիրքը, զբաղեցրած պաշտոնը, այն իրականությունը կամ միջավայրը, որում գտնվում է։ Հետեւաբար, այս դեպքում մենք գործ ունենք դիվանագիտության եւ իրատեսության հետ։