ԵՊՀ-ի ցնցող պատասխանը․ «բերեք տվեք, արխիվացնենք»։

ԵՊՀ-ի ցնցող պատասխանը․ «բերեք տվեք, արխիվացնենք»։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վերջնականապես ապացուցեց, որ ամբողջատիրական հակումներ ունի։ Այսօր հայտնի դարձավ, որ նա հրահանգել է այլևս չբաժանորդագրվել «Հրապարակ» օրաթերթին, ԵՊՀ գրադարանը նույնպես այլևս չի ստանա և չի արխիվացնի մեր թերթը։ ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ մեր հրապարակումները, որոնք հիմնված են բացառապես իրականության վրա, վերջնականապես հունից հանել են ռեկտորի ԺՊ-ին, դա էլ նրան դրդել է նման որոշման։ Թերթի բաժանորդագրումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկությունը հաստատեցին նաև ԵՊՀ-ից, լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում ասաց․

«ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը տարեվերջին ուզել է, բայց մեզ համար անհայտ պատճառով ԵՊՀ-ն չի բաժանորդագրվել։
 ԵՊՀ գրադարանը ևս «Հրապարակ» չի ստանում»։
Մենք կապվեցինք գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ, նա նույնպես հաստատեց, որ գրադարանը այլևս չի ստանալու «Հրապարակ» օրաթերթ, չնայած,որ 2008 թվականից սկսած արխիվացրել են բոլոր համարները․
« ԵՊՀ-ն չի բաժանորդագրվել, դե երևի նպատակահարմար չի գտել, որ բաժանորդագրվի։ Այն ժամանակահատվածում, երբ ես տնօրեն եմ եղել, մենք թերթը ստացել ենք, նույնիսկ ժամանակ է եղել, որ 2 օրինակ ենք ստացել, տարբեր թերթեր, տարբեր ժամանակահատվածներում ստացել ենք  և միշտ մի օրինակ արխիվացրել ենք, թե հետո ինչպես է լինելու, ես չեմ կարող ասել։

Օրինակ՝ անցած տարի մենք մի օրինակ էինք բաժանորդագրվել, գալիս էր մեր լրատվական, ինչ-որ մի ժամի տրամադրում էին մեզ, մենք դա վերցնում, արխիվացնում էինք»

Հարցրինք, թե ի՞նչ է լինելու արդեն իսկ արխիվացված թերերեի հետ, դա պահելո՞ւ են, թե ռեկտորը դրանք վերացնելու հրահանգ էլ է տվել․

« Չէ, բնականաբար, ինչ-որ ժամանակահատված կա․․․։ Մենք թերթերը տարվա վերջում կարում ենք, դառնում է մի ամբողջ փաթեթ, և այդ փաթեթը արխիվացվում է։ Ինձնից 2 տնօրեն առաջ ասել էին, որ 90 թվականից առաջվա թերթերը մեզ պետք չէ, բայց մենք մինչև հիմա 90 թվականից հետո բոլոր թերթերը ստացել ենք, բոլորը կարած պահած ունենք, ինչը մենք ստացել ենք, արխիվացրել, պահել ենք։ Մենք առանձին կառույց չենք, համալսարանը ինչ ստանում է, մենք արխիվացնում ենք»։

Մենք փորձեցինք կապվել անձամբ Գեղամ Գևորգյանի հետ, սակայն պարզվեց, որ նա ԱՄՆ-ում է, զրուցեցինք պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ, վերջինս ամեն կերպ փորձեց համոզել, որ մեր լրատվամիջոցի դեմ որևէ բան չունեն, սակայն թե ինչո՞ւ են բաժանորդագրությունը դադարեցրել, այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել․

« Մենք սև ցուցակ ոչ մի թերթ չենք գցել, բաժանորդագրվելը կամ չբաժանորդագրվելը սև ցուցակի հետ ի՞նչ առնչություն ունի»,- հարցին հարցով պատասխանեց Բարխուդարյանը։

- Դե այն կապը ունի, որ ԵՊՀ-ն այլևս չի ստանալու և չի արխիվացնելու թերթը, ուսանողները հետագայում չեն կարողանալու օգտվել թերթի արխիվից։

- Դե դուք ուղարկեք, մենք մեծ հաճույքով դա կստանանք։

- Բոլո՞ր թերթերին եք այդպես ասել։

- Ինչ-որ թերթեր բաժանորդագրվում ենք, ինչ-որ թերթեր չենք բաժանորդագվում։ Էդպիսի բան չկա, որ պետք է բոլոր թերթերին պարտադիր ուսումնական հաստատությունը բաժանորդագրվի։

- Ես նկատի ունեմ այժմ հրատարակվող թերթերը, բոլորին այդ նույն պատասխանը տվե՞լ եք։

- Բոլոր թերթերին մենք ունենք շատ հաստակ վերաբերմունք․․․ շատ հաստակ վերաբերմունք․ ինչ-որ թերթերի բաժանորդագրվում ենք, ինչ-որ թերթերի չենք բաժանորդագրվում։

- Ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ վերաբերմունքը։

- Ի՞նչ վերաբերմունք։

- Որ որոշ թերթերի բաժանորդագրվում եք, որոշ թերթերի՝ ոչ։ Ի՞նչ սկզբունքով եք բաժանում լրատվամիջոցներին։

- Դե բոլոր թերթերին ի՞նչ պարտադիր է բաժանորդագրվել։ Եթե ձեզ պետք է, որ արխիվացնենք, ուղարկեք կարխիվացնենք, այդտեղ որևէ խնդիր չկա։

- Բայց Դուք չեք պատասխանում, թե ինչո՞ւ մեր թերթը չպետք է ԵՊՀ-ն ստանա։

- Միշտ բոլոր բաներում ԵՊՀ-ն կարող է ինչ-որ քանակությամբ բաժանորդագրվել, ինչ-որ քանակությամբ՝ ոչ, դա կախված է բազմաթիվ հարցերից։

- Ի՞նչ հարցերից։

- Դե բազմաթիվ հարցերից։

- Օրինակ՝ ի՞նչ հարցից։

- Դե տարբեր հարցերից, միանշանակ չեմ կարող ասել։ Այդտեղ խտրական որևէ վերաբերմունք չկա։ Այն թերթերը, որոնք համարվում են ավելի հետաքրքիր, բաժանորդագրվում ենք։

- Ե՞րբ հասկացաք, որ մեր թերթը այլևս հետաքրքիր չէ։

- Ես այդ որոշման մանրամասներին ծանոթ չեմ, ես կարող եմ ասել հետևյալը, որ Ձեր պնդումը, թե թերթը սև ցուցակում է, ճիշտ չէ։ ԵՊՀ-ն որոշ լրատվամիջոցների բաժանորդագրվում է, որոշ լրատվամիջոցի չի բաժանորդագրվում։

- Հիմա ո՞ր լրատվամիջոցներին եք բաժանորդագրված։
 

- Ես այդ ցուցակը չունեմ, Դուք գրավոր դիմեք, Ձեր բոլոր հարցերին կապատասխանենք։ Մենք նման միսիա չունենք՝ արխիվացնել մամուլը , դա գումարների հետ է կապված, նման միսիա երբեք չենք ունեցել։

- Ինչպե՞ս նման միսիա չեք ունեցել, երբ գրադարանի տնօրենն ասում է, որ 90 թվականից սկսած բոլոր թերթերը  ստացել և  արխիվացրել եք։

- Դե չեմ կարող ասել, Դուք ուղարկեք, մենք հաճույքով կարխիվացնենք։

Նշենք, որ ԵՊՀ-ն մինչ այժմ ստացել է թերթի առավելագույնը 2 օրինակ, մեր թերթի արժեքը 100 դրամ է։