Երեւանի իշխանություն

Երեւանի իշխանություն

Պատերազմն ու ռազմական գործողությունները ստիպում են, որ պետությունը մոբիլիզացնի իր բոլոր ռեսուրսները, իսկ պետական մեքենան սկսի աշխատել 24-ժամյա ռեժիմով։ 2016-ի ապրիլյան քառօրյայի օրերին բոլորս հիշում ենք Բակո Սահակյանի վիճակը, որը կառավարում էր ռազմական իրադարձությունները, ասուլիսներ էր տալիս, շուրջօրյա կապի մեջ էր բոլորի հետ, ովքեր կարող են նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Իսկ Արցախի ՊԲ հրամանատարը չէր հեռանում առաջնագծից։ Հայաստանն էլ անմասն չէր այդ ամենից՝ ողջ պետական մեքենան եւ ՀՀ ՊՆ-ն աշխատում էին սինխրոնացված, ու նաեւ դա էր հաջողության գրավականը։

 

2020-ի պատերազմում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանություններն ու ռազմական պատասխանատուները չկարողացան համախմբված գործել։ Ավելին՝ ՀՀ պաշտպանության նախարարը պատերազմը սկսվելու պահին Հայաստանում չէր, իսկ մյուս օրերին՝ ասպարեզում չէր։ Հին, փորձառու գեներալներին թույլ չտվեցին ակտիվորեն ներգրավվել ռազմական գործի մեջ։ Իրենց թվում էր, թե շուտով հաղթանակ են տոնելու, եւ չէին ուզում, որ այդ դափնիներն ուրիշին հասնեին։ Իսկ ում էլ թույլատրեցին՝ սխալ որոշումներ կայացրին, եւ արդյունքը եղավ այն, ինչ եղավ։

 

Հիմա պատերազմական գործողությունները տեղափոխվել են Հայաստան, որն ունի ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Զինված ուժերի շտաբի պետ։ Թվում է՝ այս բոլոր մարդիկ վերջին օրերին պետք է իրենց բանուգործը թողնեին եւ մեկնեին Սյունիք՝ Սիսիան, Ջերմուկ, այն հատվածները, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Բայց ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ ԶՈՒ ԳՇ պետը, ո՛չ էլ վարչապետը Երեւանից ոտքները դուրս չդրեցին։ Նրանք ասֆալտի գեներալներ են, Երեւանի «խանության» պաշտոնյաներ՝ Սյունիքն ու մեր երկրի սահմանները նրանց չեն հետաքրքրում։