«Հեղաշրջում չէ, հեղափոխություն». Նիկոլը՝ վարկերի տակ կքած ընտանիքին

«Հեղաշրջում չէ, հեղափոխություն». Նիկոլը՝ վարկերի տակ կքած ընտանիքին

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի շնորհիվ ժողովրդի հետ շփվելու նոր ֆորմատ գտավ՝ հեռախոսազրույց քաղաքացու հետ: Կառավարության ղեկավարը ուզում էր ինքն իր համար պարզել,  թե աջակցության սոցիական փաթեթները ինչպես ձևավորի, որ հասնի նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Արդյունքում նա շատ նորություններ իմացավ ՀՀ քաղաքացիների կյանքից:  

Միայն մեկ ընտանիքի հետ շփվելու արդյունքում, օրինակ, նա պարզեց, որ գործատուները, չցանկանալով վճարել իրենց աշխատողներին,  նրանց ստիպում են արձակուրդ ձևակերպել: Սա ՀՀ գործատուների կողմից դեռ Սերժի ժամանակներից ընդունված պրակտիկա է, որը զարմացրեց վարչապետին: Բայց դուք երկու ամսվա աշխատող էիք,  չէ՞, ձեզ արձակուրդ չէր հասնում: «Հին աշխատողներ էլ կան, որ գնում են, իրեն ց հաշվին արձակուրդ են վերցնում: Իրանց էլ նստեցրել են տանը ու ես չգիտեմ, ոնց ա տենց», - ասաց քաղաքացին, որը սննդի առաքիչ էր:

Վարչապետը փորձեց բացատրել, որ այս հարցը կորոնավիրուսի հետ չի կապված: «Կապված ա, - հակաճառեց քաղաքացին, - որովհետև հաճախորդները որ չեն գնում խանութներ, ապրանք չենք տանում»: 

Բայց ամենամեծ բացահայտումը պարտքով կյանքն էր: Փաշինյանին Արման անունով քաղաքացին ու նրա կինը պարզաբանեցին վարչապետի համար վարկով ապրելու բանաձևը. «Վարկ ենք վեկալում, ես վերջին անգամ «Արդշինբանկից» վարկ եմ վերցրել 5 հազար, երկու ամսվա ամսական վճարումները կատարել ենք, մնացածը՝ հաց ու ջրի, կոմունալի ենք տվել, աշխատում ենք յոլա գնալ»: Քաղաքացին ասաց, որ այդ վերջին գործարքից մնացել է 5000 դրամ, որը երկու օրից կվերջանա ու ինքը էլի  կգնա բանկերով: Արդյունքում ընտանիքի մայրը մոտ 5 մլն վարկ ուներ, մյուս անդամը ընդամենը 1,5 մլն: Այս ընտանիքը ուներ «կանաչ» վարկային պատմությունը, ինչը ուրախացրեց վարչապետին: Փաշինյանը մոռացավ կորոնավիրուսը, սկսեց մխիթարել աղքատ ընտանիքին, ասելով՝ կարևորն էլ դա է, որ լավ վարկային պատմություն ունեք, թե չէ  ձեզ էլ վարկ չէին տա, խորհուրդ տալ, որ դիմեն Փարոս: Կողքից մեկը մտավ. «Ախպորս ընտանքին էլ լսեք, երկու երեխա, հաշմանդամ մայր՝ նպաստ չեն տալիս իրան, վարկը որ շատ ա, տելեվիզրով էլ մի լավ բան չկա, որ նայենք»: Ընտանիքի անդամներին դուր եկավ խոսել վարչապետի հետ: Նրանք իրարից հեռախոսը խլում էին ու իրենց դարդերն էին պատմում, ձեռքի հետ շողոքորթելով, թե էն հեղաշրջումը: «Հեղաշրջում չէ, հեղափոխություն», - նրանց զգուշորեն ուղղեց վարչապետը:

Վերջինս էլ ասելու այլ բան չուներ այս  մարդկանց, բացի՝ կհղթահարենք, կտեսնեք, ինչը Նիկոլը կրկնեց ջիգյարով ու մի քանի անգամ կրկնեց: