Աստված կորոշի՝ իրեն ով կների, ով ոչ, բայց ես չեմ ներում 

Աստված կորոշի՝ իրեն ով կների, ով ոչ, բայց ես չեմ ներում 

Գերիների մասին իր վերջին հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց զայրացնել ու բորբոքել նույնիսկ մարդկանց, որոնք, ինչպես խոստովանում են, մեր հայրենիքի ու մեզ հետ կատարվող այս ամեն ինչից հետո դարձել են անտարբեր, դեպրեսիվ և անհաղորդ։

«Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պարոնը, որը նաև ԶՈւ-ների գլխավոր հրամանատարն է, ի լուր աշխարհի հայտարարեց, թե Հայաստանը չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի պատճառով պատերազմի մեջ ներքաշվել։ Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ապա ի՞նչ եք կարծում, որ մի զինվորն է հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնալու։ Գլխավոր հրամանատարի փախուստից հետո սպասո՞ւմ եք ինչ-որ մեկի նահատակությանը։ Մի՞թե այդ մարդը չի ամաչում, երբ իր զինվորները զանգվածաբար վայր են դնում զենքերը և գերի ընկնում։ Վատ չի՞ զգում դրանից, սրտից արյուն չի՞ հոսում, թե՞ թքած ունի և հանուն իր քաղաքական մանիպուլյացիաների պատրաստ է նույնիսկ մանրադրամ դարձնել ողբերգական ճակատագրի արժանացած զինվորներին։ Թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն։ Կամ հանուն ինչի՞ նրանք պետք է կռվեն, եթե ներքին համոզմունք ունեն, որ դիրքերը բանավոր պայմանավորվածությամբ արդեն իսկ զիջված են, ինչի՞ իրենք իրենց պայթեցնեն, եթե համոզված են, որ իրենց ետևից ոչ ոք չի գնալու, և իրենք ընդամենը վիճակագրություն են դառնալու»,- գրել էր Կարպիս Փաշոյանը։

44-օրյա պատերազմում եղբորն ու եղբոր որդուն կորցրած Արսեն Ղուկասյանը բաց տեքստով ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ոտերս կերավ, որ տենց բան է ասել։ Եթե ինքն ուզում է քննություն անի, թող մի հատ 1 տարի առաջվա գերի ընկած էրեխեքի քննությունն արե՞լ ա, պարզե՞լ ա ոնց են գերի ընկել»։ Արսեն Ղուկասյանն ասում է՝ անկախ ամեն ինչից, ամեն մարդ չի կարող նռնակն ու իրեն պայթեցնել։ Վերջին դեպքերի հետ կապված՝ ասում է․ «Ես կարծում եմ՝ ինչպես միշտ, տեղի են ունեցել ստոր դեպքեր։ Մառալնի ճնշելով, զինվորին․․․ ես էսօր մի պարզ-հասարակ բան եմ հասկացել․ որ մեր երկրում ամենաանարժեքը զինվորն է։ Էս երկրի համար զինվորն արժեք չունի։ Բայց իմ համար ունի իմ զինվորը։ Ու ամեն մեկի համար ես պետք է պայքարեմ»։  

Նիկոլ Փաշինյանը, ինչպեսև ամեն ինչում, գերիների հարցով տարբեր ժամանակներում տարբեր, իրար հակասող բաներ է ասում, մեկ՝ գերիների նկատմամբ «չանմեղության կասկած», մեկ՝ գերիները «մեր եղբայրներն են» (15 գերիների` Հայաստան տեղափոխման ժամանակ), մեկ` ոչինչ, մեր եղբայրները Բաքվի բանտում մի քիչ էլ կսպասեն, կներեն։ Արսեն Ղուկասյան․ «Թե իրան ոնց կների, ինչ կների, թող Աստված որոշի՝ ով կների, ով՝ ոչ։ Ես չեմ ներում»։

Նիկոլ Փաշինյանը գերեվարվելու հետ կապված ԱԺ-ում հղում արեց զինվորական կանոնադրությանը, որ, մոտավորապես, խնդիր չկա, երբ գերի է ընկնում անզեն ու գիտակցության կորուստ ունեցող զինվորը։ Իրավապաշտպան, Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը չի առարկում․ այո, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է քրեական հոդված կամովին գերի հանձնվելու կապակցությամբ։ Ինչպես նաև ռազմական հանցագործությունների թվին են դասվում՝ դասալքություն և այլն․ ՀՀ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի կարգավորումը՝ կամովի գերի հանձնվելու վերաբերյալ վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Բայց իրավապաշտպանն արձանագրում է, որ նախկին դեպքերով էլ են դրանք քննության առարկա դարձել և դառնում են։ «Բայց, ինչպես տեսնում ենք, նախկին դրվագներով հիմնավորված դեպքեր չեն եղել, և մարդկանց մեղադրանքներ չեն առաջադրվել»,-ասաց Սահակյանը։ Նա հիշեցնում է, որ պետությունն էլ պարտավորություններ ունի զինվորների նկատմամբ․ պայմաններ ստեղծելը, պատշաճ մատակարարումներ իրականացնել՝ ռազմամթերք, սննդամթերք և այլն։ «Բայց եթե պետությունն այդ պարտականություններն իրականացնում է, և հրաժարվում են մարտի բռնվել այն պարագայում, երբ հակառակորդը ոչնչացնում է հայկական կողմին, դա անթույլատրելի է»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից, 1990թ. ծնված ավագ լեյտենանտ Տարոն  Սահակյանի մարմինը` խոշտանգված վիճակում։ «Դեպքը նոր միջադեպի է առնչվում, իսկ թե գերեվարվել, սպանվել է, մարտի դաշտում է սպանվել, թե հետո, որևէ մեկն այս պահին չի կարող այդ հարցի պատասխանը տալ, պետք է որոշ հանգամանքներ պարզաբանվեն, այդ թվում՝ հայտնաբերման վայրը, փորձաքննությունը և այլն։ Եվ նաև կասկածելի է, որ օդանավով են բերում, մարտի դաշտում ընկածներին այլ ճանապարհով են փոխանցում»։ Կասկածներ ասելով էլ նկատի ունի, որ գերեվարվել, նոր է սպանվել։ «Փաստինֆո»-ին Տարոն Սահակյանի հարազատները պատմել են, որ ոչ հստակ, բայց տվյալներ ունեն, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։ Պաշտպանության նախարարությունը տեղեկությունն անմիջապես հերքեց։