Կիևին փոխանցեք Զելենսկու և մյուս թալանչիների ունեցվածքը, ոչ թե ՌԴ-ի ակտիվները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է ԵՄ իշխանություններին՝ չփոխանցել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային։ Փոխարենը նա ԵՄ առաջնորդներին առաջարկել է Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի օլիգարխների ունեցվածքը փոխանցել պաշտոնական Կիևին։
Զախարովան Telegram ալիքում խոսել է ռուսական ռեսուրսներն իր շահերի համար օգտագործելու՝ Կիևի ծրագրերի մասին։
«Զելենսկին ԵՄ-ին խնդրել է 300 միլիարդ դոլար տրամադրել ի հաշիվ ռուսական ակտիվների: Եվրամիությունը գիտի, թե դա ինչպես կավարտվի իրենց համար։ Մենք անկեղծորեն զգուշացրել ենք, որ դա շատ ցավալի է լինելու»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Եվրամիությունը տեղեկություններ ունի, թե ուկրաինացի պաշտոնյաներն ու օլիգարխները քանի ունեցվածք են ապօրինի յուրացրել և որտեղ են թաքցնում դրանք։
Ռուսական ակտիվները բռնագրավելու փոխարեն՝ Զախարովան առաջարկել է ուկրաինացիներին «բռնագրավել Զելենսկու և նրա հարազատների ունեցվածքը», ինչը, ընդհանուր առմամբ, կարելի է համեմատել Արևմուտքում Ռուսաստանի սառեցված միջոցների ծավալի հետ։
«Եթե դուք քերեք Պորոշենկոյի, Յացենյուկի, Կոլոմոյսկու, Կլիչկոյի, Ավակովի, Տյագնիբոկի և մնացած թալանչիների տակառի հատակը, որոնք ուկրաինական պետությունը փլուզեցին, երկիրը վաճառեցին և սպանեցին քաղաքացիներին, ապա Ուկրաինայի տնտեսությունը կարող է վերականգնվել»,- վստահեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Զելենսկին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում դիմել է ԵՄ երկրներին՝ պահանջելով մշակել ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու մեխանիզմ։ Նա հավելել է, որ ակտիվների կալանքը դաս կլինի Մոսկվայի համար։
Ռուսական կողմը գտնում է, որ ակտիվների սառեցումը գողություն է և խոստանում է վճռական պատասխան, եթե միջոցները բռնագրավվեն։
Կարծիքներ