Ես երևի կլինեմ ամենավերջին մարդն, ով կորոշի Հայաստանը լքել
«Հրապարակի» զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:
- Պատերազմից հետո Արցախը, արցախահայությունը բավականին ծանր վիճակում են հայտնվել: Տարբեր ելքեր են առաջարկվում: Դուք ինչպե՞ս եք տեսնում Արցախի, Հայաստանի ապագան:
- Ես քաղաքական գործիչ չեմ: Իմ կարծիքն այն է, որ հայրենիքին պետք է վերաբերվել բացառիկ սիրով ու նվիրումով:
- Ոմանք պնդում են, թե Արցախը մերը չէ, ավելին` Արցախն Ադրբեջանինն է:
- Մի բան է, որ դու ինչ-որ բան ես կարծում և լրիվ այլ բան է, թե աշխարհում ինչ են մտածում այդ մասին և դու նրանց դեմ գնալ չես կարող, սակայն դա չի նշանակում, որ Արցախը մերը չէ: Արցախը մերն է ու միշտ էլ եղել է մերը: Ես հավատում եմ, որ գալու է Արցախը պաշտոնապես մերը ճանաչելու ժամանակը:
- Այսօր մարդկանց մտածողությունը բավականին փոխվել է: Եթե համեմատական անցկացնենք այսօրվա և երեկվա հասարակության միջև, ի՞նչ տարբերություններ եք տեսնում:
- Մտածողության մեջ այնքան էլ փոփոխություններ չեմ տեսնում, սակայն այսպիսի խայտառակ քանակի ագրեսիա, որ ուղղակի անհնար է պատկերացնել, այն չի կառավարվում բանականությամբ: Կարևոր չէ դու ինչ ես մտածում, ինչ ես խոսում, եթե դու փորձում ես ինչ-որ մեկի հետ, ինչ-որ բան քննարկել, դա վերածվում է վեճի, դառնում է կռիվ, տուրուդմփոց: Մարդիկ ամեն ինչի նկատմամբ շատ վատ են տրամադրված, երևի պատմական շրջան է պարզապես, որոշ ժամանակ է պետք, որպեսզի բանականությունն էմոցիաներին գերիշխի:
- Հասարակությունը ե՞րբ դարձավ այսքան ագրեսիվ:
- Վաղուց էի նկատել, արդեն քանի տարի ես բողոքում եմ դրանից: Ինձ ասում են, որ շատ եմ կենտրոնացել ագրեսիայի վրա, սակայն արի ու տես, որ հենց ագրեսիայի պատճառով մի շարք սխալ ու վնասակար դեպքեր են տեղի ունենում, անգամ մարդկային հարաբերություններում:
- Մի կողմից ագրեսիան, մյուս կողմից` երկրում առկա խնդիրները: Արվեստի մարդուն այս ամենը չի՞ խանգարում ստեղծագործել:
- Իհարկե, այս պայմաններում աշխատելը շատ դժվար է: Էմոցիաները սպառվում են, մարդկանց մոտ բոլոր տեսակի էմոցիաներն ագրեսիայի են վերածվել: Ինձ համար շատ ցավալի է սա: Նույնիսկ հասարակ մարդկային հարաբերություններում այս ամենը բազում խնդիրներ է առաջացնում: Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող հիստերիային, այն արդարացված չէ: Իրար վիրավորելու, նսեմացնելու, ցածրացնելու փոխարեն, պետք է էներգիան ճիշտ օգտագործենք: Ավելի ստեղծագործ, ավելի արարիչ ուղղությամբ է պետք մտածել: Եթե այդ նույն էներգիան օգտագործենք ստեղծագործելու, արարելու ուղղությամբ, ապա միանշանակ մեծ հաջողություններ կարձանագրենք:
- Շատերն այս իրավիճակից հիասթափված արտագաղթում են: Դուք այդ մասին երբևէ չե՞ք մտածել:
- Ես երևի կլինեմ ամենավերջին մարդն, ով կորոշի Հայաստանը լքել: Ես շատ կպած եմ այս հող ու ջրից: Միայն այդ մտքից, որ կարող է մի օր Հայաստանի հեռանամ, սարսափ եմ ապրում: Դեռևս կենսական պայմաններն ինձ Հայաստանը լքելու, կամ չլքելու երկիընտանքի առաջ չեն կանգնեցրել:
- Երկրում կայունություն ապահովելու ի՞նչ ելքեր եք տեսնում:
- Անկախ ամեն ինչից, իրար պետք է սիրել, ոչ թե բռնել իրար ոտքից ու քաշել անդունդը. Ես աշխատանք չունեմ, էնպես անեմ՝ հարևանս էլ չունենա, իմ բիզնեսը լավ չի աշխատում, էնպես անեմ՝ հարևանիս բիզնեսն էլ վատ աշխատի, երգչուհին նոր երգ է երգում, երգի տակ վատ մեկնաբանություններ գրեմ, մյուսին բլոկ անեմ, չգիտեմ ինչեր անեմ… նեգատիվը շատ է: Պետք է դրանից ազատվել: Ես չեմ ասում, թե ամեն ինչից ես գոհ եմ, բայց ես ուզում եմ, որ բոլորի մոտ դրական փոփոխություններ լինեն: Իմ էությամբ ես լավատես մարդ եմ: Համատարած չարութունն ինձ բերում է հոգեկան ծանր անհավասարակշռության: Ես էլ երբեմն էմոցիաներիս ազատություն տալիս եմ, սակայն որևէ մեկի վատը չեմ կամենում: Մարդիկ պետք է նաև հասկանան, որ անձնական շահը չի կարելի գերադասել պետական շահից:
Կարծիքներ