Նոր մոնոպոլի՞ստ, թե՞ անտերություն

Նոր մոնոպոլի՞ստ, թե՞ անտերություն

Երևանի Զվարթնոց օդանավակայանից մեկնող ուղեւորները հայտնվել են մանր խարդախության սարդոստայնում, որը կարող է նաև նյութական մեծ վնասների պատճառ դառնալ։ Փարաքար գյուղում՝ հենց ճանապարհին ձեզ առաջարկում են ճամպրուկները փաթեթավորելու ծառայություն, որնը ավելի էժան է, քան օդանավակայանի ներսում։ 1000 դրամ՝ 2500-ի փոխարեն։ Սակայն վերջերս այս բիզնեսի ներսում հավանաբար մոնոպոլիզացիայի պայքար է ընթանում և ճարպիկ օդանավակայանցիք շարքից դուրս են բերում փարաքարցիներին, իսկ ոչ պակաս ճարպիկ փարաքարցիք՝ չեն զիջում դիրքերը։ Ու այս անշնորք վիճակից տուժում են քաղաքացիները։

Բանն այն է, որ սահմանվել է ճամպրուկների ախտահանման պրոցեդուրա։ Եվ ախտահանման են ենթակա միայն չփաթեթավորված ճամպրուկները։ Այսինքն, Փարաքարում փաթեթավորած և 1000 դրամ վճարած ճամպրուկի փաթեթը պետք է ուղևորը պատռի, դեն նետի, օդանավակայան մուտք գործելիս անցնի ախտահանում, ստանա համապատասխան կտրոն և դրանից հետո փաթեթավորի իր ճամպրուկը՝ վճարելով ևս 2500 դրամ։ Երբեմն ուղևորի մոտ կանխիկ հայկական դրամ չի լինում, չէ որ նա հեռանում է երկրից եւ ճամպրուկը հանձնվում է բաց վիճակում, այսինքն՝ իրերի մի մասը բեռնային բաժանմունքում կարող են անհետանալ։

Ի դեպ ախտահանման մասին։ Ինչո՞ւ չի կարելի ախտահանել փաթեթավորված ճամպրուկը։ Եթե ճամպրուկը հարկավոր է ախտահանել, ինչու չեն ախտահանվում մարդկանց արտահագուստը՝ վերարկու, կոշիկ և այլն։ Եւ ինչպես համոզվել, որ սովորական մետաղորսիչ սարքը իրոք ախտահանում է։ Եվ ինչու տեղի ոստիկանությունը չի բռնում փարաքարցի փաթեթավորողներին, որոնք գիտեն, որ իրենց փաթեթը մեկ րոպե անց դեն է նետվելու, բայց շարունակում են, ըստ էության, մարդկանց խաբել։ Ինչու օդանավակայանը, Քաղավիացիայի վարչությունը չեն կասեցնում մոնոպոլիզացիայի այս անամոթ ընթացքը, որի արդյունքում մարդիկ են տուժում և երկիր է վարկաբեկվում։ Որտեղ է ոստիկանությունը։ Իսկ մարդկանց բողոքները տեղում հանդիպում են օդանավակայանի տարբեր ծառայությունների աշխատակիցների նույն պատասխանին՝ մենք փոքր մարդ ենք, դա մեր գործը չէ և այլն։